“Zhamanak” Armenian-American Political Daily

Նախորդ տարվանից տրամադրված մարդասիրական միջանցքը դեռեւս բաց է

10:35 Yerevan | 6:35 GMT | Tuesday 8 July 2008

...Բայց գնալով` նեղանում է: Ու եթե մի ժամանակ հնարավոր էր ցանկացած քայլքով անցնել նրանով, այժմ մնում է միայն պատերին քսմսվելով անցնելու տարբերակը: Բայց շուտով այդ հնարավորությունն էլ կվերանա...

Նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ բազմաշերտ ելույթ ունեցավ: Սակայն այդ ելույթի բազմաշերտությունը չէր միայն դրա առանձնահատկությունը, այլ այն, որ յուրաքանչյուր շերտն իր հերթին նաեւ միանգամից եռամիասնական խնդիր էր լուծում:

Նախեւառաջ` այդ շերտերից յուրաքանչյուրն էլ ուղղված էր թե ներսի բազմաշերտ, թե դրսի լսարանին: Եվ ոչ միայն իր ամբողջության մեջ, այլեւ` ստույգ տարբաժանված: Թե արմատական, թե չափավոր, թե չպայքարող համակրին էր այն վերաբերում, թե հուսահատին, թե իշխանություններին:

Դրսի մասին խոսելն ավելորդ է, քանզի ամեն ինչ հստակորեն պարզ է ելույթից:

Ծրագրային հիմնադրույթները երկրորդ շերտն էին: Ի դեպ` մեկ ուշագրավ առանձնահատկություն եւս. ծրագրային հիմնադրույթներ` ոչ միայն Համաժողովրդական Շարժման համար, այլեւ...իշխանությունների: Դրանք, մեծ հաշվով, իշխանությունների համար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նետված փրկօղակ կարելի է համարել: Դժվար է ասել` կօգտվե՞ն, արդյոք, իշխանությունները դրանից, թե՞ ոչ:

Դե իսկ եվրոպաներին ուղղված խորհուրդները դժվար է, անշուշտ, հիմնադրույթներ համարել, քանի որ դրանք առաջնահերթ քայլեր են նախատեսում միայն:

Ինչեւէ:

Եվ երրորդ շերտը, ինչպես եւ նախորդ հանրահավաքի ընթացքում էր` ներքին, աշխատող շերտն էր: Որն աշխատելու է արդեն սեփական տրամաբանությամբ, բայց նախապես տրված ծրագրով:

Առանցքայինը, ամեն դեպքում, իշխանություններին մարդասիրական միջանցք թողնելու դրույթն էր, որի մասին խոսեց նախագահը: Դժվար է, անշուշտ, նույն այդ իշխանությունների համար հասկանալ հնչած քաղաքական հայերենը (նկատի ունենք թե առանձին բաղադրիչները, թե դրանց միասնությունը), բայց լավ խորհրդականներ ունենալու դեպքում միանգամայն հնարավոր ենք համարում: Կարդալ-պատմելու տարբերակով: Բայց այդ խորհրդականները պետք է խորհուրդ տան, թե ինչպես շտկեն իրենց այդ խախուտ վիճակը, ոչ թե` թե որ քրեականի սափրագլուխներին ուղարկեն կին ծեծելու կամ էլ մարդ գողանալու:

Իսկ պատկերը շատ պարզ է: Իշխանությունների համար թողած մարդասիրական միջանցքը գնալով նեղանում է եւ շուտով, եթե ոչ շատ շուտով` կարող է իսպառ փակվել:

Ու իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե հնարավոր երեք տարբերակներից որն են ընտրում իրենց համար. 1. կոշտ առճակատում` իշխանությունը վերջնականապես եւ անվերադարձ կորցնելու ամենահավանական ելքով, 2. Շարժման դրած պահանջների կատարում` երկխոսության հեռանկարով, 3. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնց ընդառաջ արժե գնալ նույն այդ մարդասիրական միջանցքն օգտագործելով, ոչ թե կոշտ առճակատմամբ:

Իշխանություններն իրենք պետք է ընտրություն կատարեն այս հնարավոր տարբերակների միջեւ:

Ժամանակն այնքան էլ շատ չէ: Ըստ էության ընդամենը կամ էլ` ամբողջ երեք շաբաթ, այսինքն` մինչեւ օգոստոսի 1-ի Համաժողովրդական Շարժման հերթական համահանրապետական հանրահավաքը: Եթե հաշվի առնենք իշխանությունների առանձնահատուկ ունակությունները` այնքան էլ երկար ժամանակ չէ մտածելու-որոշում ընդունելու-մտածված` ընդունված որոշումը իրականացնելու համար:

Արդյունքը նույնն է լինելու` իշխանափոխություն: Պարզապես դեպի դա գնացող ճանապարհները կարող են տարբեր լինել. անցավ, քաղաքակիրթ, ժողովրդանպաստ: Թե չէ ընկել եք էլի կեղծ ընդդիմություն սարքելու գործին: Էն արտաշ-մարտաշները ձեզ խրատ չէի՞ն: Վազգեն-արթուր-մյուսներն էլ ձեզ նվեր:

Հերթական անգամ գնդակ կոչվածն իշխանությունների դաշտում է:

Եվ նրանից, որ իշխանությունները դա փորձում են չնկատելու տալ` գնդակը չի անէանում:

Ջուր չի` որ գոլորշիանա:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.