“Zhamanak” Armenian-American Political Daily

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

10:33 Yerevan | 6:33 GMT | Tuesday 8 July 2008

Կարինե Հարությունյան

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Սա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 21-րդ հոդվածն է: Օրենքն ուժի մեջ է մտել 2004-ի հունվարի 1-ին: ՀՀ գործող պաշտպանը անցել է իր պարտականություններին դրանից երկու տարի հետո` 2006-ի փետրվարին: Եվ միայն օրերս` հուլիսի 4-ին Արմեն Հարությունյանը ի պաշտոնե դիմել է ԱԱԾ տնօրենին` օրենքով նախատեսված կարգով իր եւ իր ընտանիքի անդամների պաշտպանությունն ապահովելու խնդրանքով: Դիմումի մեջ գրված է. «...Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պաշտպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով»:

Մարտի 1-ին պաշտպան Արմեն Հարությունյանին Ֆրանսիայի դեսպանատան մոտ ոստիկաններից մեկը հարվածեց, քանի որ պաշտպանը ժողովրդի հետ էր եւ փորձում էր ժողովրդին պաշտպանել: Նա ժողովրդի հետ էր եւ է դրանից հետո էլ: Նույնիսկ խոսակցություններ կային, որ Արմեն Հարությունյանի հարազատները հետապնդման են ենթարկվում, թեեւ ինքը` ՄԻ պաշտպանը ժամանակին հերքեց նման լուրերը: Այնուհետեւ հրապարակվեց Պաշտպանի արտահերթ զեկույցը, որը հետագայում ենթարկվեց կատաղի քննադատության, մասնավորապես գլխավոր դատախազի կողմից: Իսկ մեր կողմից հնչած «Արդյո՞ք ճնշումներ եղե՞լ են» հարցին ի պատասխան Պաշտպանը ասաց. «Ոչ»: Արմեն Հարությունյանը երեկ էլ հերքեց մեր հերթական կասկածը, թե արդո՞ք պաշտպանին կամ նրա ընտանիքի անդամներին ճնշում են` նկատի ունենալով վերը հիշատակված ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտպանի դիմումը. «Նման բան չկա: Պարզապես մտածեցի, որ եթե օրենքով հասնում է, ինչու չդիմել»:

Դե, եթե ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը իր` հայտնի դիմումի մեջ չի պատճառաբանում իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու խնդրանքը, որն, ինչպես նշեցինք, օրենքով նախատեսված է, ապա մեզ մնում է ենթադրություններ անել: Այս դեպքում, կարծում ենք, երեք վարկած կարող է լինել: Առաջին. ՄԻՊ Արմեն Հարությունյանը նոր է իմացել օրենքի այդ կետի մասին եւ նոր է գլխի ընկել, որ կարելի է` ինչու՞ ոչ: Երկրորդ. որ Պաշտպանը միայն նոր է զգում պաշտպանության կարիք: Եվ երրորդ. գիտի, որ շուտով զգալու պաշտպանության անհրաժեշտություն: Իսկ յուրաքանչյուր վարկած նաեւ հարցեր է ենթադրում. ինչպե՞ս է, որ ՄԻ պաշտպանը, իրավաբան լինելով հանդերձ, երկու տարի աշխատելուց հետո միայն իմացավ, որ իր վարած պաշտոնի մասին օրենքում նման հոդված կա: Երկրորդ. եթե պաշտպանը միայն նոր է զգում դրա անհրաժեշտությունը, ուրեմն` ի՞նչ է պատահել: Եվ երրորդ. եթե Արմեն Հարությունյանը գիտի, որ շուտով զգալու է դրա կարիքը, ապա ի՞նչ գիտի, որ մենք չգիտենք:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.