|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անարդյունավետ վճիռ է կայացվել10:04 Yerevan | 6:04 GMT | Friday 4 July 2008Մարինե Խառատյան ԿԲ նախկին նախագահ, ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստից առաջ հակադարձել է ՀՀ ոսկու պաշարների վաճառքի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին` դրանք անվանելով «քաղաքական սպեկուլյացիաների եւ քաղաքական ավանտյուրաների առարկա դարձած պատմություն»: «Առաջին հայտարարությունը, որ ես ուզում եմ անել, հետեւյալն է` ՀՀ-ում ԿԲ-ի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ քաղաքական որոշումը կայացվել է 1994թ.-ին, եւ 1994թ., 1995թ., 1996թ. եւ հետագա տարիներին ոսկու բոլոր ֆիզիկական պաշարները, որ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, դուրս են բերվել, արտահանվել են Շվեյցարիա, փոխարենը բացվել են մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ, որոնք արտահայտված են դոլարով: Այդ քաղաքական որոշումը, որ կայացվել է 1994թ.-ին, կարծում եմ, ճիշտ որոշում է եղել, որովհետեւ ֆիզիկական ոսկին, որ գտնվում էր մեր պահոցներում, չէր կարող նպաստել մեր երկրում տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ էր, որպեսզի այդ ոսկին դառնա եկամտաբեր, արտարժութային ակտիվ, եւ այդ որոշումը կայացվել է: 2003թ. ԿԲ-ն կայացրել է մեկ այլ որոշում` դոլարով արտահայտված մետաղական հաշիվները ԿԲ-ն որոշել է վերածել ֆունտով դեպոզիտային հաշիվների: Այդ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 2 մլրդ 300 մլն իրացված մաքուր շահույթ եւ այն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե: Բացի դրանից, մետաղական դեպոզիտային հաշիվների սպասարկումը 2003թ.-ին վնասաբեր էր, որովհետեւ այդ հաշիվների սպասարկման համար մենք կատարում էինք ծախսեր, իսկ եկամտաբերությունը չնչին էր` համեմատած ֆունտ սթեռլինգի հետ, որն այդ պահին ուներ ամենաբարձր եկամտաբերությունը, եւ նրա արժեքը դոլարի հետ համեմատած շատ ավելի բարձր էր: Արդյունքում` եղել է շահավետ գործարք մեր պետության համար: Մեղադրանքը կայանում է նրանում, որ եթե մենք այդ գործարքը չիրականացնեինք 2003թ.-ին, այլ իրականացնեինք 2008թ.-ին, ապա շահույթները կարող էին լինել ավելի մեծ», - ասել է Տիգրան Սարգսյանը: Երեկ այս առթիվ մեկնաբանություն խնդրեցինք 94-98 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանից: «Որեւէ քաղաքական վճիռ չի կայացվել: Սա հասարակությանը մոլորության մեջ գցելու միջոց է ընդամենը: ԿԲ լիազորությունների շրջանակներում է պահուստների կառավարումը, եւ ԿԲ-ն ինքնուրույն կայացնում է վճիռներ ոսկին գնելու, վաճառելու խնդրի վերաբերյալ: Ես մինչեւ հիմա չէի խոսում այն պարզ պատճառով, որ ես եմ հիմնադրել այդ պահուստները: Իբրեւ քաղաքականություն գտնում եմ, որ նպատակահարմար է ՀՀ արտաքին պահուստներում ոսկի ունենալը: Մեր ժամանակ ոսկին վաճառելու որոշում չի կայացվել: Մենք ոսկին չենք օտարել: Ոսկին դրել ենք եկամտաբեր հաշիվների վրա: Ես հայտարարում եմ, որ դա ՀՀ-ի ոսկին էր, որ այո, շվեյցարական ամենակայուն բանկերից մեկում էր եւ ոչ մի վտանգ ՀՀ-ի ոսկուն չէր սպառնում: Ամեն րոպե մենք կարող էինք բերել, մեր նկուղներում պահել, բայց արդյունավետությունը պահանջում էր, որ մենք պահեինք շվեյցարական բանկերում: Դա Կենտրոնական բանկի վճիռն էր, որեւէ քաղաքական մարմին էդտեղ չէր խառնվել, չէր էլ կարող խառնվել: Ես չգիտեմ` հետագայում ինչ է տեղի ունեցել: Մենք բացել էինք մետաղական հաշիվ, եկամտաբեր հաշիվ, եւ ոսկին դրված էր այդ հաշվի վրա: Մենք արդյունահանում էինք որոշակի քանակություն, հետո արտահանում էինք, դնում էինք բանկում: Դա ՀՀ-ի ոսկին էր, ոչ ոք մեզանից չէր վերցրել: Պետք չի թյուրիմացության մեջ որեւէ մեկին գցել: Ժամանակը ցույց տվեց, որ ոսկին վաճառելու վճիռը արդյունավետ վճիռ չէր: Ես հորդորում եմ ձեռնպահ մնալ նման հայտարարություններից: Ոսկու պատմությունը շատ հստակ է: Տիգրան Սարգսյանը պետք է ընդունի մի պարզ ճշմարտություն, որ ինքը անարդյունավետ վճիռ է կայացրել, եւ իր բոլոր վճիռները չեն կարող արդյունավետ լինել»: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հայտարարության շարունակությանը, թե «քաղաքական սպեկուլյացիաների նպատակն է մեզ ցավ պատճառելը: Եվ ես համոզված եմ, որ այդ մոտեցումը ամենեւին էլ չի նպաստում մեր պետականության ամրապնդմանը: Մեր պետականության ամրապնդմանը կնպաստի իրական փաստերի բացահայտումը», ԿԲ նախկին նախագահը նրան նման առաջարկ է անում. «Դրա ձեւերը հայտնի են: Խնդրեմ, ես դիմում եմ Տիգրան Սարգսյանին, թող իմ ընկերներ քաղբանտարկյալներին բոլորին ազատ արձակեն, Հյուսիսային պողոտայում երեկ մի քանի տասնյակ խուժան հարձակվել է պողոտայի ժողովրդի վրա: Քանի՞ հոգի է այդ խուժանից ձերբակալվել: Այ եթե մտածում է պետության ամրապնդման մասին, թող այս խնդրի պատասխանները տա: Երեկվա միջադեպը մեր պետությանը շատ լուրջ հարված էր: Թող մի քայլ անի այդ դեպքի բացահայտման ուղղությամբ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |