|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին10:17 Yerevan | 6:17 GMT | Tuesday 8 July 2008 Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը, որի համար նրանցից ոմանք 4-5 տարի ջանք ու եռանդ էին թափել...կամ գուցե չէին էլ թափել: Խոսքն ավարտական վկայականի` դիպլոմի մասին է: Այդ նշանակալի իրադարձության առիթով ԵՊԼՀ ուսանողական խորհուրդն ու Համահայկական երիտասարդական հիմնադրամը հանդիսություն էին կազմակերպել Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում: ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն իր շնորհավորական խոսքում ասաց, թե իրեն շատ դժվար է ամեն տարի հրաժեշտ տալ բուհն ավարտող հերթական շրջանավարտներին, բայց հպարտ է, որ մեր պետությունն ամեն տարի «տասնյակ որակյալ» մասնագետներով է ապահովվում: «Բրյուսովն» ավարտած լինելն ու այդ բուհի դիպլոմը կրելն, ըստ ռեկտորի, «բրենդ է»: Ռուս մեծ գրողի անունը կրող այդ «բրենդ» բուհն, ըստ Զոլյանի, իր ուսանողներին ապահովում է ժամանակակից աշխարհում ամենապահանջարկված ռեսուրսով` գիտելիքներով: Ռեկտորը համոզված հայտարարեց, թե այն հիմնավոր գիտելիքները, որոնցով իր ուսանողներին զինում է բուհը` «լիովին բավարարում են գիտելիքի վրա հիմնված հասարակության պահանջները»: Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Լուսինե Ֆլջյանը օրվա հերոսներին ու հերոսուհիներին մաղթեց անգլիական նպատակասլացություն, գերմանական ճշտապահություն, իսպանական եռանդ, հունական խոհեմություն, չինական իմաստնություն, հայկական աշխատասիրություն եւ տարբեր ազգերին հատուկ այլեւայլ «ություն»-ներ: Լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանն ասաց, որ իր համար պատիվ է դիպլոմներ հանձնել այն ուսանողներին, որոնք հաստատապես պահպանելու են «լեզվաբանական մեծ դարբնոց» համարվող բուհի պատիվն ու համբավը: Մաղթանքներով հանդես եկան նաեւ բուհի մյուս դեկանները, բոլորն էլ կրկնվող ցանկություններով առ շրջանավարտներ` հաջողություններ, հասարակությանն իրենց գիտելիքներով ծառայելու պատրաստակամություն, նվաճումներ գիտության բարձունքներում... եւ իհարկե` կանաչ ճանապարհ: Ի դեպ, դիպլոմների հանձնման արարողությունը մեջընդմեջ ընդմիջվում էր հայկական էստրադայի ոչ այնքան հայտնի երգիչ-երգչուհիների հաջողված եւ ոչ այնքան հաջողված կատարումներով: Ի դեպ, հանդիսությունը վարում էր Հրանտ Թոխատյանը, ով, պարզվում է, եւս բրյուսովցի է եւ 27 տարի առաջ ավարտել է ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Թոխատյանը հաճախ էր կրկնում, որ իրեն զգում է ինչպես հարազատ տանը, ծանոթ հումորներ անում. «Տղերք ջան, մենք քիչ ենք, բայց էդ էլ է մեզ շատ»` նկատի ունենալով բուհի արական սեռի ներկայացուցիչ ուսանողների սակավությունը, ապա նաեւ մխիթարում իր ցեղակիցներին` ասելով` «բրյուսովցի ենք, բրյուսովցի, ով կարա մեզ հետ մրցի»: Միայն բրյուսովցի լինելը, կարծում ենք, մրցության համար բավարար հիմք ու առիթ չէ, կարեւորն այս դեպքում, ինչպես քիչ վերն ասվեց` ժամանակակից աշխարհում ամենապահանջարկված ռեսուրսով` գիտելիքներով զինված լինելն է: Թե չէ` բրյուսովցի~, պոլիտեխնիկցի~, համալսարանցի~... Շրջանավարտները հանդիսության վերջում երդվեցին լինել «ազգի եւ հայրենիքի արժանի զավակը», իրենց գիտելիքները, կամքն ու ձգտումները փոխանցել հաջորդ սերունդներին` անդավաճան մնալով հարազատ բուհին: Դիպլոմների հանձնման արարողությունից հետո զրուցեցինք բրյուսովցիներից մի քանիսի հետ: Բոլորն էլ խանդավառված էին, ոմանք այն աստիճան, որ աջ ու ձախ համբույրներ բաշխելուն զուգահեռ նաեւ ֆոտոմոդելի կեցվածք ընդունած լուսանկարվում էին, ոմանք էլ...ցատկոտում: ԵՊԼՀ լեզվաբանության եւ միջմշակութային հողորդակցության ֆակուլտետի միջազգային լրագրության բաժնի (բաժինն այս տարի 21 լրագրող է ավարտել) ուսանող Աստղիկ Սարգսյանը պատրաստակամ է աշխատել լրագրության ոլորտում, բայց նաեւ մեծ ցանկություն ունի դասախոսել բուհում եւ քիչ վերը մեջբերված երդման տեքստի համաձայն իր գիտելիքները փոխանցել հաջորդ սերունդներին: Աստղիկն, ի դեպ, արդեն մամուլի հետ համագործակցության փորձ ունի, բացի այդ էլ` պատմվածքներ է գրում: Նույն բաժնի մեկ այլ շրջանավարտ` Արուսյակ Գեղամյանը պատրաստվում է «ներխուժել» լրագրության դժվար ու միաժամանակ հրապուրիչ աշխարհ, եթե գտնվի չեզոք ու անկողմնակալ լրատվամիջոց: Հենց այդպիսի լրատվամիջոցում աշխատելու ցանկություն ունեն նաեւ Անի Միքայելյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Էմիլյա Սողոմոնյանը, Լիլիթ Առաքելյանը, Միլենա Պետրոսյանը, Նարինե Բանդարյանը, Գատյան Լիլիաննան: Եվգենյա Կազումյանն իր` դիպլոմ ստանալը համարեց կարեւոր նվաճում, նա հեռուստալրագրողի 4 տարվա փորձ ունի: Եվգենյան ուզում է ուսումը շարունակել մագիստրատուրայում, որից հետո նորից կաշխատի որպես լրագրող, քանի որ իրեն չի պատկերացնում այլ ոլորտում: Անուշ Գեւորգյանը մեծ ցանկություն ունի աշխատել հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: Կարծում ենք` Անուշը կհաջողի, հրապուրիչ արտաքին ու ձայն ունի: Անշուշտ կհաջողեն այս տարվա բոլոր շրջանավարտները եւս: Հ.Մ. |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |