“Zhamanak” Armenian-American Political Daily

Նյու Վասյուկիների կյանքից

11:12 Yerevan | 7:12 GMT | Saturday 28 June 2008

Մուսա Միքայելյան

Չգիտես ինչու Հայաստանի իշխանությունները չեն սիրում իրենց առջեւ դնել իրատեսական խնդիրներ: Հերբերտ Գուվերի հայտնի «հավ` ամեն կաթսայի մեջ» կարգախոսը Հայաստանում վերածվել է երդման, ընդ որում` հավը մեր կաթսայում պետք է լինի աշխարհում կամ նվազագույնը` տարածաշրջանում ամենամեծը: Դրված խնդիրները նվազագույնը կեսդարյա կատարողական են ենթադրում, իսկ կոնկրետ քայլեր նպատակին հասնելու համար այդպես էլ չեն արվում:

Նոր վարչապետն էլ բացառություն չէ: Այս «առաջադեմ», «արհեստավարժ» երիտասարդը հազիվ հասցրեց դառնալ վարչապետ ու անմիջապես խոսեց Հայաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ մեծամիտ եւ ոչ մի տրամաբանության չենթարկվող հավակնոտ ծրագրերի մասին: Որպես Հայաստանի գլխավոր դրամատան նախկին ղեկավար` Տիգրան Սարգսյանը չի կարող չիմանալ, որ ֆինանսական կենտրոնը կատակ բան չէ: Հեռահաղորդակցության ցանցի առկայություն, օրենքի գերակայություն, տարատեսակ ենթակառույցներ (չշփոթել բորդել-հյուրանոցների հետ), բժշկական սպասարկության բարձրակարգ ծառայություններ, իրավապահ մարմինների անկաշառ գործունեություն` այս ամենը ֆինանսական կենտրոն դառնալու համար անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար տարրերն են:

Լինել միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ոչ միայն պատվաբեր է յուրաքանչյուր երկրի համար, այլեւ ծայրաստիճան շահավետ: Առաջինը, որովհետեւ դա հավելյալ եկամուտներ է ենթադրում երկրին, երկրորդ` արդյունավետ ֆինանսական կենտրոնն իր կողմ է քաշում միջազգային կապիտալը, երրորդ` ստեղծվում է էֆեկտիվ եւ մատչելի բազա տեղական ընկերությունների ֆինանսավորման համար: Լոնդոնը, Նյու Յորքը, Տոկիոն, Սինգապուրը եւ Հոնկոնգը կատաղի պայքարում են հաճախորդ-էմիտենտների եւ ներդրում կատարող թիմերի համար, որոնք ունակ են գրավել տեղական եւ տարածաշրջանային շուկաներ:

Հայաստանում չկան բավարար ներդրումային միջոցներ: Ներդրողների եւ էմիտենտների համար անհրաժեշտ են իրավական համակարգ, ներդրողներին պաշտպանող եւ բիզնեսին չխանգարող կանխատեսելի օրենսդրություն, քաղաքական կայունություն եւ էֆեկտիվ վարչարարություն: Արժե՞, արդյոք, ասել, որ այս բոլոր անհրաժեշտ կետերից եւ ոչ մեկը Հայաստանում պարզապես «չիք»:

«Ձուկը գլխից է հոտում», եւ սեփական օրենսդրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Հայաստանում հրահանգավորվում է ամենավերեւից: Ամենաթարմ օրինակը «ՍԻԼ» կոնցեռնն է, որը չնայած երկրի ամենախոշոր հարկատուներից է, այնուամենայնիվ քաղաքական հայտնի դրդապատճառներով անցյալ տարեվերջից ցայսօր ենթարկվում է հարկային, մաքսային եւ այլ «վերահսկողականների» «ռեյդերին»: Այս ամենն իրականացվում է գործադիրի կցորդ դարձած դատավորների արձակած ամենաթող ձեռքով, անկանխատեսելի եւ բացառապես տեղական քրեա-օլիգարխիկ քվազիֆեոդալական կարգերն ամրապնդող օրենսդրությամբ:

Հայաստանում ֆինանսական շուկայի կարգավորման մակարդակի մասին եւս ոչ մի բան չենք կարող հիշատակել, ինչպես եւ հաշվետու ու անվերջ իռացիոնալ պահանջների մասին, որոնք օգտագործվում են չինովնիկների կողմից շորթելու սկզբունքին իջեցված կաշառակերությամբ, թափանցիկության բացակայությամբ եւ օրենքների խեղված մեկնաբանությամբ:

Համեմատության համար հավանաբար իմաստ ունի հիշեցնել Նյու Յորքի եւ Լոնդոնի` աշխարհի ֆինանսական երկու կենտրոնների կարգավորիչ օրգանների բանավեճի մասին: Վերջին տարիներին Լոնդոնը նվաճեց աշխարհում առաջին տեղը` մեծ հաշվով շնորհիվ ծայրահեղ փափուկ դասական ազատական օրենսդրության: Որդեգրվեցին այնպիսի սկզբունքներ, որոնց հետամուտ եւ նախանձախնդիր են բրիտանական իշխանությունները: ԱՄՆ-ում էմիտենտների նկատմամբ պահանջները եղել են լավ խստացված 2002թ. Enron եւ մի շարք այլ ընկերությունների հետ կապված վեճի պատճառով: Ուոլ Սթրիթ փողոցի պաշտոնյաները համոզված հաստատում են, որ Անգլիայի «ծակ» օրենքները բավարար չեն պաշտպանում ներդրողներին` թույլատրելով անբարեխիղճ ներդրողներին արժեթղթերը տեղադրել Լոնդոնում: Ըստ բանավիճող ամերիկյան կողմի` ամեն ինչ շուտով վերածվելու է աղետի: Հայաստանում բյուրոկրատիան ամենեւին չի մտածում, թե ինչպես պաշտպանի ներդրողին, ինչպես հեշտացնի ֆինանսական շուկայի մասնակիցների կյանքը:

Հայաստանում ավելի լավ է դնել ոչ մեծ խնդիրներ եւ մանրակրկտորեն բարեփոխվել` հետզհետե նվազեցնելով չինովնիկների եւ նրանց «պարազիտների» արգելակիչ միջամտությունները, որոնք էլ ըստ Transparency International միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատման` նպաստավոր են կոռուպցիայի համար: Դա անհրաժեշտ է ոչ թե որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատար ֆինանսական կենտրոն, այլ որ տեղական ֆինանսական գործոնները աշխատեն ավելի էֆեկտիվ, որպեսզի հայկական ընկերությունները փողի համար չգնան «մոսկվաներ» եւ «լոսանջելեսներ», որ ստիպված չլինեն կապիտալի Հայաստան տեղափոխման համար զարտուղի ճանապարհներ որոնել: Եթե Հայաստանի իշխանությունները զբաղվեն իրենց անմիջական գործով, այսինքն` ստեղծեն երկրում բարերար միջավայր բիզնեսի համար, ապա օտարները կսկսեն այստեղ հայտնվել առանց մեր ուղղակի ջանքերի: Ենթակառուցվածքներին առնչվող շատ հարցեր դյուրությամբ կարելի է լուծել: Այո Դիլիջանը Լոնդոն չէ եւ ոչ իսկ Նյու Յորք: Այստեղ արեւմտյան եւ նույնիսկ տարածաշրջանի գործարարին դժվար կլինի ապրել: Բայց եթե նա կարողանա այստեղ օրինական ճանապարհով «փող սարքել», ապա անպայման կհարմարվի նույնիսկ Դիլիջանի ոչ հարմարավետ կյանքին:

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.