“Zhamanak” Armenian-American Political Daily

Ամբաստանյալը արդարադատություն է ակնկալում

10:26 Yerevan | 6:26 GMT | Tuesday 8 July 2008

Գագիկ Աբգարյան

Քրեական դատարանում երեկ շարունակվեց Արամ Բարեղամյանի դատավարությունը:

Նախքան դատի ընթացքին անդրադառնալը մեջբերենք ամբաստանյալի քրոջ կողմից խմբագրությանն ուղարկված նամակից մի հատված` ուղղված գործով վկա, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակից Գարեգին Քամալյանին. «Հարգելի քաղաքացի, քրիստոնյա, պարզապես հայ մարդ: Մարդ, ով հավանաբար կին ունի, մայր, երեխաներ: Եթե դուք կարծում եք, որ ձեր սեւ գործն անելուց հետո շարունակելու եք հանգիստ ապրել` չարաչար սխալվում եք: Եթե ձեր մեջ դեռ խղճի նշույլ մնացել է, ուրեմն ոչ մի հանգիստ գիշեր չեք վայելելու, ամեն օր հիշելու եք, որ անմեղ մեկին դուք զրկել եք ազատ ապրելու Աստծո տված իրավունքից: Ձեր միջից երբեք դուրս չի գալու ձեր երեխաների, հարազատների, հարեւանների աչքերում լուռ պարսավանք տեսնելու վախը: Խոստանում եմ, որ ամեն անկյունից ձեզ են ուղղվելու «դավաճան», «մատնիչ», «ծախված» ու այս բովանդակությամբ էլի շատ բառեր»: Համոզված ենք, որ այս նամակի տակ պատրաստ են ստորագրել բոլոր քաղբանտարկյալների քույրերը, մայրերը, կանայք ու երեխաները` ուղղված ոչ միայն Քամալյանին, այլ նաեւ մնացած մյուս քամալյաններին, ովքեր Հուդայի 30 արծաթին ծախվելով սուտ վկայություններ են տալիս, անարդար վճիռներ կայացնում: Մեր քաղաքացիներին հավատացնում ենք, որ Շարժումը հաղթելու է եւ մի գեղեցիկ օր քամալյանները դատվելու են ու այսպիսի մի նամակ այս անգամ գրելու է Քամալյանի քույրը, ով այսօր ցավալիորեն լռում է:

Անդրադառնալով դատապրոցեսին` հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված քրօր-ի 225 հոդվածի պրիմ առաջին կետով, 316-ի 2-րդ եւ 112-ի 4-րդ կետով: Հիշեցնենք նաեւ, որ մեղադրող կողմը պահանջել է Բարեղամյանին պատժել ազատազրկմամբ ութ տարի ժամանակով: Երեկ ամբաստանյալը կարդաց իր պաշտպանական ճառը եւ վերջին խոսքը: Ճառը նա բաժանել էր երեք մասի` իրավական, բարոյահոգեբանական եւ քաղաքական: Առաջին մասում նա դատարանի ուշադրությունը հրավիրեց դատաքննության ընթացքում եւ նախաքննությանը վկաների տված ցուցմունքների միջեւ եղած հակասությունների, իսկ այնուհետեւ դատարանում վկաների տված ցուցմունքների անհամապատասխանության վրա: Զորօրինակ այն փաստի վրա, ըստ որի «տուժող» Քամալյանը պնդում է, թե Բարեղամյանի հարվածից իր գլխին «շիշկա» էր առաջացել, իսկ մյուս ոստիկանը նկարագրել է, թե ոնց են հանքային ջրով արյունը լվացել: Դատարանի ուշադրությունը հրավիրեց այն անհեթեթ պնդման վրա, ըստ որի երկու մետր հեռավորության վրա իրար դեմ կանգնած ոստիկանների շարքի միջով գնալուց ինքը հարվածել է շարքում կանգնած Քամալյանին: Վերջինս մթության մեջ, համաձայն իր ցուցմունքի, ընդամենը մի պահ է տեսել հարվածողին, հաջորդ պահին գիտակցությունը կորցրել է, բայց երկշար կանգնած ոստիկանները չեն կարողացել իրեն բռնել: Հետո տեսնելով Բարեղամյանի լուսանկարը Քամալյանը ճանաչել է իրեն խփողին: Ասենք, որ լուսանկարն արված է եղել...17 տարի առաջ: Ողջամիտ մարդու համար միայն այս երկու իրար հակասող փաստերը բավական կլինեին հետեւության հանգելու համար, որ երկու վկաներն էլ ստում են, բայց, ինչպես ասել ենք ու էլի կասենք, ողջամտությունը մերոնց համար չի: Մերոնց խորհրդանիշը կոտոշները տնկած առաջ գնացող ցուլն է, որի աչքերը մոտալուտ մահի սարսափից արնակալել են եւ ոչինչ չեն տեսնում: Այս հակասություններն իբր քիչ են մեղադրական եզրակացությունում, մեղադրական ճառում կա Գառնիկ Ալեքսանյան անունով վկա, որն ընդհանրապես չկա քրեական գործում. «Քրեական գործում չկա այդպիսի բան, որ ես հանդիպել եմ նրա հետ: Մեղադրանքում ինչու՞ է նշվում նրա անունը` չեմ հասկանում», - զարմանում է ամբաստանյալը: Այս վկայի մասին մեր նյութերից մեկում մենք խոսել ենք: Նա, առանց վրաններում լինելու, վկայություն էր տվել, որ նրանցում մետաղյա ձողեր, փայտեր կային, իսկ ցուցարարների գրպաններում` նարկոտիկ:

«Կարելի էր բարոյահոգեբանական թեմային ընդհանրապես չանդրադառնալ: Բայց հաշվի առնելով կեղծիքների այս ամբողջ շղթան` չի կարելի այդ մասին չխոսել», - իր խոսքը շարունակեց ամբաստանյալը: Ըստ նրա` սկզբում աշխատանքից ազատել են իր հարազատներից երեքին, հետո ավտոտնակի փականը ջարդելու եղանակով բռնագրավել են իր անձնական ավտոմեքենան, հընթացս դիմելով նաեւ ահաբեկումների: Բարոյական, իսկ այնուհետեւ ֆիզիկական ճնշումների են ենթարկել դատախազությունում. «Ութ ժամվա քննության ընթացքում ինձ փորձել են ճնշել ըստ ամենայնի, որը չեմ կարող ներկայացնել: Տեսնելով, որ չեմ կոտրվում` անցան ֆիզիկական բռնարարքների», - պատմում է Բարեղամյանը:

«Իրավական եւ բարոյահոգեբանական ողջ ընթացքը վերլուծելով` գալիս ես մի եզրակացության. հանդիսանալով Հրազդան քաղաքի ՀՀՇ կառույցի ղեկավար եւ նույն տարածքի Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի պետը, լինելով սկզբունքային, կայուն եւ արժանապատիվ մարդ` ենթարկվել եմ քաղաքական հալածանքների, բռնությունների, որն ինձ տալիս է քաղբանտարկյալի եւ պատանդի կարգավիճակ», - խոսքի քաղաքական հատվածում ասաց Բարեղամյանը:

«Այսօր ՀՀ-ում ամենից շատ, իմ կարծիքով, օգտագործվում է արդարություն բառը: Սա նշանակում է, որ մեզ մոտ կա արդարության պահանջ: Հարգելի դատարան, Դուք ձեր վճռով կարող եք փոքր-ինչ բավարարել այդ պահանջը: Ես էլ եմ միանում այդ պահանջին` արդարություն, արդարադատություն եւ արդար դատավճիռ», - իր վերջին խոսքն այսպես ավարտեց հանիրավի ամբաստանվողը:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.