|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պաշտոնական այցի անհարմար հմայքը11:28 Yerevan | 7:28 GMT | Thursday 26 June 2008Արամ Ամատունի Ս.Սարգսյանի պաշտոնական առաջին այցը բնական է, որ պետք է տեղի ունենար Մոսկվա, քանի որ Ս.Սարգսյանը առայժմ միայն Պուտինին է շնորհակալություն հայտնել նախագահական ընտրություններում իրեն աջակցելու համար: Բնական է նաեւ, որ իշխանական քարոզչամեքենան պետք է Ս.Սարգսյանի այդ այցը ներկայացներ որպես տարվա կարեւոր իրադարձություն եւ Ս.Սարգսյանի միջազգային բարձր հեղինակության եւ քաղաքական մեծ կշռի վկայություն: Եվ բնականաբար ամենից հիմնականը` իշխանական քարոզչամեքենան պետք է Ս.Սարգսյանի մոսկովյան այցը միջազգային հանրությանը, Եվրոպային, Ամերիկային, միգուցե Ավստրալիային եւ Նոր Զելանդիային, ինչպես նաեւ հայաստանյան հանրությանը ներկայացներ որպես Մոսկվայի անվերապահ աջակցության եւ հարգանքի առհավատչյա: Այլ կերպ ասած` իշխանություններն իրենք էլ էին հասկացել, որ Պուտինին շատ անհարմար դրության մեջ էին դրել իրենց շնորհակալությամբ, եւ ահա Մեդվեդեւի հրավերը նրանց թվաց, որ Ռուսաստանն ըստ էության երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, որոշել էր ընդունել այդ շնորհակալությունը: Սակայն երբ փորձում ենք իրականում դիտարկել այցի թեկուզ մի դրվագ, ապա ակնհայտ է դառնում, թե իրականում Ռուսաստանը երկար մտածել է ոչ թե շնորհակալությունն ընդունել-չընդունելու, այլ ըստ էության այդ շնորհակալությանն արժանի պատասխան տալու մասին: Իսկ այդ պատասխանը երեւի թե առավել քան խոսուն է եւ արտահայտվում էր արարողակարգային նրբերանգների մեջ: Բանն այն է, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցի առաջին հանդիպումը տեղի է ունենում ոչ թե Ռուսաստանի նախագահի հետ, այլ Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի` Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Առաջին հայացքից ամեն ինչ շատ նորմալ է, որեւէ արտառոց բան չկա, քանի որ Միրոնովը պետության առաջին դեմքերից մեկն է: Իհարկե այդպես է, բայց միայն առաջին հայացքից: Իսկ երկրորդ, երրորդ եւ չորրորդ հայացքների դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ է Ռուսաստանը որոշել, որ Մոսկվայում Ս.Սարգսյանի առաջին պաշտոնական այցի ընթացքում նրան առաջինը պետք է ողջունի ոչ թե այդ երկրի նախագահը, այլ Պետդումայի վերին պալատի ղեկավարը: Սովորաբար, նախագահական այցերի ընթացքում, առաջին դեմքերն են առաջինը հանդիպում իրար, իհարկե` երբ խոսքը պաշտոնական հանդիպումների մասին է, որովհետեւ ոչ պաշտոնական առումով Ս.Սարգսյանն ում ասես կարող էր հանդիպել առաջինը: Հետեւաբար բավական ուշագրավ է, որ Ս.Սարգսյանի մոսկովյան պաշտոնական այցի պարագայում արարողակարգը կազմվում է այնպես, որ նա առաջինը հանդիպում է Միրոնովին: Սակայն դա երեւի թե դեռ ամբողջ պատկերը չէ: Այդ իրավիճակի նկարագիրն ավելի է ամբողջանում կամ այսպես ասած` «լրիվանում», երբ փորձում ենք հիշել, թե ըստ էության ո՞վ է Միրոնովը ռուսական քաղաքականության մեջ իրականում: Միրոնովը մի գործիչ է, որին Ռուսաստանի իշխանություններն ընդամենը յոթ տոկոս տվեցին Պետդումայի ընտրությունների ժամանակ, մինչդեռ մինչեւ ընտրությունները նրան հնարավորություն էին տվել սեփական կուսակցությունը ձեւավորել եւ հանդես գալ որպես Եդինայա Ռոսիա իշխանական կուսակցության հիմնական մրցակից: Սակայն Միրոնովին ընդամենը մի քանի տեղ տվեցին Պետդումայում: Կոպիտ ասած` «գցեցին»: Եվ ստացվում է, որ Ս.Սարգսյանին ռուսաստանյան հողում առաջինը հանդիպում է քաղաքական ձախողակության, անհաջողության, պարտության, գցվածության եւ դրածոյության խորհրդանիշ դարձած Սերգեյ Միրոնովը: Հենց նա էր, որ Պուտինի երրորդ ժամկետի գաղափարախոսն էր դարձել` կարծելով, թե մեծ ծառայություն է մատուցում Վլադիմիր Մեծին եւ չմտածելով անգամ, որ Վլադիմիր Մեծն ընդամենը իր ձեռքերն է «սրբելու» Միրոնովի վրա` նրա երրորդ ժամկետի ջատագովության ֆոնին ներկայանալով որպես մեծ դեմոկրատ, որը հավատարիմ է Ռուսաստանի Սահմանադրությանը: Եվ այդ ամենի ֆոնին ակնհայտ է, թե իրականում ում ձեռքով է առաջինը Ռուսաստանը սեղմում Ս.Սարգսյանի ձեռքը: Դրանից հետո միայն խիստ լավատես է պետք լինել այդ ամենը զուտ արարողակարգային պատահականություն համարելու համար: Իրականում ակնհայտ է, որ Մոսկվան պարզապես դիվանագիտական ապտակ է հասցրել Հայաստանի նոր նախագահին` նրան ողջունելով իր դարն ապրած Միրոնովով: Թեեւ մյուս կողմից, ինչ խոսք, Ս.Սարգսյանի մոսկովյան այցը այս անգամ իսկապես շռնդալից հաջողություն կարելի է համարել, որովհետեւ կարծես թե նրա հետ Մոսկվա մեկնած որեւէ պաշտոնյա որեւէ կազինոյում այս անգամ չի խփվել, եւ Ս.Սարգսյանին էլ կարծես թե որեւէ ռուս պաշտոնյա ռուլետկա չի նվիրել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |