|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գող` սիրտը դող11:54 Yerevan | 7:54 GMT | Wednesday 2 July ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկվա ասուլիսից ժամեր անց արձագանքել է վերջինիս կողմից ասուլիսի ընթացքում արված սենսացիոն բացահայտմանը: Խոսքը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա.Գ. Միրզոյանի` Վայոց Ձորի մարզի դատախազ, երրորդ դասի պետական խորհրդական Հ.Ս.Պալյանին ուղղված քննչական հանձնարարականի մասին է: ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ կառույցը ոչ միայն չի հերքում Տեր-Պետրոսյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները, այլ նաեւ խոհեմաբար ընդունում է դրանք` խոստովանելով, որ մարտի 1-2-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարբեր մարզերում եւս քննչական գործողություններ կատարելու հանձնարարություններ են տրվել, այդ թվում նաեւ Վայոց Ձորի մարզի իրավապահ մարմիններին: ՀՔԾ-ն հընթացս «մերկապարանոց եւ անհեթեթ է որակել Լեւոն Տեր-Պետրոսյանի` փաստաթղթի առնչությամբ արված կոշտ մեկնաբանությունները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարմինը, որին տրվում է քննչական հանձնարարությունը` չի տիրապետում քրեական գործի փաստական տվյալներին, ուստի հանձնարարության մեջ նշվում են քրեական գործի տվյալները, պարզաբանման ենթակա հարցերը եւ կոնկրետ քննչական գործողությունների տեսակը, որի միջոցով հնարավոր է ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ: Նկատի ունենալով, որ սկզբնական փուլում, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները որոշակի վարձատրության դիմաց հավաքագրվել են կազմակերպիչների կողմից, որպիսիք մարդկանց հավաքագրել են ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ մարզերում, ուստի նրանց բացահայտելու նպատակով կոնկրետ հարցադրումներ անելու պահանջ է դրվել տրված քննչական հանձնարարություններում», - ասված է ՀՔԾ-ի կողմից տրված ցուցմունք-պարզաբանման մեջ: Համաձայնեք` ավելի փայլուն խոստովանություն, քան քիչ վերը ներկայացվածն է, հնարավոր չէր ակնկալել այդ «հատուկ» մարմնի կողմից: «Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական մարմնից գաղտնի: Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կողմերին տվել է հենց նախաքննական մարմինը», - ասված է պարզաբանման մեջ: Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանի երեկվա ասուլիսում «փաստաթղթի»` գաղտնի ճանապարհով հայթայթելու մասին խոսք անգամ չի եղել: ՀՔԾ-ն, փաստորեն, սիրողական մակարդակով աշխատելուց զատ, նաեւ մոգոնելու, փաստը խեղաթյուրելու հակումներ էլ ունի: Եվ զուր է պատեպատ խփվում` Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը որպես «իրականությունը խեղաթյուրելու, հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հատուկ քննչական ծառայությանը քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու ձախողված փորձ» որակելով: Ակամա հիշում ես հայտնի ասացվածքը` «Գող` սիրտը դող»: Հ.Մ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |