“Zhamanak” Armenian-American Political Daily

«Գրդոն»` փոքրիկ երեւանցիների հաշվին

12:46 Yerevan | 8:46 GMT | Thursday 3 July 2008

Հեղինե Մանուկյան

Ինչպես հայտնի է` Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով բարեգործական ակցիան:

Թեեւ ակցիան, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հունիսի 30-ին, սակայն երեկվա դրությամբ դեռ այն շարունակվում էր: Հենց այդ առեղծվածային ակցիան «մեյդան բերելով»` իշխանությունները հասան նրան, որ Համաժողովրդական Շարժման հունիսի 20-ի հանրահավաքը տեղի չունեցավ Ազատության հրապարակում. այդ օրը «Փոքրիկ երեւանցիի» փոխարեն իշխանությունները զրահամեքենաների հերթական ցուցադրությունը կազմակերպեցին` այս անգամ, սակայն, «Մալո լի չտո մոժետ սլուչիցա» «խորագրով»:

Ինչու՞ հունիսի 20-ին Ազատության հրապարակում չկայացավ հայտարարված ակցիան: Այս հարցի պատասխանը պարզելու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսեսյանին ու ահա թե ինչ պատասխան ստացանք. «Այդ օրը ակցիան չի կայացել, քանի որ որտեղ որ արտոնված էր միտինգը, այդտեղ չի կայացել, այլ կայացել է Մատենադարանի մոտ, իսկ Ազատության հրապարակը անմիջական հարեւանությամբ է Մատենադարանին, դրա համար էլ ակցիան չկայացավ»: Մեր այն դիտարկմանը, թե Մատենադարանն ու Ազատության հրապարակը բոլորովին էլ «անմիջական հարեւանությամբ» չեն տեղակայված եւ, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի միտինգի անցկացման վայրը նախօրոք հայտարարված ակցիայի հետ, պարոն Մովսեսյանը հակադարձեց. «Դե, Ձեր կարծիքով կարող ա այդ երկու շենքերը միմյանցից հեռու են, իմ կարծիքով էլ մոտիկ են, դրա համար էլ երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով այդ օրը ակցիան չի կայացել»: Հիշում եք, թե հունիսի 20-ին ոստիկանների ի~նչ ստվար բանակ էր շրջափակել Ազատության հրապարակը, եւ պատկերացրեք` ուժայինների այդպիսի ներկայացվածությունից հետո անգամ ակցիայի կազմակերպիչների մոտ լուրջ կասկածներ են ի հայտ եկել միջոցառման մասնակից փոքրիկների անվտանգության ոչ բավարար լինելու հետ կապված: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ակցիան շարունակվում է նախատեսվածից երկար: Մովսեսյանը դա պայմանավորեց ակցիայի մեծ «պապուլյառնիությամբ», վստահեցնելով, թե այն դեռ մի քանի օր էլ կշարունակվի: «Քանի որ ակցիան դառել է մեր քաղաքացիների առօրյայի մի մասը, մարդիկ ամեն երեկո արդեն ինքնըստինքյան գալիս են այդ հրապարակ` օգտվելու ակցիայի հնարավորությունից, ես իմաստ չեմ գտնում դադարեցնել այն: Մոտ օրերս կորոշենք` արդյոք շարունակե՞նք ակցիան, թե՞ ուրիշ բան կազմակերպենք: Քանի որ այս տարի Երեւանի 2790-ամյակն է, մենք նախատեսված շատ ուրիշ ծրագրեր էլ ունենք, որոնցից մեկն էլ լինելու է գրքի փառատոն», - փորձեց բացատրել պարոն Մովսեսյանը: Իսկ ինչու՞մն է ակցիայի էությունը: Ահա թե ինչում: Հրապարակում տեղադրված են ատրակցիոններ, բատուտներ, փոքրիկ շոգեքարշ եւ երեխաների զվարճանքի համար նախատեսված այլ պարագաներ, որոնցից «շուկայականից 50 տոկոս ցածր գնով» օգտվելու հնարավորությունն էլ, ինչպես տեղեկացրեց Մովսեսյանը, «կայանում է ակցիայի էությունը»: Այսինքն` եթե «Մոնումենտում» կամ «Լունապարկում» տվյալ ատրակցիոնից օգտվելու համար երեխաները պետք է վճարեն 200-500 դրամ, ապա Ազատության հրապարակում այդ «հաճույքներն» արժեն 100-200 դրամ: Չմոռանանք նշել, որ գործում են նաեւ զեղչեր: Մովսեսյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը անհատ ձեռներեցներից վարձակալել է այդ ատրակցիոնները, նշանակել համապատասխան աշխատակիցներ, ովքեր էլ վերահսկում են ակցիայի անցկացումը:

Որոշեցինք հետաքննություն անցկացնել` պարզելու արդյո՞ք ակցիան ընթանում է կազմակերպչական ու էթիկական պատշաճ մակարդակով, ինչի արդյունքում, սակայն, տխուր փաստերի դեմ առանք: Ատրակցիոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոչ բարեկիրթ պահվածքով ու բառապաշարով աշխատակիցը, ով ներկայացավ որպես Գրիշիկ, ասաց, որ ինքն է հրապարակում տեղադրված «հաճույքի պարագաների» տերը` բացառությամբ հրապարակի` Հյուսիսային պողոտային հարակից տարածքում տեղակայված «ակումլյատորով ավտոների» ու հեծանիվների. «Դրանց տերը ուրիշն ա», -վստահեցրեց Գրիշիկը: (Դրանց տերը, պարզվեց, ակցիայի հետ ընդհանրապես չառնչվող մի երիտասարդ է, ով օգտվելով առիթից, որ Ազատության հրապարակում «ակցիա» է ընթանում, որոշել է «կողքից» գումար աշխատել: Պարզեցինք, որ նշված մեքենաներով ու հեծանիվներով հրապարակի շուրջ «մի կռուգ քշելն» արժե 200-500 դրամ): Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ իրենք Գրիշիկ անունով ոչ մի աշխատակից էլ չունեն: Մնում է կարծել, որ կամ Գրիշիկը ինքնակոչի մեկն է կամ էլ` նա պարզապես կեղծել է իր անունը:

Ի դեպ, աշխատակիցների վարքի, կրթական ցենզի, բարոյական նկարագրի մասին: Արդյո՞ք ակցիան համակարգող աշխատակիցները համապատասխան «ստուգում» են անցել մինչ աշխատանքի ընդունվելը, չէ՞ որ, ի վերջո, վերջիններս գործ են ունենում մանկահասակ երեխաների հետ ու պետք է գոնե տիրապետեն վարվեցողության տարրական կանոններին, մանուկների հետ շփման կուլտուրա ունենան, մանավանդ որ` փոքրիկ երեւանցիների ծնողներից շատերը մեզ բողոքել էին ակցիայի սպասարկողների ոչ բարեկիրթ պահվածքից: Վարչության պետը շատ զարմացավ մեր այդ հարցից` տարակուսելով, թե չէր կարծում, որ ինչ-որ ակցիայի շրջանակներում աշխատելու համար պետք է «տվյալ անձը սանէպիդկայանից համապատասխան թուղթ ունենա»: Ինչեւէ: Իսկ ո՞վ է վերահսկողություն իրականացնում ատրակցիոնների շահագործումից ստացվող գումարների նկատմամբ եւ ու՞ր են դրանք հոսում: Մովսեսյանը հավաստիացրեց, որ ստացված գումարի մի մասը աշխատավարձի տեսքով քաղաքապետարանը տալիս է ակցիան համակարգող աշխատակիցներին, մյուս մասից էլ վճարում է հոսանքով աշխատող ատրակցիոնների ծախսած էլեկտրաէներգիայի վարձը: Իսկ շահու՞յթ...«Ի~նչ շահույթ, չէ՞ որ ակցիան հենց ակցիա է կոչվում մի բանի պատճառով, որ շահույթ չի հետապնդում», - եղավ Մովսեսյանի պատասխանը: Հետաքննության արդյունքում պարզեցինք նաեւ, որ եթե ժամը 9: 00-19: 00-ն ատրակցիոններից օգտվելու համար սահմանված գինը 100-200 դրամ է, ապա ժամը 20: 00-ից սկսած` «իրիկվա հովը ընգնելուց հետո», դրանց գինը կտրուկ աճում է, անգամ կրկնապատկվում: Չենք կարծում, թե քաղաքապետարանը չգիտի կամ գլխի չի ընկել ատրակցիոնների «գների երեկոյան թռիչքների» մասին: Կարելի է միայն ենթադրել, թե ու՞մ գրպաններն են հոսում բարեգործություն անվան տակ արվող «գրդոնի» արդյունքում հայթայթվող հսկայական գումարները:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.