|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Փեթակի ազատ մեղուներն ու ազատություն խժռող բոռերը12:20 Yerevan | 8:20 GMT | Saturday 5 July 2008Հեղինե Մանուկյան Երեկ հուլիսի 4-ն էր, Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաք էր Մատենադարանի մոտ. այն հանրահավաքը, որով, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, տրվեց ընդդիմության «վճռական պայքարի» մեկնարկը: Թե ինչումն է այդ պայքարի վճռականության էությունը` քիչ վարը: Քանի որ խոսք գնաց վճռականությունից, այդ համատեքստում չմոռանանք նաեւ հանրահավաքների մշտական մասնակից համազգեստավորներին: Ինչպես նախորդ հանրահավաքի ժամանակ, այս անգամ եւս հանրահավաքն սկսվելուց ժամեր առաջ վերջիններս շրջափակել էին «օբյեկտը», սակայն վճռականություն չունեցան մինչեւ վերջ ցույց տալու իրենց համազգեստի «պատիվը», այսինքն` արհեստականորեն կանխել միտինգավորների շարժը դեպի նպատակակետ: Ի տարբերություն համազգեստավորների` երեկ վճռական էր տրամադրված արեւը ու խանձում էր ինչպես երբեւէ: Պայքարի խորհրդին համարժեք տրամադրություն ու ոգի ունեին նաեւ հանրահավաքի մասնակիցները. ոչ մի խազ չէր խլացել «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»-ը, «Ազատ, անկախ Հայաստան»-ը, առավել եւս` «Լե-վոն, Լե-վոն»-ն ու «հի-մա»-ն: Որ մի թիզ չէր ընկրկել նաեւ «Հիմա»-ն, իրեն հատուկ էր պահում «Հատուկ գունդ»-ը, ի դեպ` «Վեր կաց»-ն էլ: Քանի որ խոսք գնաց նաեւ հիմա-ից, հիմա անդրադառնանք հանրահավաքին ելույթ ունեցածների վճռականությանը: Հանրահավաքը վարող Սուրեն Սուրենյանցն ասաց, թե «մենք արդեն երկրորդ անգամ ոստիկանությունից եւ այս ավազակապետությունից ազատագրում ենք Մատենադարանը եւ նույն վճռականությամբ պետք է Հայաստանը դարձնենք ազատ, անկախ երկիր»: Ժողովուրդն ի պատասխան «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկեց: «Երկու օր առաջ իշխանությունների կողմից վերահսկվող կրիմինալի ոտնձգությունը Հյուսիսային պողոտայում հավաքված մեր քաղաքացիների եւ հիմնականում կանանց նկատմամբ, ոչ թե մեզ վախեցրել է, այլ դարձրել ավելի համախմբված, ավելի վճռական ու ավելի հաղթող», - շարունակեց Սուրենյանցը: Ժողովուրդն այս անգամ արձագանքեց «Ա-մոթ, ա-մոթ»` ամոթ-ը, բնականաբար, հասցեագրելով «իշխանությունների կողմից վերահսկվող կրիմինալին»: Ապա Սուրենյանցի առաջարկով վանկարկեց այն մարդու անունը, ում «բոլորս նախագահ ենք ընտրել փետրվարի 19-ին»: Վանկարկումների հաջորդ ալիքը, բնականաբար, «Լե-վոն, Լե-վոն» հնչյունական կազմն ուներ: Առաջին ելույթը հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանինն էր, ով անդրադարձավ վերջին 4 ամիսների ընթացքում միջազգային կառույցների կողմից ընդունված` Հայաստանին վերաբերող բանաձեւերին, փաստաթղթերին, որոնք, ըստ բանախոսի, «եթե ոչ այս պահին, ապա վաղը անմիջական ազդեցություն են ունենալու ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ճակատագրի վրա»: Ըստ Պասկեւիչյանի` մինչ ՀՀ իշխանությունները քափ ու քրտինք էին թափում այդ բանաձեւերում ստորակետներ տեղաշարժելով կամ բառեր փոխելով, այդ ընթացքում ԵԽԽՎ-ի կողմից ընդունվեց «Ադրբեջանում ժողովրդավարության մասին» բանաձեւ, «եւ բանից պարզվեց, որ Ադրբեջանում ժողովրդավարությանն ամենից շատ խանգարում է այն, որ ՀՀ-ն գրավել է Ադրբեջանի տարածքները... Եթե 10-12 տարի առաջ այս բանաձեւերից որեւէ մեկի կետերից որեւէ մեկն ընդունված լիներ, հայ մտավորականությունն այստեղ կանգնած կլիներ տարբեր խորության, բարձրության ու տրամաչափի ակադեմիկոսներով, արվեստագետներով, դասախոսներով ու կպահանջեր այն ժամանակվա իշխանությունների հրաժարականը»: Այդ մտավորականությունն այսօր, ըստ հրապարակախոսի, զբաղված է. հերթի է կանգնած նախագահականի եւ այլ «սուրբ» դռների մոտ, որպեսզի պաշտոններ, մեդալներ, շքանշաններ ստանա: Պասկեւիչյանը թվեց անուններ` «Արմեն Մազմանյան, Զորի Բալայան, Հենրիկ Իգիթյան, «նրանցից որեւէ մեկն այսօր իշխանություններին չի ասում` հարգելի իշխանություններ, ի՞նչ է կատարվում Ղարաբաղի հարցի շուրջ, ինչու՞ է ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը ՀՀ «նախագահի» հետ հանդիպումից հետո Բաքվում ստորագրում Հայաստանին նվաստացնող մի փաստաթուղթ, ըստ որի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի սահմանների անխախտելիության սկզբունքով»: Հրապարակախոսն ասաց նաեւ, որ ինչպես ժամանակ առաջ իր հոդվածներից մեկում էր նշել, բոլոր` քիչ վերը հիշատակված փաստաթղթերը վկայում են, որ Հայաստանում սկսվում է ղարաբաղյան նոր շարժում, «բայց ամենից առաջ այդ շարժումն ուղղված է ծագումով ղարաբաղցի Ս.Սարգսյանին եւ Ռ. Քոչարյանին»: Վերջինիս համոզմամբ` Շարժումը չպետք է դադարի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չունի իրական իշխանություն, որպիսին ժողովրդի կամքը ներկայացնող իշխանությունն է: Հաջորդ ելույթը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանինն էր: Ըստ նրա` այլեւս վերացած է ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը: «Հակամարտության մի կողմում կանգնած է իր իրավունքների համար պայքարող արդար ժողովուրդը, իսկ մյուս կողմում` ագահ, ընչաքաղց, կաշառակեր իշխանությունն է, որը հայրենիք չունի: Սիրելիներ, մենք մեծամասնություն ենք, իսկ մյուս կողմը ներկայացված է ընդամենը մի քանի տասնյակ մարդկանցով: Եվ դուք շատ լավ գիտեք, որ երբեւէ, որեւէ երկրում փոքրամասնությունը չի հաղթում մեծամասնությանը: Հաղթելու ենք»: Տիկին Թադեւոսյանը նաեւ անակնկալ ուներ. աշնանը տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում վերջինս որպես թաղապետի թեկնածու առաջադրվելու է Արաբկիր համայնքում եւ ընտրվելու դեպքում Արաբկիրը, իր իսկ խոսքերով, վերադարձնելու է արաբկիրցիներին: Հանրահավաքի մասնակիցներին ու Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչներին բոլոր քաղբանտարկյալների անունից իր ուղերձն էր հղել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը. «Հանուն մեր երկրի եւ ժողովրդի արժանապատիվ ապագայի առաջնորդեք Համաժողովրդական Շարժումը մինչեւ վերջ: Մեզ բացակա չդնեք: Այս պայքարում ձեզ հետ ենք: Պայքար, պայքար, մինչեւ վերջ», - ասված էր ուղերձում: Ելույթ ունեցավ նաեւ «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը, ով ժամանակ առաջ դաժան ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նարեկը հիշեց իր մանկությունից մի դրվագ. «Պապս ժամանակին մեղվի փեթակ էր պահում ու ամեն անգամ մեղուներին կեր տալուց ասում էր` մի բզի այդ փեթակը, մեղուները կկծեն: Ես էլ փոքր էի, գնում բզում էի, ու մեղունեը կծում էին: Հիմա մեր երկիրն է այդ մեղվի փեթակը, մենք էլ այդ փեթակի մեղուներն ենք: Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը այդ փեթակի բոռ մեղուներն են, իսկ բոռ մեղուները ունակ են միայն խժռելու, նրանք ոչ աշխատում են, ոչ էլ փեթակն են պաշտպանում: Նրանք հիմա խժռում են մեր ազատությունը: Ուրեմն թող հասկանան` ՀՀ երիտասարդությունը կանգնած է եւ գնալու է մինչեւ վերջ»: Ի դեպ, Նարեկի խոսքի առոգանությունը շատ նման էր Նիկոլ Փաշինյանի խոսքին, գուցե այդ պատճառով էլ Նարեկի ելույթից հետո նրան մկրտեցին «Փոքրիկ Նիկոլ» անունով: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն իր ելույթում կոշտ գնահատականներ տվեց ռեժիմի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը` կոչ անելով հրաժարական տալ ու հեռանալ, քանի որ դա է նրա միակ փրկությունը: Համաժողովրդական Շարժման կենտրոնի (ՀՇԿ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե շոգ եղանակի պատճառով հնարավոր է, որ հանրահավաքները միառժամանակ դադարեցվեն եւ վերսկսվեն միայն աշնանը: «Հի-մա, հենց հի-մա»` արձագանքեց ժողովուրդը: «Մենք չենք կարող մեր ամբողջ տակտիկան բացահայտել», - ասաց Զուրաբյանը` շարունակելով, - «Այն, ինչ մենք ասում ենք` դառնում է նաեւ իշխանությունների սեփականությունը: Դա նշանակում է, որ որոշ ժամանակ ստիպված ենք թաքցնել մեր պայքարի անսպասելիության էֆեկտը եւ միշտ չէ, որ ձեզ նախապես տեղյակ ենք պահելու մեր տակտիկայի մասին»: Քաղաքական ակտիվությունը եղանակի հետ կապելը Զուրաբյանը համարեց տգիտություն` նշելով, որ եթե կա ցանկություն պայքարի միջոցով հասնել արդյունքների, ապա չեն խանգարի ոչ ցուրտը, ոչ էլ շոգը: Իսկ մինչ հաջորդ հանրահավաք` 28-օրյա նստացույց է տեղի ունենալու Հյուսիսային պողոտայում: Զուրաբյանն առաջարկեց փողոցներից տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ բանտերում են պահվում քաղբանտարկյալները: ՀՇԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն էլ դիմելով Ս.Սարգսյանին` նրան վճռական առաջարկ արեց. ազատ արձակել անազատության մեջ պահվող բոլոր 84 քաղբանտարկյալներին: «Սերժ, եթե քեզ պետք է ունենալ 84 քաղբանտարկյալ, ապա ես քեզ առաջարկություն եմ անում. մենք 84 հոգով պատրաստվում ենք փոխարինել նրանց եւ ինքնակամ գալ բանտ: Քեզ համար ի՞նչ տարբերություն, յուրաքանչյուրս այնքան ենք մեղավոր, ինչքան նրանք: Ես խորհուրդ եմ տալիս քեզ լավ մտածել, քանի որ վաղ թե ուշ դու ստիպված ես լինելու ազատ արձակել մեր ընկերներին»: Ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով իր ելույթը վերնագրել էր «Որ հաղթի Հայաստանը»: Նշենք նաեւ, որ հանրահավաքը եզրափակվեց դեպի Հյուսիսային պողոտա հուժկու երթով: Որը մինչեւ իր նպատակակետին հասնելը անցավ Մաշտոցի պողոտա-Սբ.Գրիգոր Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց երթուղով: (Հանրահավաքի հարյուրավոր մասնակիցներ այժմ նստացույց են անում Հյուսիսային պողոտայում): Ոստիկանները, բնականաբար, նորից փորձեցին իրենց չունեցած հատկությունը` վճռականություն ցուցաբերել ու խոչընդոտներ ստեղծել երթի ընթացքում: Սակայն...ապարդյուն: «Հյուսիսային պողոտա-2» եւ իշխանական սափրագլուխների կողմից հղացված այլ սադրիչ սցենարներ, բարեբախտաբար, տեղի չունեցան: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |