|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իրադրությունը տարածաշրջանում` գլոբալ խաղաքարտ10:18 Yerevan | 6:18 GMT | Tuesday 8 July 2008Մուսա Միքայելյան Անցյալ շաբաթ Իսրայելը զգուշացրեց ԱՄՆ-ին, որ եթե վերջինս առաջիկա ամիսներին Իրանի միջուկային ծրագիրը վերացնելու ուղղությամբ հստակ քայլեր չձեռնարկի, ապա Իսրայելի իշխանություններն ստիպված կլինեն ինքնուրույն լուծել սեփական անվտանգության խնդիրը: Իսրայելի գաղտնի ծառայությունները պարզել են, որ միջուկային ռումբ ունենալու համար Իրանին կպահանջվի ամենաշատը մեկ տարի: Իրանցիների` միջուկային ծրագրի խաղաղ նպատակների մասին բոլոր հավաստիացումներին Իսրայելն ուղղակի չի հավատում: Թել-Ավիվի ճնշումները ԱՄՆ վարչակարգի վրա` վերջինիս դժվարին ընտրության առջեւ է կանգնեցրել: Առաջին` ԱՄՆ իշխանությունները հասկանում են, որ ոչ մի դեպքում, նույնիսկ տեսականորեն, չեն ստանա Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար հասարակության եւ Կոնգրեսի աջակցությունը: Եթե Բուշը որոշի սահմանափակ օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ, ապա գրեթե վերջնականապես կոչնչացնի Հանրապետական կուսակցության հաղթանակի նույնիսկ նվազագույն հնարավորությունը ընթացիկ տարվա նոյեմբերին: Երկրորդ` Իսրայելը ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում եւ երբեւէ չի թողնի առանց անհրաժեշտ աջակցության: ԱՄՆ-ում կան իշխանության հետ որեւէ առնչություն չունեցող ազդեցիկ ուժեր, որոնք եւս կարծում են, որ Թեհրանը աշխարհի համար լրջագույն սպառնալիք է: Բայցեւ` նրանք դժվար թե կարողանան համոզել ամերիկացիներին, որ ռազմական գործողությունների մեկնարկելուն պես ԱՄՆ-ն պետք է մասնակցի այս հակամարտությանը եւ, օրինակ, զինվորներ ուղարկի այնտեղ: Երրորդ` Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմները ընթանում են միջազգային կոալիցիայի շրջանակներում: Բուշը մեծ ջանքերի շնորհիվ միայն Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունները դարձրեց կոալիցիոն: Այսօր եւ ԱՄՆ-ն, եւ Իսրայելը չունեն աջակցության հնարավորություն, իսկ Իրանի նկատմամբ ուժային գործողությունները Վաշինգտոնին եւ Թել-Ավիվին ավելի կմեկուսացնեն միջազգային հարթակից, որն ավելի կջլատի ատլանտյան հասարակությանը եւ կվնասի Իրաքում ու Աֆղանստանում կոալիցիոն զորքերի դիրքերը: Աշխարհը վստահ չէ, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ ունի, իսկ արգելել նրան ստեղծել ատոմային էներգետիկա, բնականաբար, ոչ ոք իրավունք չունի: Թեհրանը իր կողմից քիչ բան չարեց, որպեսզի վստահություն առաջացնի իր հանդեպ: Այնուամենայնիվ ստեղծված իրավիճակից օգտվողը կարող է լինել հենց Իրանը: Իրանում ուժային գործողությունները կտրուկ կբարդացնեն պաղեստինյան պետության ստեղծման համար միջազգային արդի նպաստավոր վիճակը, որը ԱՄՆ վերջին երկու նախագահների գլխավոր նվաճումն է համարվում: Այն վերջնականապես կոչնչացնի զանգվածային բնաջնջման զենքի չտարածման վերահսկողությունը` հանգեցնելով ՄԱԳԱՏԷ-ի ճգնաժամին, կերկփեղկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հերթական անգամ ի ցույց կդնի այդ մարմնի անգործությունը: Շատերը Վաշինգտոնում կարծում են, որ Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հարվածը կարող է պատճառ դառնալ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարության միջեւ խորը անվստահության: Իրավիճակն ընդունում է անդառնալի բնույթ: Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել, իսկ Վաշինգտոնն այլեւս լծակներ չունի Թել-Ավիվին այդ քայլից ետ պահելու համար: Ջորջ Բուշը, ինչպես հայտնի է, ենթադրում է, որ հնարավոր այլընտրանքը կարող է լինել Իրանի նկատմամբ միջազգային բլոկադան, որի տնտեսության քայքայման հետեւանքով կարելի է հասնել Թեհրանում ռեժիմի փոփոխության: Միաժամանակ ԱՄՆ-ն գաղտնիորեն աջակցում է Իրանի ընդդիմությանը եւ երկրում հնարավոր գունավոր հեղափոխության ծրագրեր է նախաձեռնում: Պատժամիջոցներն արդեն ցուցադրել են իրենց էֆեկտիվությունը Հյուսիսային Կորեայում: Սակայն Իրանի նկատմամբ նույն մոտեցումները չեն գտնում անհրաժեշտ աջակցություն աշխարհում` ի դեմս Չինաստանի եւ Ռուսաստանի: Մոսկվան, ամենայն հավանականությամբ, առաջիկայում եւս կգրավի իր ավանդական դիրքը, որը Իրանին չափազանց ձեռնտու ինքնախաբեություն է, քանի որ երբ Մոսկվան չի տեսնում իր նկատմամբ ուղղակի սպառնալիք` պասիվանում է: Շատերը կարծում են, որ Թեհրանը Իսրայելին մղում է սադրանքի, որը կհանգեցնի միջազգային շուկայում էներգակիրների գների սրընթաց աճի եւ նավթարտահանող երկրներում դոլարի հիպերինֆլյացիայի, այսինքն` իրական անկայունության միջազգային տնտեսության մեջ: Այդպիսի անկայունությունն ու անխուսափելի քաղաքական ճգնաժամը, անկասկած, համարվում է հակաարեւմտյան ուժի հիմնական նպատակը: Ակնհայտ է, որ դեպքերի նման ելքով Ռուսաստանն ու Չինաստանը շահագրգռված չեն: Մոսկվան եւ Պեկինը պետք է չափազանց հավասարակշիռ դիրքորոշում որդեգրեն: Մի կողմից անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվեն Իրանի նկատմամբ ուժային գործողություններ, չմտնել Արեւմուտքի հետ առճակատման եւ չթուլացնել Իսրայելի անվտանգությունը, հատկապես սահմանների երկուստեք բացումից առաջ: Մյուս կողմից` Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Իրանը ունենա միջուկային զենք իր անմիջական սահմանի վրա: Այն ոչ միայն կվնասի իր ռազմավարական եւ աշխարհաքաղաքական անվտանգությունը եւ կտրուկ կնվազեցնի տարածաշրջանում ունեցած ազդեցությունը, այլեւ կդառնա Եվրոպայում ԱՄՆ կողմից ՀՊ կայանների տեղադրման եւ ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնման ուղղակի կամ անուղղակի ազդակը: Մոսկվան մեծ ընտրություն չունի տարածաշրջանում պատերազմի, գլոբալ ճգնաժամի, Իրանի միջուկային ռումբի, տարածաշրջանում իր ազդեցության կորստի, Իրանի նկատմամբ ավելի մեծ պատժամիջոցների եւ այդ երկրի հետ հարաբերությունների վատթարացման միջեւ: Այսուհետ աշխարհը, այդ թվում եւ` Մոսկվան ու Պեկինը, Իրանի հարցում ոչ թե պետք է առաջնորդվեն ինչ-որ բան շահելու, այլ հնարավորինս քիչ կորցնելու սկզբունքով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |