“Zhamanak” Armenian-American Political Daily

Սափրագլուխներն առեւանգել են, տարել... ոստիկանություն

10:29 Yerevan | 6:29 GMT | Tuesday 8 July 2008

Մարինե Խառատյան

Երեկ ցերեկը` ժամը մոտ 15.30-ին Հյուսիսային պողոտայում անհանգիստ վիճակ էր. նստացույցի մասնակիցների ու ոստիկանների աչքի առաջ մարդ էին առեւանգել:

11...887 համարներով արծաթագույն Մերսեդեսից ու Ջիպից դուրս եկած սափրագլուխները փողոցից օրը ցերեկով առեւանգել էին ԵԿՄ անդամ, վանատուրցի Արսեն Ներսիսյանին: Ոստիկանությունը որեւէ կերպ չէր միջամտել: Արսեն Ներսիսյանը մի խումբ վանատուրցիների հետ մասնակցել էր ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի հրամանատար Սասուն Միքայելյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքի ակցիային ու դատարանի մոտից խմբի հետ բարձրացել Հյուսիսային պողոտա, ուր արդեն որերորդ օրն է նստացույց են անում Շարժման անդամները: Առեւանգողները հարձակվել են Թումանյան փողոցի մայթին կանգնած երեք վանատուրցու վրա, թեւերը ոլորել, փորձել նստեցնել մեքենան: «Երկու մեքենայից իջան մի 8-9 հոգի հաղթանդամ սափրագլուխներ, հարձակվեցին մեզ վրա, թեւերներս ոլորեցին, երկուսով կարողացանք փախչել, Արսենի թեւերը ոլորեցին, դրին ավտոն, առան-գնացին», - մեզ հետ զրույցում պատմեց ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի ակցիայի մասնակից, վանատուրցի ազատամարտիկ Ժորա Ստեփանյանը` հավելելով, թե երբ դեպքից քիչ հեռու կանգնած ոստիկանների վրա բարկացել է` թե չե՞ք տեսնում ինչ են անում, ինչու՞ չեք օգնում, ոստիկանները պատասխանել են` մենք տեղյակ չենք: «Բա ես իմ հող ու ջրի մեջ, կանգառում կանգնած մարդ եմ ճանապարհում, իմ ձեռքերը ոլորեն, տանե՞ն», - տարակուսած հարց էր տալիս տարեց վանատուրցին: Ի դեպ` նրան Հյուսիսայինում մեկը մոտեցել, զգուշացրել էր, թե զգույշ եղեք, դատարանի ոստիկանները բարձրացել են էստեղ, երեւի ձեզ ուզում են բռնել:

Մոտ մեկ ժամ Արսենից ոչ մի լուր չկար: Երբ Հյուսիսայինում մշտապես ներկա ոստիկաններին հարցրինք` տեղյա՞կ են միջադեպից, վերջիններս միանշանակ պատասխան տվին` ոչ: «Բայց ձեր աչքի առաջ է դեպքը եղել», - հակադարձեցինք մենք: «Ոչ, մենք մեր տարածքն ունենք, ամեն ծառի, թփի տակ չենք նայում: Թող դիմեն համապատասխան մարմիններին», - հրաժարվելով ներկայանալ` հայտարարեցին ոստիկանները: «Դուք համապատասխան մարմին չե՞ք», - զարմացանք մենք: «Եկեք չշարունակենք», - հորդորեցին իրավապահները: Նստացույցի մասնակիցները դժգոհ էին ոստիկանության պահվածքից: «Երբ մենք փորձում ենք գնալ, Ազատության հրապարակի ցայտաղբյուրից ջուր խմել, իրենք դա նկատում, վազելով մեր հետեւից գալիս են: Իսկ ինչու՞ հենց գալիս, մեզ ծեծում են` չեն տեսնում, չեն միջամտում, ի՞նչ է` մեր ջուր խմելուն հետեւե՞լն է միայն իրենց ծառայությունը», - դժգոհեց Ելիզավետա Թարվերդյանը: «Իմ կարծիքով` սա վախի մթնոլորտ ստեղծելու միջոցառում էր, թե չէ որեւէ տրամաբանություն չկա. էդ մարդիկ ոչ զինված էին, ոչ խուլիգանություն էին արել, ոչ որեւէ հանցանք էին գործել. օրը ցերեկով քաղաքի կենտրոնական փողոցում մա՞րդ են գողանում», - ասաց Հրազդան քաղաքի քաղաքապետի նախկին թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը: «Ապուշություն է էս վիճակում նման քայլի դիմելը: Եթե ուզում են իրենց նախագահին` Ս.Սարգսյանին վնաս տան, ապա ճիշտ քայլ են արել», - տեսակետ հայտնեց ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը` շարունակելով. «Դրան որեւէ քաղաքական, մարդկային, բարոյական բացատրություն չկա: Մարդը եկել է իր համագյուղացու, ջոկատի հրամանատարի դատին եւ դժգոհ բարձրացել է էստեղ»: «Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսեւորում` խստորեն պահանջում ենք ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել առեւանգիչներին», - նման պահանջով հանդես եկավ Համաժողովրդական Շարժումը:

Խաղաղ նստացույցը շարունակվում էր: «Երբ մարդիկ մեկ գաղափարի շուրջ են համախմբվում, ամեն ինչ էլ լավ է լինում, դարձել ենք մի ընտանիքի պես», - մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա ուսանողուհի Անի Սարգսյանը: Հարցրինք` ինչու՞ է ուսանողուհին մասնակցում նստացույցին. «Չեմ ուզում, որ մարդկանց սպանեն, մեզ ոտնահարեն, ու մենք էլ ոչինչ չկարողանանք անել էս երկրում: Էս մեր երկիրն ա», - ի պատասխան ասաց նա:

Երեկ Հյուսիսայինում հայտնվեց «Հայլուրը»: Թերեւս «Հայլուրի» թունոտ ռեպորտաժներից վիրավորված ժողովուրդը բարկացավ, թույլ չտվեց, որ նկարի իրենց. «Մեկ ա հետո լրիվ ուրիշ բան եք ասելու, շուռ եք տալու», «Եկել եք նկարեք, որ հետո ասեք` նարկոմաննե՞ր, բոմժե՞ր են հավաքվում, մեզ մի նկարեք», «Բա ու՞ր էիք, երբ այստեղ տարեց կանանց ծեծում էին, բա գայիք, նկարեիք»: «Դուք ամեն ինչ խեղաթյուրում եք», «Էդ «Հայլուրը» մենակ Սերժի կնիկն ա նայում, ո՞վ ա նայում, տար Սերժ կնգան նկարի»: Նույնիսկ երբ Լեւոն Զուրաբյանը փորձեց բացատրել, որ Հ1-ը թեեւ ստախոս հեռուստատեսություն է, իրավունք ունի նկարելու, ժողովրդի վիրավորանքը «Հայլուրից» այնքան մեծ էր, որ չհամաձայնեց նկարվել: «Հայլուրի» նկարահանող խումբը հեռացավ:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ջիպավոր սափրագլուխները ԵԿՄ անդամին տարել են...ոստիկանության Կենտրոնի բաժին: Ասել է թե` ջիպավոր սափրագլուխները համագործակցել են ոստիկանության հետ: Շուրջ երեք ժամ անց Կենտրոնի ոստիկանությունում Արսենի կարգավիճակը ճշտված չէր: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանին թույլ չէին տվել տեսակցել նրա հետ: Ոստիկանությունում ասել էին, թե իբր կասկածներ ունեն, որ Արսենը դատարանի մուտքի առաջ ոտքով հարվածել է Սասուն Միքայելյանին ՔԿՀ տանող մեքենային: Ըստ վանատուրցիների` Սասուն Միքայելյանի կալանքը հերթական անգամ երկարաձգելու որոշումից հետո վանատուրցի կանանցից մեկը ոտքով զայրացած հարվածել է ոստիկանական մեքենայի անիվին: Հուսանք ոստիկանական մեքենայի անիվը «մարմնական լուրջ վնասվածք» չի ստացել. բա ասում եք` ինչ լինում է, ժեշտին լինի...:

Ուշ երեկոյան Արսենին բաց թողեցին` ոստիկանությունում պահելով նրա անձնագիրը:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.