|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվրոպական «հանգստավետ» քաղաքները11:26 Yerevan | 7:26 GMT | Wednesday 2 July 2008 Բրիտանական «Times» պարբերականը թվարկել է եվրոպական տասը քաղաքների անունները, որտեղ կարելի է լավագույն հանգիստը անցկացնել: Այսպես. Բելգիայում` Գենտ քաղաքը. միջնադարյան քաղաք Արեւմտյան Եվրոպայում: Մինչ օրս նեղ ջրանցքների ափերին պահպանվել են հին շինությունները: Հրապուրիչ է Բելֆորդը` գոթական ոճով աշտարակ-զանգակատունը` քաղաքացիների ազատության խորհրդանիշը, որը վերականգնվել է 14-րդ դարում: Ֆրանսիայում` Լա Ռոշելը... Այս քաղաքի մասին շատերը գիտեն Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպից... Ուկրաինայում` Լվով քաղաքը, որի սրճարանները կարող են մրցել Վիեննայի սրճարանների հետ: Իսկ քաղաքի ճարտարապետությունը հիշեցնում է Պրահան: Իսպանիայում` Վալենսիան, որն ունի հարուստ պատմություն... Գերմանիայում` Քյոլնը. Քյոլնի տաճարի մասին իրազեկ են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են տեսել «Լյուդվիգի գերժամանակակից թանգարանը»` 20-րդ դարի հավաքածուով: Ի դեպ, այս քաղաքում դիտարժան է նաեւ շոկոլադի թանգարանը: Նիդերլանդներում` Ութրեխթը` գոթական ոճի եկեղեցիներով, որոնք հատուկ կոլորիտ են տալիս այս քաղաքին: Շվեդիայում` Գյոթեբորգը իր գլխավոր փողոցով, որը հայտնի է ժողովրդական զբոսանքներով: Սերբիայում` Բելգրադը` իր մշակութային կոթողներով: Իտալիայում` Բոլոնիան` իր պատմական աշտարակներով: Նորվեգիայում` Ստավանգերը` 900 տարվա պատմությամբ: Այն համարվում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը: ՎՈՒԱՄ-ի հերթական գագաթնաժողովը Բաթումում Երեքշաբթի օրը Բաթումում բացվել է ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովը: Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը ներկայացնում են նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Իլհամ Ալիեւը: Մոլդովան ներկայացնում է ներքին գործերի նախարար Վալենտին Մեժինսկին: Հյուրի կարգավիճակով մասնակցում են Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Գագաթնաժողովին մասնակցում են նաեւ 25 այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռուսական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` հանդիպման ինտրիգներից մեկը Ուկրաինայի նախագահի աշխատակազմում մշակած` նոր էներգետիկ կառույցների ստեղծումն է, ինչը կարող է հսկել Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցվող ռուսական գազի ծավալները եւ որակը: Ենթադրվում է, որ միջազգային հսկիչ կենտրոնում կներառվեն ՎՈՒԱՄ երկրների, Լեհաստանի եւ Բալթյան պետությունների ներկայացուցիչները: Կիեւի քաղաքական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տոլստովը հայտարարել է, որ այդ սխեման ներկայացված է Ուկրաինայի եւ Եվրամիության էներգետիկայի հարցերով հուշագրում, սակայն հայտնի չէ, թե Եվրամիությունը ինչ դիրքորոշում է դրսեւորելու դրա հանդեպ: Նրա խոսքով` հասկանալի չէ Ադրբեջանի եւ Մոլդովայի դիրքորոշումը, որոնք ակնհայտորեն չեն կամենում բարդություն հարուցել Մոսկվայի հետ հարաբերություններում: ՎՈՒԱՄ-ում Մոլդովայի հետ կապված իրավիճակը այնքան էլ պարզ չէ, նույնիսկ դրված է նրա հետագա ներկայության հարցը: Այս երկրի նախագահ Վլադիմիր Վորոնինը վերջերս հայտարարել է, որ եթե Մերձդնեստրի հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է ՎՈՒԱՄ-ից դուրս գալը, ապա Քիշնեւը կանի այդ քայլը: Որոշ փորձագետներ այն կարծիքն են հայտնել, թե Մոլդովան հայտնվել է երկակի վիճակում. բազմակողմ ճնշում է գործադրվում այս երկրի վրա: Մոլդովայում առկա է այն միտումը, որ առանց Ռուսաստանի բարի կամքի` պետության տարածքային ամբողջականության խնդիրը չի կարող լուծվել: Փորձագետները ՎՈՒԱՄ-ի մասին տարբեր դիրքորոշումներ են ներկայացնում: Այսպես օրինակ` Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Լեւան Բերձենիշվիլին հայտարարել է, որ ՎՈՒԱՄ-ը պետք է առավել գործուն լինի: «Ժամանակին շատերը այն կարծիքն են հայտնել, որ ՎՈՒԱՄ-ը ԱՊՀ-ի այլընտրանքն է: Սակայն դա այդպես չէ. ՎՈՒԱՄ-ը այլ խնդիրներ ունի: Գլխավորը` ՎՈՒԱՄ-ը ոչ ոքի չի սպառնում, այդ թվում` Ռուսաստանին: Նրա առաջնահերթությունը տնտեսական է, իսկ քաղաքականությունը երկրորդային է»: Միանգամայն հակադիր դիրքորոշում է ներկայացնում Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության բաժնի պետ Արիֆ Յունուսովը: Նրա կարծիքով` ՎՈՒԱՄ-ի նպատակը միայն տնտեսական չէ. «Միջպետական այս կազմակերպության կենսունակությունը չի դրսեւորվում միայն տնտեսական հարցերում, այն կապված է նաեւ Ռուսաստանի դերի նվազեցման հետ: Դա է պատճառը, որ ՎՈՒԱՄ-ը առաջիկայում միայն կամրապնդվի: Հակառակ պարագայում` այս կազմակերպությունը կկորցնի իր իմաստը»:
Ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցություն Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը ընդունել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնին: Մինչ այդ նա հասցրել էր բանակցել իր ռուս գործընկեր Ալեքսեյ Կուդրինի հետ: Նա հաստատել է, որ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել դոլարը եւ պատրաստ է ընդունել ռուսական պետական ներդրումները: Փոլսոնը հրապարակայնորեն Ճանաչեց ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի կառավարման սխալները, որոնց հետեւանքը համընդհանուր մասշտաբով ճգնաժամային երեւույթներն են: Հիշեցնենք, որ «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ ամերիկյան դոլարը փոխակերպվել է միջազգային հիմնախնդրի եւ առաջարկել էր ստեղծել մուլտիարժութային միջազգային ֆինանսական համակարգ: «Կասկած չկա, որ հիփոթեքային ճգնաժամը մի գործոն էր, ինչը շղթայական ռեակցիա առաջացրեց», - հայտարարել էր Մեդվեդեւը: Ի դեպ, Փոլսոնի` Մոսկվա կատարած այցը համընկավ դոլարի հերթական անկմանը, վառելիքի գների աճին եւ խոշորագույն բանկերից մեկի վերաբերյալ բացասական կանխատեսմանը:
Եվրամիություն-Ռուսաստան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Եվրամիության ղեկավարությունը մտադիր են նոր համաձայնագիր կնքել` գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ: Բանակցությունների առաջին փուլը կկայանա հուլիսի 4-ին Բրյուսելում: Համաձայնագրի գլխավոր կետեր կդառնան Ռուսաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ առանց անցակարգի սկզբունքի հաստատումը, ինչպես նաեւ համընդհանուր անվտանգության ոլորտում համագործակցությունը: «Մենք սկսել ենք մասշտաբային բանակցությունները նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, ինչը կոչված է դառնալու ռազմավարական համագործակցության հիմքը», - հայտարարել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Կողմերը շոշափել են Եվրամիությունում էներգահամագործակցության հարցերում քաղաքականացվածության հաղթահարումը: Դա հաստատվել է գագաթնաժողովի ընթացքում: Ռուսաստանը Եվրամիության հետ ապրանքաշրջանառության առումով զբաղեցնում է երրորդ տեղը` ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո: Հետեւաբար համաձայնագրում մեծ տեղ է հատկացվելու առեւտրական համագործակցությանը: Բանակցությունների վերջնարդյունքում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ եվրոպացիները համաձայնության են եկել Մեդվեդեւի հետ` «տնտեսական նիհիլիզմը» հաղթահարելու հարցում:
Արժեքավոր հայտնագործություն Ֆրանսիայում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում գիտնականների խումբը լաբորատոր պայմաններում սինթեզել է մոլեկուլ, որն ընդունակ է շրջափակելու քաղցկեղի բջիջները, ինչպես նաեւ խոչընդոտելու այն անոթների ձեւավորումը, որոնք ապահովում են այդ բջիջների սնուցումը: Այդ մասին տեղեկացնում է մասնագիտացված` «Plos One» գիտական ամսագիրը: Գիտնականների կարծիքով` «HB-19» դեղամիջոցը լայն հեռանկարներ է բացում օնկոլոգիական հիվանդությունները բուժելու համար: Ընդ որում` այս նոր դեղամիջոցը զրկված է կողմնակի ազդեցությունից` թունավորումից, ի տարբերություն ժամանակակից հակաքաղցկեղային մյուս դեղամիջոցների: Գիտական հետազոտության ղեկավարներից մեկը` Արա Հովհաննիսյանը, հաստատում է, որ դեղամիջոցի արդյունավետությունը ստուգվել է քաղցկեղով տառապող մարդկանց եւ առնետների վրա: Ստացված մոլեկուլը ավերիչ ազդեցություն է ունենում պրոտեինի վրա, ինչը քաղցկեղային բջջի հիմնական բաղադրյալն է` արգելակելով դրանց բազմացումը: Հետազոտողները եկել են այն համոզման, որ այս մոլեկուլի երկակի ազդեցությունը այն անփոխարինելի է դարձնում օնկոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքում:
Պենտագոնում AP տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է գնել եւ կիրառել եւս 2 կոմերցիոն արբանյակներ, որոնք թույլ տան զգալիորեն հեշտացնել տիեզերքից` հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների եւ գործողությունների լրտեսումը: Այսպես` սրանց միջոցով կարելի է լրտեսել միջուկային օբյեկտները, թշնամու զորքերի տեղաշարժը, ահաբեկիչների զորավարժական ճամբարները: Պենտագոնը յուրաքանչյուր տարի նման ծրագրերի համար ծախսում է 20 միլիարդ դոլար: Պատրաստեց՝ Գոհար Բարսամյանը |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |