“Zhamanak” Armenian-American Political Daily

Օհան Դուրյան Նախագահը՝ Լեւոնն է

10:32 Yerevan | 6:32 GMT | Tuesday 8 July 2008

Հայաստանում այսօր ամեն ինչ ոտքից գլուխ շուռ եկած է. ոչ մի բան իր տեղում չէ, ոչ մեկն իր դերում չէ. կեղծողը, լցնողը, խաբողը, ջարդողն ու սպանողը երկիր են ղեկավարում, բարգավաճում ու իրենց վիզն են հաստացնում, իսկ ով փորձել է կեղծիքը կանխել, իր ձայնը պահել, կանգնել ազատության, արդարության համար` ծեծվել է, սպանվել, բանտերում է, հացադուլի մեջ է: Այսպիսի անմարդկային վիճակ մեր ժողովուրդը, իհարկե, չի հանդուրժի:

Բոլոր ձերբակալվածներին ես համարում եմ մեր ժողովրդի հպարտությունը, շատերին կճանաչեմ անձամբ, հիացած եմ նրանց կենսագրությամբ: Համբուրում եմ բոլորին. մեկ-մեկ. վստահաբար, շուտով արդարությունը կհաղթի: 10 օր առաջ խնդրեցի կնոջս ու իմ բարեկամ Վահան Վարդապետյանին տանել ինձ` Սմբատ Այվազյանին տեսակցելու: Սմբատին շատ եմ կարոտել, ուզում էի տեսնել, ճակատը համբուրել եւ հետ դառնալ: Մեկ ժամ սպասելուց հետո ինձ հայտնեցին, որ նախապես պետք է դիմել արդարադատության նախարարություն: Ես էլ, որ կյանքումս ամենից շատ հարգել եմ օրենքը եւ միշտ օրինապաշտ եղած եմ, նաեւ ձեր միջոցով դիմում եմ` ինձ հայտնել, թե երբ կարող եմ տեսնել Սմբատին:

Բոլոր դեպքերում, ամոթ ձեզ, ամոթ մեզ, որ Սմբատի պես տղան ու մնացած բոլորը բանտերում են: Ով Սմբատին եւ իր պես մյուսներին ձերբակալել է, նա ոչ Հայաստանն է սիրում, ոչ Ղարաբաղը, ոչ էլ տղամարդկություն ունի: Նրանց ձերբակալել են` որ մեզ վախեցնեն. որ ի՞նչ, որ ե՞տ կանգնենք պայքարից:

Թող այսօր Ս.Սարգսյանը ցույց տար, թեկուզ այսքան ուշացումով, որ ինքը պատրաստ է թշնամանքը, ատելությունը մեղմելու, որ ինքը ինքնուրույն է, ինքն է ամենաբարձր ղեկավարը եւ իր ուսերին մյուսը չի նստած: Թող ազատ արձակեն քաղբանտարկյալներին, պատժեն իրական հանցագործներին: Այն օրվա փաստաթուղթը, որ հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեր պետության, մեր իշխանության այլասերվածության, կործանման, ամոթի ապացույցն է, դրա հեղինակներն են պատժի արժանի, եթե Ս.Սարգսյանը փոքր-ինչ մտածում է իր, մեր եւ երկրի հեղինակության մասին:

Քանի ազատության եւ ժողովրդավարության համար պայքարողները բանտերում են, իմ ժողովուրդը հանգիստ չի ունենալու. քանի մարտի 1-ի պատասխանատուները ազատ շրջում են, իմ ժողովուրդը հանգիստ չի ունենալու:

Ճիշտն ասած, անցած 10 տարիներին միշտ անհանգիստ եմ եղել, երբ տեսել եմ ժողովրդիս անտարբեր, թմրած վիճակում: Այսօր անհանգիստ չեմ, որովհետեւ տեսնում եմ հիանալի, պայքարող ժողովուրդ, քաջ կանայք եւ երիտասարդներ եւ իմաստուն առաջնորդ: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եվրոպային, աշխարհին ցույց կտան, որ մենք մեր ուժերով Հայաստանում հաստատելու ենք դեմոկրատիա: Թող ոչ մեկը չփորձի խանգարել մեզ: Միեւնույն է` չեն հաջողելու:

Յուրաքանչյուր հայ, ով մտահոգված է մեր ապագայով, Ղարաբաղի ապագայով` պետք է մոռանա իր կուսակցականությունը, իր անձնականը, պետք է հասկանա, որ այսօր, այս վիճակով ոչ մի բանի չենք հասնի, մինչեւ չհաստատվի դեմոկրատիա եւ օրինավոր իշխանություն: Համախմբումը, միասնությունը միայն օրինավոր իշխանությունը կարող է իրականացնել: Ամեն մի կոչ՝ համախմբվելու կեղծ, ոչ օրինավոր իշխանության շուրջ, ի սկզբանե ազնիվ չէ:

Օրինավոր նախագահին ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել. բոլորը հաշվի կնստեն նրա հետ: Կամ` սիրով կամ` պարտադրված:

Իմ նախագահը, Հայաստանի եւ նրա օրինապաշտ քաղաքացիների նախագահը Լեւոնն է, որ, իրոք, նախագահի կշիռ ունի. հպարտություն է պետության եւ ժողովրդի համար այսպիսի նախագահ ունենալը: Մինչեւ իր նստավայրում հաստատվելը նա շատ մեծ գործ կատարեց ու շարունակում է կատարել. մեզ սովորեցրեց ու սովորեցնում է պայքարել, կամք դաստիարակեց մեր մեջ, հավատ` հաղթանակի հանդեպ: Միայն նա անձնազոհաբար մտավ պայքարի մեջ, թեւ ու թիկունք եղավ մեզ, մենք էլ` միասնաբար, իրեն: Այսօր ոչ մեկը իրեն լիարժեք փոխարինել չի կարող, ինքն է Աստծո պարգեւը այսօրվա Հայաստանին համար: Վաղը, մյուս օրը իր պատրաստած, ավելի երիտասարդ ու եռանդուն փոխարինողները թող լինեն: Նա իր գործի վարպետն է. խոսում է խորիմաստ, մատչելի. երբ մի փոքր ուշանում է իր խոսքը, այդ դեպքում եմ միայն անհանգստություն ապրում: Երբ լսում ես իրեն` վստահություն, հանդարտություն ես ձեռք բերում: Նախորդ հավաքին հրաշալի միտք հայտնեց իմ նախագահը, որ մեր Շարժումը օրինավոր, օրինապաշտ է, մեր օրինապաշտ գործունեությամբ էլ հաղթելու ենք օրենքի թշնամիներին:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.