|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ստամբուլը ծով է, լռությունը` ոսկի11:00 Yerevan | 7:00 GMT | Tuesday 1 July 2008Արամ Ամատունի Այն, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փորձի ամեն գնով, այդ թվում եւ Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու, իր նախընտրելիությունը ներկայացնել արեւմտյան հանրությանը եւ սեփական երկրի հանրության շրջանում չունեցած վարկանիշը փոխարինել միջազգային քաղաքական կենտրոններում լոյալության եւ ընդունելիության հետ` երեւի թե որեւէ մեկի համար անսպասելի չէ: Իհարկե, շատերն են գուցե զարմանում, որ այդ գործում հաջողելու համար նա պատրաստ է «խաղասեղանին» դնել անգամ ազգային ողբերգությունը` հաշվի չառնելով համայն հայության բացասական վերաբերմունքը իր այդ քայլին, սակայն բանն այն է, որ այդ հարցում Ս.Սարգսյանը որոշակիորեն ազնիվ է: Եթե թքած ես ունենում ժողովրդի կարծիքի վրա, ապա թքած ես ունենում մինչեւ վերջ եւ ավելորդ սեթեւեթումները անտեղի շքեղություն են: Բայց մեծ հաշվով, Ս.Սարգսյանի պահվածքի մեջ որեւէ զարմանալի բան չկա: Զարմանալի չի լինի նաեւ այն, որ նա Մոսկվա կատարած մեկ այլ այցի ընթացքում էլ հայտարարի, որ ասենք կողմ է կամ առնվազն դեմ չէ Ղարաբաղի հետ կապված պատմական փաստերն ուսումնասիրելու հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կպարզի, թե արդյոք Ղարաբաղը հայկակա՞ն, թե՞ այնուամենայնիվ ադրբեջանական տարածք է, ինչպես պնդում են մեր արեւելյան հարեւանները: Այդ ամենից ավելի զարմանալի է այն, որ Ս.Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության կապակցությամբ առայժմ ըստ էության լուռ է մի կուսակցություն, որը նորապսակի համեստությամբ շիկնում է, երբ իրեն ազգային արժեք են համարում եւ նորափեսայի տաքարյունությամբ վրդովվում, երբ կասկածի տակ են առնում ազգային արժեք լինելու հանգամանքը` համարելով ընդամենը մի կուսակցություն, որը հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում հարմարվել է քաղաքական տվյալ ժամանակի կոնյունկտուրային` լռելյայն համագործակցելով երիտթուրքերի, կոմունիստների, հիմա էլ նժդեհականների հետ, անտեսելով, սակայն, թե ազգային խնդիրների հանդեպ ինչ իրական քաղաքականություն են վարում այդ ուժերը: Խոսքը, ինչպես երեւի թե ընթերցողը կռահեց, Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին է, որն իհարկե առավել ճիշտ է հիշատակել բացառապես հապավումով` ՀՅԴ, որովհետեւ այդ հապավումի բոլոր երեք տառերն էլ էականորեն իմաստափոխվել են այդ կուսակցության մոտ 120-ամյա պատմության ընթացքում, զրկվելով իրենց նախնական եւ բուն իմաստից: Հայ-թուրքական հարաբերության հարցում ոչ մի թիզ հող, ծովից ծով, Ստամբուլն արյան ծով եւ այլ ռադիկալ կարգախոսներով հանդես եկող ուժը 118-ամյա համառությամբ լռում է եւ չի արձագանքում իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետական» կուսակցության առաջնորդի, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանի հայտարարությանը, որով Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ կազմել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի պատմական փաստերը, միայն թե Թուրքիան մինչեւ այդ սահմանները բացի: Մի կողմ թողնենք այն, թե ինչ են իրենցից ներկայացնում Դաշնակցության ռադիկալ կարգախոսները: Դա բոլորովին այլ խոսակցության թեմա է: Խնդիրն այն է, որ այդ կարգախոսների կրող ուժը որեւէ կերպ չի արձագանքում, իր մտահոգությունը չի արտահայտում Հայաստանի նախագահի հայտարարության կապակցությամբ, որն ըստ էության նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Ստացվում է կամ երեւի թե ավելի շուտ հաստատվում, որ «ազգային արժեքի» ազգային-ազատագրական կարգախոսները բացարձակապես կեղծ են, ձեւական, ընդամենը հանրության աչքի եւ ականջի համար: Թվում էր, որ Դաշնակցության երիտասարդները, ովքեր Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ջահերով երթ են անում դեպի Ծիծեռնակաբերդ եւ վառում Թուրքիայի դրոշը, պետք է որ նույն կերպ ջահերով երթ անեին կամ նախագահական նստավայր կամ առնվազն «Հանրապետական» կուսակցության գրասենյակ եւ միգուցե անգամ վառեին «Հանրապետականի» դրոշը: Սակայն ըստ երեւույթին նման հրահանգ կուսակցության վերնախավը չի տվել երիտասարդներին: Մյուս կողմից` հասկանալի է, որ նման հրահանգ չէր էլ կարող լինել, այլապես մյուս տարի չէր լինի Ցեղասպանության հուշահամալիր ջահերով երթը: Չէ՞ որ այդ կրակը ձրի չէ, երթի համար փող է պետք, իսկ որտեղի՞ց այդ կրակի փողը, եթե չլինեն այն բիզնես-քվոտաները, որ տնօրինում են դաշնակցականները: Իսկ ո՞վ է տվել նրանց այդ քվոտաները, ո՞վ է տվել տեղը իշխանական համակարգում, նախարարական պորտֆելները, պատգամավորական մանդատները: Ի՞նչ կլինի, եթե հարկայինը սկսի լուրջ ստուգումներ անցկացնել այն ձեռնարկություններում եւ օբյեկտներում, որոնք պատկանում են դաշնակցականներին: Հո այս անգամ էլ ջահերով երթ չեն անի դեպի հարկային, հետո դեպի մաքսային, հետո դեպի կառավարություն, հետո այստեղ, հետո այնտեղ: Բա ազգային հարցերն ո՞վ լուծի, եթե դաշնակները երթ անեն հանուն սկզբունքի եւ գաղափարի: Այնպես որ, երեւի թե Դաշնակցության լռությունն էլ միանգամայն տրամաբանական է, որքան Ս.Սարգսյանի խոսքը: Ավելին, եթե չլիներ լռության երաշխիքը, Ս.Սարգսյանը չէր խոսի հաստատ, քանի որ ինչ-ինչ, բայց իշխանական համակարգին նա ծանոթ է շատ լավ եւ գիտե, որ պետք է բոլորի բերանը փակես, որ քեզ թույլ տան խոսել սրտի ուզածի չափ եւ սրտի ուզածի մասին: Սակայն, իհարկե, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ այդ ամենի հետ զուգահեռ բացվում են, ավելի ու ավելի լայն բացվում են ժողովրդի, հասարակության, քաղաքացիների աչքերը: Բոլորը հասկանում են, թե ով ով է հայաստանյան քաղաքական եւ նաեւ ազգային-հասարակական դաշտում, թե ինչ արժեն ազգային-ազատագրական կարգախոսները, որ մենաշնորհել են որոշ քաղաքական ուժեր` դարձնելով իրենց բիզնես-պլանի մի մասը` ավելացված արժեքի հարկից ազատվելու համար: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |