|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»10:02 Yerevan | 6:02 GMT | Friday 4 July 2008Էմմա Գաբրիելյան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: Անցյալ շաբաթ` համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում, Բաքվից Երեւան ժամանած միջնորդներից ամերիկացի համանախագահը` Մեթյու Բրայզան, մեկնաբանելով Բաքվում կայացած բանակցությունները, տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւը պատրաստակամություն է հայտնել շարունակել լուրջ քննարկումները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում: «Նախագահ Ալիեւը շատ հստակ հասկացնել տվեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համար ժամանակն է առաջ շարժվելու, եւ որ ինքը ցանկանում է լուրջ քննարկում ունենալ նախագահ Սարգսյանի հետ: Դա լավ մեկնարկ է, եւ այժմ մենք պետք է խորացնենք ու ամբողջական տեսքի բերենք մադրիդյան փաստաթուղթը», - հայտարարեց ամերիկացի դիվանագետը Երեւանում: Հատկանշական է, որ բանակցող կողմերը որեւէ նշանակալի հայտարարություն առայժմ չեն արել համանախագահների այցի ավարտին, մինչդեռ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը օրերս նշեց, որ ղարաբաղյան հակամարտության հարցով «միջանկյալ լուծման» հնարավորություն է գտնվել: Նա շեշտել էր, որ Երեւանն ու Բաքուն «ոսկե հնարավորություն» ունեն ԼՂ հակամարտության կարգավորման համար: «Արդեն մի քանի տարի է` մենք ձգտում ենք, որ գտնենք ԼՂ հակամարտության կարգավորումը: Միջանկյալ լուծման տարբերակ է ներկայացված կողմերին, այն դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա: Ես ցանկանում եմ ասել, որ այժմ ոսկե հնարավորություն է հայտնվել այդ հակամարտության կարգավորման համար: Ժամանակն է գտնել այդ որոշումը», - ասել էր Գ.Լենմարկերը` ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանում: Ճապոնական Կիոտո քաղաքում հավաքված Մեծ ութնյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարներն էլ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը: Ճապոնիայի ԱԳ նախարար Մասահիկո Կոմուրայի հայտարարության մեջ Մեծ ութնյակի արտգործնախարարները իրենց զորակցությունը հայտնեցին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Սթուբը օրերս Աստանայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ նստաշրջանում` հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը կովկասյան տարածաշրջանի «սառեցված հակամարտությունների» լուծումն է: «ԵԱՀԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը հակամարտություններն են, ու նախեւառաջ նկատի ունեմ Կովկասը: Կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն պետք է ներգրավվի հակամարտությունների լուծման գործում: Հակամարտություններից մեկը ԼՂ-ն է, այս հակամարտությունը պետք է լուծվի առաջնային կարգով», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: Վերջինս նշել է նաեւ, որ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում նրան, որ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը շարժվում է դրական հունով: Եվ հույս է հայտնել, որ առաջընթաց կգրանցվի: Ինչպես հայտնի է` երեկվանից մեկնարկեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Ադրբեջան: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների գլխավոր թեման ղարաբաղյան հիմնախնդիրն է. Բաքվում լրագրողներին այս մասին հայտնել էր Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը եւ ընդգծել էր, որ Ռուսաստանը «պատմական հանգամանքների բերումով կոչված է կառուցողական դեր խաղալու հակամարտության կարգավորման գործում եւ դրա համար գործադրում է բոլոր ջանքերը: Երկու պետությունների ղեկավարները հանգամանալից զրույց կանցկացնեն հակամարտության խնդիրների լուծման շուրջ», - ասել էր Իստրատովը: Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ-ի` «առաջ շարժվելու» եւ երկրի համար նախընտրելի պահանջների թեման անպայմանորեն առաջ կքաշի, ինչը չի կարելի պնդել վերջերս ՌԴ նախագահին հանդիպած Սերժ Սարգսյանի պարագայում: Հայկական կողմը բացի նախաբանակցային փուլերի ավանդական-ստանդարտ հայտարարություններ անելուց` այլ քայլ չի իրականացնում: Միայն հայտարարելով, թե Ադրբեջանին չի հաջողվի ԼՂ հարցը տեղափոխել այլ ատյաններ` որեւէ բան չի փոխվում: Ընդհակառակը` պաշտոնական Բաքվին հաջողվում է բոլոր ատյաններից իր երկրի համար նպաստավոր ձեւակերպումներ «կորզել». ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւն էր, որում նախ ամրագրվեցին ՄԱԿ-ի ԳԱ-ի գնահատականները, ապա նշվեց, որ Ադրբեջանում լուրջ ժողովրդավարական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայկական կողմի «ձեռքբերումները» սրանով չեն ավարտվում. պարզվում է, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների վերաբերյալ տարբեր պաշտոնյաներ տարբեր մոտեցումներ ունեն: Օրինակ` կարդում ենք Ս.Սարգսյանի նախընտրական ծրագիրը, տեղեկանում ենք, որ` «Արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ նախագահի գործողությունների կիզակետում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետեւյալ սկզբունքների վրա` ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»: Իսկ ի՞նչ էր ասել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս «Արմենպրես»-ին տված հարցազրույցում... Որ` «Հակամարտության հիմքում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հարցն է». սա պարզ է: Սակայն խոսելով ԼՂ խնդրի Հայաստանի համար առաջնային սկզբունքների մասին` ՀՀ ԱԳ նախարարը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Լեռնային Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ: Ի՞նչ ասել է` «ցամաքային կապ»: Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ունենան «ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»: Խոսքը գնում է մի դեպքում Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրի, մյուս դեպքում` ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հրապարակային գնահատականի մասին, այսինքն` պաշտոնական Երեւանի, ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի համար պատասխանատու երկու պաշտոնյաների դիրքորոշումների մասին: Ստացվում է, որ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրի սկզբունքը արդեն փոփոխվել է: Եվ, իմիջիայլոց, ոչ հօգուտ հայկական կողմի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |