“Zhamanak” Armenian-American Political Daily

Խամաճիկների, ճշմարտության ու հատուցման մասին

10:27 Yerevan | 6:27 GMT | Tuesday 8 July 2008

Կարինե Հարությունյան

Սասուն Միքայելյանի կալանքը երկարացվեց արդեն երրորդ անգամ: Այս ռեժիմը այնքան ողորմելի է, որ չի էլ կարողանում թաքցնել իր թշվառության ողջ պերճանքը:

Մինչեւ ու՞ր: Մինչեւ ե՞րբ: Մինչեւ ինչքա՞ն: Էս հարցերը իրենք իրենց տալիս ե՞ն Քոչարյան-Սարգսյան զույգի անխոնջ ստրուկները: Մի բան պարզ է, որ նրանցից ոչ մեկը, գեթ մեկը քաջություն չունեցավ-չունի կես ճանապարհից հետ կանգնելու: Նրանցից ոչ մեկը, գեթ մեկը սիրտ չունեցավ-չունի հասկանալու համար, որ ինքը ազգին հակառակ-երկրին հակառակ-Աստծուն հակառակ պահվածք է ցուցաբերում: Նրանցից ոչ մեկը, գեթ մեկը մարդասիրական ամենապարզ արժեքների գիտակցությունը չունեցավ-չունի: Մարտի 1-ից էս կողմ ռեժիմի ամենաայլանդակ հրահանգներն անգամ կատարեցին հավատարիմ շան պես: Առանց մտածելու, թե` էս ի՞նչ ենք անում: ...Ազգ են կոտորում: Ամեն օր: Ամեն ժամ: Ամեն ակնթարթ: ...Սպիտակ եղեռն է: Եվ վիրավորականն այն է, որ իրականացնողները հայ են: Քո տեսակից: Քո միս ու արյունից: Լավ, էդ երկուսը գործում են խոպանչու հոգեբանությամբ, քանի որ էս հողը-էս երկիրը-էս ժողովուրդը իրենցը չեն համարում: Բա դու՞ք: Դու՞ք էլ եք խոպանչի: Չէ, ձեր դեպքում ամենահարմար բառը «դավաճանն» է: Թե՞ չէ: Թե որ չէ` որտե՞ղ են ձեր մարդկային ամենապարզ հատկանիշները: Թե որ չէ, ինչպե՞ս բացատրել քաղաքական հետապնդումների եւ ձերբակալությունների ձեր մոլուցքը: Թե որ չէ, որտե՞ղ է ձեր ազգային արժանապատվությունը: Էս ի՞նչ եք անում ձեր ժողովրդի գլխին:

...Երեկ վանատուրցիների մեծ մասն այստեղ էր` Երեւանում: Իրենց հերոսի, պատգամավորի, համագյուղացու, հրամանատարի դատն էր: Իբր: Խամաճիկների թատրոնը ղալաթ է արել մեր դատական համակարգի կողքին: Էդպես խամաճիկավարի փակ նիստում կալանքը երկարացրին ու...Սասունին նորից բանտ տարան: «Սասուն» ջոկատի հրամանատարին, ԱԺ պատգամավորին: Նրան, ով կանգնեց ժողովրդի կողքին Արցախյան պատերազմի տարիներին: Ով ժողովրդի կողքին է եւ հիմա: ...Երեկ նաեւ մի վանատուրցու առեւանգեցին: ...Հուլիսի 4-ի հանրահավաքից առաջ շրջանների ճանապարհներն էին փակել ավտոմատավորները, իսկ հանրահավաքից հետո մեր թերթի լրագրող Գագիկ Աբգարյանին ու ֆրանսահայ Արտաշես Բարսեղյանին քաշքշել ու հարվածել էին Ազատության հրապարակի մոտ այն բանի համար, որ վերջիններս համարձակվել էին լուսանկարել հրապարակն օղակած ոստիկաններին: Այս ամենը` միջանկյալ: Հիմնավորելու համար նախորդ պարբերությունում շարադրած մտահոգություններս:

Իսկ եզրահանգումներն արդեն համոզվածության, ներքին զգացողությունների ու ժամանակով ու տարածությամբ ապացուցված փաստի հետեւանք են: Էս ժողովուրդը երբեք հետ չի կանգնելու իր պայքարից, իր համոզմունքներից, իր ընտրած ճանապարհից: Էս ժողովուրդը փառքի պսակին է արժանացնելու նրանց, ովքեր կանգ չառան-չեն առնում ոչ մի խոչընդոտի առաջ: Ովքեր դիմակայեցին-դիմակայում են էս վարչախմբի ամենաստոր հարվածներին անգամ: Ովքեր իրենց անձնական շահից ավելի կարեւորեցին-կարեւորում են ժողովրդի շահը: Էս ժողովուրդը, սակայն, նաեւ հիշողություն ունի ու չի մոռանալու նրանց, ովքեր էս ամբողջ ընթացքում իրենց կոտորեցին-կոտորում են հայտնի զույգին հաճոյանալու համար: Հատուցման պտուղները դառն են ճշմարտության պես:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.