|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Շուշին» ընդդեմ «Շուշիի»13:06 Yerevan | 9:06 GMT | Friday 27 June 2008Մարինա Բաղդագյուլյան Շուշի բերդաքաղաքի վերականգնման աշխատանքների մասին ինտերնետային փնտրտուքներում` կայքերից պարզեցի, որ երկու հիմնադրամներ գոյություն ունեն` «Շուշի» (www.shoushi.am) եւ «Շուշի վերածնունդ» (www.shushi.org): Պարզեցի նաեւ, որ առաջինի հիմնադիր-նախագահը գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն է, երկրորդինը` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Շուշի» երկու հիմնադրամների գոյությունը տարօրինակ թվաց, բայց ամենատարօրինակը «Շուշի վերածնունդ» հիմնադրամի անվանումն է: Երկու բառ ընդգրկող արտահայտության մեջ քերականական կոպիտ սխալը ցույց է տալիս, որ հիմնադիրները հայերեն չգիտեն, քանի որ ստացվում է, որ բնակավայրի անունը Շուշ է: Իսկ այդ անունով բնակավայր գոյություն է ունեցել միայն Իրանում` շուրջ 2000 տարի առաջ: Իսկ եթե ԼՂՀ Շուշի քաղաքն են նկատի ունեցել, ստացվում է, որ ադրբեջանցիների պես բերդաքաղաքի անվանումը հարմարեցրել են իրենց լեզվամտածողությանը եւ «Շուշա» անվանել: Ես, անկեղծ ասած, անակնկալի չեկա հիմնադրամի հիմնադիրների հայերենի չիմացությունից: Բայց ՀՀ արդարադատության նախարարությունում ինչու՞ չեն ուղղել հիմնադրամի սխալը` ռուսերենից թարգմանելու փոխարեն անհաջող ձեւափոխումը հայերենի, անհասկանալի է: Թյուրիմացությունը կարելի էր նաեւ շատ հեշտ լուծել` երկու բառերի արանքում բութ կամ գծիկ դնելով: Հետաքրքիր են, անշուշտ, նաեւ հիմնադրամների ծրագրերը: Ի՞նչ տարբերություն կա պետական պաշտոնյայի` Երեւանի քաղաքապետի եւ գրող, հրապարակախոսի` հայոց լեգենդար քաղաքի զարգացման վերաբերյալ մոտեցումների եւ դրանց իրականացման ընթացքի միջեւ: Բայց մինչ այդ հարց է առաջանում, թե ինչու՞ չպետք է միացյալ գործեն, ըստ էության, նույն խնդրի լուծմանը` Շուշի բերդաքաղաքի փրկությանը միտված երկու հիմնադրամները: Պարզվում է` «Շուշի վերածնունդը» նման «կառուցողական» առաջարկությամբ դիմել էր «Շուշի» բարեգործական հիմնադրամին: «Շուշի» ԲՀ-ն ընդառաջ էր գնացել նորաստեղծ հիմնադրամին` առաջարկելով միավորվել, մանավանդ որ` թափուր էին նախագահի եւ գործադիր տնօրենի տեղերը: Ուղղակի «Շուշի» ԲՀ-ն կիրականացներ բերդաքաղաքի զարգացման հետ կապված մշակութային ծրագրերը: Սակայն պարզվում է, որ «ՇՎ»-ի գործունեությունը նախ ուղղված էր «Շուշի» ԲՀ-ն չեզոքացնելուն եւ նրան Շուշիից ու Արցախից դուրս մղելուն: Նախ գայթակղիչ առաջարկություններով փորձեցին իրենց կողմը գրավել «Շուշի» ԲՀ-ի խորհրդի մասնագետներին, ապա եւ փորձեցին յուրացնել եւ սեփականացնել հիմնադրամի ծրագրերը: Եվ իզուր չէին պարծենում «ՇՎ»-ի աշխատակիցները, թե իրենք երկրի նախագահի հովանու ներքո են, իսկ «Շուշի» ԲՀ-ին «ղեկավարությունից» ոչ ոք չի հովանավորում: «Ամենակարող» հովանավորչության ուժով յուրացնում, սեփականաշնորհում եւ անհաջող կրկնօրինակում են «Շուշի» ԲՀ-ի ցանկացած նախաձեռնություն, ծրագիր: Սա ակնհայտ է կայքի հետազոտությունից: Եվ այսպես. 1. «Շուշի» ԲՀ-ի կայքում ներառված էր Ադամյան փողոցի վերականգնման ծրագիրը: Այստեղ յուրաքանչյուր շենք առաջարկվում է առանձին գործարարի, ով նախապես կնքված պայմանագրով շենքը վերականգնելուց եւ քաղաքը զբոսաշրջության հեռանկարին համապատասխան բիզնեսը ներդնելուց հետո դառնում է նրա սեփականատերը: Այսինքն` հիմքում դրվում է շահը: Այս դեպքում ամեն մի շենք ու գործ ունենում է իր շահագրգիռ տերը: Ընդհանրապես, «Շուշի» ԲՀ-ն ողջ քաղաքի համար առաջարկում է այս մոտեցումը: «ՇՎ» հիմնադրամի կայքում եւս տեղադրված է այս փողոցի վերակառուցման նախագիծը, բայց բացակայում է «Շուշի» ԲՀ-ի անունն ու զինանշանը: Ես տեղեկացա, որ այն արվել է առանց «Շուշի» ԲՀ թույլտվության, որը ոչ միայն էթիկական նորմերի խախտում է... 2. «Շուշի» ԲՀ-ն մի քանի տարվա ընթացքում ստեղծել է համայն հայության, նրա տարբեր հատվածների, կյանքի տարբեր ոլորտների, գործիչների վերաբերյալ հնատիպ լուսանկարների եզակի հավաքածու: Հիմնադրամը դրանց մի մասը ցուցադրում է www.avetis.org կայքում: Այն այսօր ՀՀ ամենահանրաճանաչ կայքերից է եւ ամսական ունի ավելի քան 30.000 այցելու` աշխարհի 42 երկրներից: Հիմնադրամը ծրագրել էր Շուշիի Աշոտ Բեկոր 8 հասցեում գտնվող քաղաքային հին դպրոցը վերածել Լուսանկարչության ազգային թանգարանի: Այս ծրագիրը կապվում է Արցախում զբոսաշրջության զարգացման հետ, քանի որ թանգարանը կունենա սփյուռքահայ առանձին համայնքների սրահներ: Հիմնադրամը նաեւ ծրագրել է այս շենքում տեղադրել 20-րդ դարի տեղային հակամարտությունների, այդ թվում արցախյան խնդրի ֆոտոքրոնիկոն լուսանկարչական թանգարանը, որը կդառնա ազգամիջյան հակամարտությունների ուսումնասիրման եւ կանխարգելման կենտրոն: Այն կարող է իր զգալի նպաստը բերել ԼՂՀ միջազգային հեղինակության եւ ճանաչման գործին: Այս ծրագրին մենք ծանոթանում ենք www.photo.avetis.org վեբկայքում, որի ֆորումը եւս օրեցօր ավելի ճանաչված է դառնում: Ադրբեջանական որոշ ուժեր փորձել են ոչնչացնել այս երկու կայքերը, սակայն դա նրանց չի հաջողվել: Բայց պարզվում է, որ Ադրբեջանին զուգահեռ` Հայաստանում եւս «Շուշի» ԲՀ-ն ունի ոչ պակաս ահեղ «հակառակորդ»: «ՇՎ»-ն, ծանոթանալով վերոհիշյալ ծրագրին, Շուշի քաղաքի Աշոտ Բեկոր 8 հասցեով շենքը գրանցում է իր հաշվեկշռին եւ կանխում «Շուշի» ԲՀ-ի այս ծրագրի իրականացումը. իսկապես, զորավոր է քաղաքապետ Երվանդ Զախարյանը, հնարամիտ` լավագույն ծրագրերը կանխելու եւ ամեն ինչ փչացնելու մեջ... Այս ամենից հետո ինձ առավել հետաքրքրում էր երկու հիմնադրամների գործունեության ֆինանսական կողմն ու դրա թափանցիկությունը: «Շուշի» ԲՀ-ն ձեռնարկել էր համահայկական հանրաքվե. «Ո՞վ է համաձայն, որ Շուշին դառնա համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք» հարցադրմամբ: Որպես համաձայնություն այս հարցադրմանը` հանրաքվեի մասնակիցը հիմնադրամի հաշվին է փոխանցում 500 դրամ: Սա Շուշիի փրկության խնդրին ժողովրդին մասնակից դարձնելու հետաքրքիր ձեւ էր, որին արձագանքեցին հազարավոր դպրոցականներ, աշխատանքային կոլեկտիվներ: Ցավոք, այս ձեռնարկին չարձագանքեցին ԼՂՀ-ում եւ Սփյուռքում: Հիմնադրամն իր կայքում տեղադրում էր հանրաքվեի մասնակից անձանց, կոլեկտիվների, նրանց փոխանցած գումարների մասին տեղեկատվությունը: Հակառակ դրան` «ՇՎ» հիմնադրամի կայքում միայն նշված են մի քանի հովանավորների անուններ: Իսկ որ հիմնադրամի սնուցման աղբյուրը «Երեւան» հիմնադրամն է, այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Ի դեպ, «ՇՎ» եւ «Երեւան» հիմնադրամներին կապող ու միավորող օղակը այդ հիմնադրամների նույն նախագահն է: Ինքս դեմ չեմ նման լուծումներին, եթե դա բխում է երկրի շահերից, սակայն հիմնադրամին սնուցողը պետք է տեղյակ լինի, թե իր ներդրումը ուր է գնում: Բայց դժվար չէ կռահել ներդրումի անցած ճանապարհը` հաշվի առնելով այն, որ «Երեւան» հիմնադրամի սնուցողները քաղաքապետարանի ճիրաններում հայտնված քաղաքացիներ են, ովքեր մինչեւ չմուծեն կամայականորեն պահանջվող գումարը, չեն ազատվի «թակարդից»: Հետո` չենք բացառում նաեւ «Երեւանից» սահուն, բայց թաքուն անցումը «ՇՎ» հիմնադրամ: Բայց չներկայացրի 3-րդ` անհաջող կրկնօրինակումը եւ «Շուշի» ԲՀ-ին հասցրած վերջին հարվածը` հեռուստամարաթոնի խնդրում: Հիմնադրամի կոլեկտիվը մի քանի տարի նախապատրաստվում էր այս ակցիային` տարբեր համազգային միջոցառումներով նախապատրաստելով հանրային կարծիքը` նպատակ ունենալով ակցիաներին ունեցած մասնակցությամբ համայն հայությանը միավորել Արցախի ու Շուշիի շուրջը: Բայց «Շվ»-ի աշխատակիցները հո քնած չեն... Անմիջապես կանխելով եւ «զորավոր հովանավորների» օգնությամբ առաջ անցնելով` ձեռնամուխ եղան հեռուստամարաթոնի կազմակերպման: Կարեւորը` խանգարեցին «Շուշի» ԲՀ-ին լիարժեք գործել: Արդյունքում, ավելի լայն տեսանկյունից, խիստ վնասեցին երկրին, պետությանը, ժողովրդին, Շուշիին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |