“Zhamanak” Armenian-American Political Daily

Միանգամայն տրամաբանական երանգներ

10:21 Yerevan | 6:21 GMT | Tuesday 8 July 2008

Էմմա Գաբրիելյան

Որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություն Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումներից տարբերվող դիրքորոշում չի ունեցել եւ մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` հայտնի է բոլորին:

Անցյալ շաբաթ Բաքու ժամանած ՌԴ նախագահի այցի ընթացքում երկու պետությունների նախագահների` Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում նշվեց, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը` «Կարեւորելով անվտանգության ապահովումը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, հաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամության մասին»: Այս արտահայտությամբ, ըստ էության, կրկին անգամ ամրագրվեց, թե որքան դերակատարությունից ու ազդեցությունից զուրկ պետություն է Հայաստանը` անգամ իր «ռազմավարական գործընկերոջ» համար:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին ընդգծվել էր` «միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների, եւ առաջին հերթին` պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման եւ ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը»: Կողմերը շեշտել էին այն նշանակությունը, որ տալիս են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ արագ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների, այդ թվում ՌԴ հետագա ջանքերին, եւ պարտավորվում են նպաստել փախստականների եւ հակամարտությունների հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձին: Ռուսաստանն աջակցելու է ԼՂ հակամարտության կարգավորմանը` հայտարարել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ամփոփելով Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: ԼՂ խնդիրը եղել էր հիմնական միջազգային թեմաներից երկու երկրների նախագահների բանակցություններին: «Մենք հնարավորության սահմաններում կօգնենք գործընթացին: Մենք ողջունում ենք հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը», - ասել էր Մեդվեդեւը: Նա նշել է, որ Ռուսաստանը հնարավորության սահմաններում կաջակցի Ղարաբաղի խնդրի փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակի ստեղծմանը:

BBC-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այդ դիրքորոշման համար: Բաքվի «Էխո» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նաիր Ալիեւը BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ թեպետեւ Մեդվեդեւի ելույթում կային արտահայտություններ բանակցային գործընթացին աջակցելու եւ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության մասին, հռչակագրի առանցքային դարձվածքը` «Հայաստանին այնքան էլ դուր չի գա: Ադրբեջանական կողմի ակնկալիքները մեծապես արդարացան», - նկատել էր Ն.Ալիեւը: BBC-ն եզրակացրել էր, որ ռուսական դիրքորոշման փոփոխման պատճառը, թերեւս, հարկ է փնտրել մեկ այլ հայտարարության մեջ, որ հնչել էր Բաքվում: Դ.Մեդվեդեւին ուղեկցող «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր ռուսական կոնցեռնի կողմից ադրբեջանական գազի գնումների մասին բանակցություններ սկսելու մասին: ««Գազպրոմը» պատրաստ է գնել մատակարարումների հնարավոր առավելագույն ծավալ», - ընդգծել էր Միլերը: Եթե Բաքուն Մոսկվայի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրի արտահանության համար նախատեսված գազի ողջ ծավալի վաճառքի մասին եւ նրա օրինակին հետեւեն Կենտրոնական Ասիայի պետությունները` Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա «Նաբուկո» այլընտրանքային գազատարի շինարարության ծրագրերը գործնականորեն կթաղվեն` բխեցրել էր BBC-ն:

Ադրբեջանցի լրագրող Ն.Ալիեւը եւս չի կասկածում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցությունների ժամանակ դիտարկվել է գազային հարցի համատեքստում: «Դա, հավանաբար, «Գազպրոմի» հետ համագործակցելու Ադրբեջանի համաձայնության գինն է», - հայտարարել է նա: Իսկ ՌԴ նախագահի այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ենթադրում էր, որ Մեդվեդեւը բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիեւին կխոստանա Ռուսաստանի չեզոքությունը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում: Ընդ որում՝ նա խորհուրդ էր տվել իր երկրի նախագահին չվստահել Ռուսաստանին, քանի որ, Գուլուզադեի կարծիքով, Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանի պարտությունը, որի արդյունքը, հավանաբար, կլինի վարչակարգի փոփոխությունը Երեւանում:

Այսպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը` ԼՂ խնդրի վերջնական լուծումը, օր օրի առավել նվազ հետաքրքրական է դառնում միջազգային հանրության համար եւ, միաժամանակ, հայկական կողմի համար առավել անբարենպաստ երանգներ ստանում: Եվ դա միանգամայն տրամաբանական է` պետությունները մեր տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ու ծրագրեր ունեն, որոնք որեւէ կերպ չեն առնչվում Հայաստանին: Սա Հայաստանի տասնամյա վարչախմբի կողմից վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության միակ «արդյունքն» է: Իսկ մնացյալը հերթապահ բառեր են...

Օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ամփոփելով վերջերս տարածաշրջան կատարած այցը, նշեց, թե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը անկեղծորեն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի վրա: «Միաժամանակ, դեռ մեծ աշխատանք է սպասվում: Երկու նախագահները պետք է ընդունեն այդ իրողությունը. միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ կողմերի քաղաքական նպատակաուղղվածությունը պահանջում է փոխզիջման գնալ ԼՂ կարգավիճակի հետ կապված», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հերթական քայլերին` Բրայզան հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է խմբավորեն իրենց տեսակետները չհամաձայնեցված հարցերում, իսկ հուլիսի վերջին արտգործնախարարները համանախագահներին կներկայացնեն այդ դիրքորոշումները:

ԵԱՀԿ ԽՎ-ի նորընտիր նախագահ Ժոաո Սուարեսը Աստանայում վստահեցրեց, թե պատրաստ է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Մենք փորձում ենք կարգավորել խնդիրը ընդհանուր ջանքերով: Եվ ես պետք է ասեմ, որ դա նաեւ իմ իրավասության ներքո է՝ որպես ԵԱՀԿ նորընտիր նախագահ: Ես կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ եւ օգտագործել մեր ունեցած բոլոր ռեսուրսները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղիները գտնելու համար»: ԵԱՀԿ ԽՎ-ն, նրա խոսքերով, պետք է էական դերակատարություն ունենա այդ հարցում: «Ես հավանեցի ԵԱՀԿ նախագահ Ալեքսանդր Սթուբի խոսքերը, որ ԵԱՀԿ-ն պետք է ոչ միայն ղեկավարի հակամարտությունները, այլեւ կարգավորի խնդիրներն ու հակամարտությունները», - ասել է Սուարեսը Աստանայում՝ ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանը: «Ես ցանկանում եմ նշել, որ չեմ կարող հրաշք գործել, սակայն մենք կփորձենք անել` ինչ մեր ձեռքերում է: Ես վստահեցնում եմ ձեզ դրանում», - հավելել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.