“Zhamanak” Armenian-American Political Daily

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

10:25 Yerevan | 6:25 GMT | Tuesday 8 July 2008

Արմեն Գրիգորյան

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում մնալու` մասնավորապես նկատի ունենալով տարածաշրջանում կայունության եւ տարանցիկ ճանապարհների անվտանգության ապահովման կարեւորությունը:

Մայիսի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչպես եւ ենթադրվում էր, մեծ առավելությամբ հաղթել է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի օգտին շահագործվել են ադմինիստրատիվ, լրատվական եւ այլ ռեսուրսներ: Որոշ ընտրատարածքներում բռնության դեպքեր են տեղի ունեցել, եւ ընդդիմությունը հանդես է եկել համատարած ընտրակեղծիքների մասին հայտարարություններով. «Միացյալ ընդդիմություն» դաշինքի ներկայացրած տվյալներով` եւ դաշինքը, եւ իշխող կուսակցությունը մոտավորապես նույնքան քվեներ են ստացել` 30 տոկոսից քիչ ավելի: Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները գլխիվայր չեն շրջվել` ինչպես դա արվեց Հայաստանում: Ի դեպ, կարելի է նշել, որ ինտերնետի միջոցով հասանելի արձանագրություններն ուսումնասիրելիս առավել կասկածելի են թվում Վրաստանի հայաբնակ ու ադրբեջանաբնակ շրջաններում արձանագրված արդյունքները. ըստ պաշտոնական տվյալների` այդ շրջաններում «Միացյալ ազգային շարժման» օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 90 տոկոսը: Մտահոգիչ է նաեւ այն, որ մեծամասնական ընտրատարածքներում «Միացյալ ազգային շարժման» կողմից պաշտպանված թեկնածուների մեծ մասը գործարարներ էին: Սա կարող է հղի լինել «կոճակ սեղմողների» խորհրդարանի ձեւավորման վտանգով: Ընդհանուր առմամբ, նախագահ Մ.Սահակաշվիլուն սատարող կուսակցությանը բաժին է հասել պատգամավորական մանդատների շուրջ 80 տոկոսը, ինչը որոշակի տարակուսանք է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Եթե համեմատություն կատարենք Հայաստանի նկատմամբ նույն միջազգային ատյանների վերաբերմունքի հետ, ակնհայտ է դառնում, որ մեր երկրի դեպքում նրանք հավանաբար նորմալ են համարում այն, որ իշխանության կողմից վերահսկվող մանդատները 94 տոկոս են կազմում:

Մայիսի 21-ի ընտրություններից հետո նախագահ Մ.Սահակաշվիլուն ու իր կողմնակիցներին հեշտությամբ հաջողվեց չեզոքացնել առաջացած բողոքի ալիքը` մասնավորապես այնպիսի պարզունակ հնարքների միջոցով, ինչպիսին էր նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հունիսի 7-ին անցկացնելը` նախապես հայտարարված հունիսի 10-ի փոխարեն: Հարկ է նշել, որ վրացական ընդդիմությունն էլ լավ կազմակերպված չէր եւ հետեւողական չգտնվեց: Այսպես. ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարվեց մանդատներից հրաժարվելու եւ «Այլընտրանքային խորհրդարան» ձեւավորելու մասին, իսկ ընդամենը մի քանի օր անց քրիստոնեա-ժողովրդավարները եւ մյուս ընդդիմադիր ուժերի առանձին ներկայացուցիչներ հայտարարեցին նորընտիր խորհրդարանում աշխատելու մտադրության մասին` վիժեցնելով «Այլընտրանքային խորհրդարանի» գաղափարը: «Միացյալ ընդդիմությունն» էլ այլեւս զանգվածային բողոքի գործողություններ կազմակերպելու ընդունակություն չդրսեւորեց:

Ամփոփելով մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ ետընտրական զարգացումները` կարելի է նշել, որ Վրաստանի քաղաքականությունում զգալիորեն ուժեղացել են ավտորիտար դրսեւորումները: Սակայն քննության առնելով Վրաստանում իրականացված բարեփոխումները եւ վերջին տարիներին ձեւավորված ազատական տնտեսական համակարգը` պարզ է դառնում, որ Վրաստանն ունի զարգացման մեծ պոտենցիալ:

Անհնար է անուշադրության մատնել այն, որ նախագահ Մ.Սահակաշվիլուց դժգոհների զգալի մասը կազմում են ոստիկանության, հարկային տեսչության, Հաշվիչ պալատի եւ այլ կառույցների նախկին աշխատակիցները, որոնք կրճատման տակ էին ընկել. պետական ապարատը արմատական բարեփոխումների է ենթարկվել, պաշտոնյաների քանակը կտրուկ կրճատվել է, եւ նախկին աշխատակիցների միայն չնչին մասին է հաջողվել մնալ պետական ծառայողի կարգավիճակում: Պետք է նշել, որ նման ընթացքը խիստ կարեւոր դարձավ կոռուպցիայի նվազեցման համար: Պետավտոտեսչությունը վաղուց հիշողություն է դարձել, գոյություն չունի նաեւ ավտոտրանսպորտի տեխնիկական զննման համակարգ: Խանութների, սրճարանների եւ այլ առեւտրային օբյեկտների տերերը այլեւս ստիպված չեն հրշեջ ծառայությանը կամ սանէպիդկայանին կաշառքներ վճարել. այդ ծառայություններն էլ այլեւս գոյություն չունեն: Հարկային դաշտը խիստ բարենպաստ է դարձել: Այս ամենը նորություն չէ մասնավորապես հայ գործարարների համար, որոնցից շատերն արդեն ներդրումներ են արել Վրաստանում` դա նախընտրելով քոչարյանասերժական ավազակապետության սպասավոր պաշտոնյաների հետ առնչվելուց: Հիմնավոր բարեփոխումների է ենթարկվել ԲՈՒՀ-երի ընդունելության համակարգը` չնայած կոռուպցիայի մեջ թաղված դասախոսական կազմի դիմադրությանը: Ի դեպ, եթե նախագահ Է.Շեւարդնաձեի օրոք շուրջ 3000 անձինք էին ազատազրկված, այժմ վրացական բանտերում գտնվողների քանակը 20000-ից ավելի է: Բանտարկված են խոշոր կաշառակերները, օրենքով գողերը, կազմակերպված հանցավորությանն ընդհանրապես ծանր հարված է հասցվել. մինչդեռ Հայաստանում կրիմինալն ու իշխանությունը կատարելապես միաձուլված են:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Վրաստանի զինված ուժերում կատարված բարեփոխումները: Այժմ Վրաստանն ունի մոտ 35000 զինծառայող: Մ.Սահակաշվիլու պաշտոնավարման չորս տարիների ընթացքում բանակն ամբողջությամբ պրոֆեսիոնալ է դարձել, ընդ որում` շարքային զինվորների ամսեկան աշխատավարձը հասցվել է 500 դոլարի: Սպայական կազմն ամբողջությամբ վերապատրաստվել է ամերիկացիների եւ իսրայելցիների կողմից: Արագորեն կատարվում է նոր, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող սպառազինությունների ձեռքբերում: Այժմ պաշտպանության վրա ծախսվող միջոցները կազմում են Վրաստանի համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը (Իսրայելի համանման ցուցանիշը 7, 3 տոկոս է): Վրացական բանակը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար կատարվող ծախսերի զգալի մասը հոգացել են երկրի դաշնակիցները. ամերիկյան ֆինանսական օժանդակության չափը կազմել է 1, 3 մլրդ դոլարից ավելի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի ավելի մեծ մասն է ծախսվում պաշտպանության նպատակով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց կասկածելի է: Պարզ համեմատությունը նաեւ ցույց է տալիս, որ Վրաստանում զինծառայողների քանակը բնակչության 1 տոկոսից պակաս է կազմում` այն դեպքում, երբ երկրի հիմնական հակառակորդ դիտվում է Ռուսաստանը: Կրկին համեմատություն կատարելով` կարելի է եզրակացնել, որ Հայաստանում անարդյունավետ, համընդհանուր զորակոչի միջոցով կազմավորվող բանակ պահելը թելադրված չէ երկրի պաշտպանության կարիքներով: Զորակոչային համակարգը ծառայության չափազանց երկար ժամկետի պայմաններում կոռուպցիոն մեծ պոտենցիալ է պարունակում. գաղտնիք չէ, որ տարկետման կամ ծառայությունից ազատվելու համար պահանջվող կաշառքները խոշոր գումար են կազմում: Դրան պետք է գումարել «հարմար» զորամասում ծառայելու համար կաշառքները, սպաների եւ զորամաս «նայող» քրեական տարրերի կողմից շորթվող գումարները, արձակուրդ տրամադրելու համար կաշառքները, զինվորներին հասանելիք սննդամթերքի ու ծխախոտի յուրացումները եւ այլն: Զորակոչային համակարգը շահավետ է շատերի համար` սկսած պրապորշչիկներից, վերջացրած պաշտպանության նախարարով եւ երկրի նախագահով: Հենց այս տեսանկյունից է պետք դիտարկել նաեւ կրթական համակարգի «բարեփոխումները». քանի որ ուսման ժամկետի երկարացման հետեւանքով շրջանավարտները պետք է անմիջապես զորակոչվեն բանակ` առանց ԲՈՒՀ ընդունվելու փորձի հնարավորության, ակնհայտ է դառնում, որ տարկետման տրամադրման համար կաշառքի չափն էլ ավելի կմեծանա:

Կրկին դառնալով Վրաստանում ծավալվող իրադարձություններին` հարկ է նշել, որ վրաց-ռուսական հարաբերություններում լարվածության աճն ինքնին մտահոգիչ է Հայաստանի քաղաքացիների համար: Այժմ առավել վտանգավոր են հայ-վրացական հարաբերությունների սրմանն ուղղված որոշ հայ «վերլուծաբանների» արտահայտած տեսակետները. ընդ որում` այսօրինակ «վերլուծաբանները» հատկապես ակտիվացել են վերջին շաբաթների ընթացքում` այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու մասին եւ սկսել է ավելացնել իր ռազմական ներկայությունը: Եվ այնուամենայնիվ, կցանկանայինք Վրաստանին այս անդրադարձն ավարտել լավատեսորեն: Վրաստանում վերջին տարիներին կատարված եւ շարունակվող բարեփոխումներն իրականացվում են երիտասարդ պաշտոնյաների կողմից, ինչը նպաստում է բարեփոխումների դինամիկ ընթացքին: Բավական է նշել, որ կառավարության անդամների մեծամասնությունը դեռ 40 տարին չի բոլորել, իսկ պաշտպանության նախարարն ընդամենը 29 տարեկան է: Իսկ չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսի կատարելիք այցից հետո Վրաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում էլ ավելի կկարեւորվի:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.