|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվրոպական խաղերի հայկական էսքիզները11:44 Yerevan | 7:44 GMT | Wednesday 25 June 2008Արամ Ամատունի Ինչքան որ անսպասելի էր ԵԽԽՎ արտահերթ նստաշրջանում Հայաստանի հարցի արտահերթ քննարկումը, նկատի ունենալով Հայաստանի իշխանության հանդեպ եվրապատվիրակներ Կոլոմբիեի եւ Փրեսքոթի չափազանց լոյալ վերաբերմունքը, նույնքան եւ սպասված էր այն, որ Հայաստանին կրկին ժամանակ կտան 1609 բանաձեւը կատարելու համար եւ կխուսափեն ձայնի իրավունքից զրկելուց: Բանն այն է, որ Հայաստանին զրկելով ձայնից, Եվրոպան անկասկած գիտակցում էր, որ ըստ էության ինքն էլ Հայաստանում է ձայնից զրկվում: Սա կարծես թե ակնհայտ իրողություն է, ուղղակի պարզ, տարրական հաշվարկի կարիք ունեցող հեռանկար: Խնդիրն ամենեւին այն չէ, որ եվրոպացիները իրապես մտածում են, թե Հայաստանի համար 1609 բանաձեւի դրույթները կատարելու համար ժամանակը իսկապես քիչ էր եւ պետք է էլի ժամանակ տալ: Գրեթե միարժեքորեն կարելի է ասել, որ 2009 թվականի հունվարին էլ Հայաստանի իշխանությունը, խոշոր հաշվով, ոչ մի էական քայլ կատարած չի լինելու իրական ժողովրդավարության ուղղությամբ, բայց ԵԽԽՎ-ն կրկին ինչ-որ պատճառ կգտնի Հայաստանին նոր ժամանակ տալու համար: Օրինակ` կարող են ասել, որ այդ ընթացքում Ազգային ժողովում Տիգրան Թորոսյանին փոխարինել է Հովիկ Աբրահամյանը եւ նկատի ունենալով այդ փոփոխությունների հետ կապված պատգամավորների զգալի մասի ռիսկային սպասումները, ժամանակ էր պետք, որպեսզի խորհրդարանը վերադառնա նորմալ գործունեության հուն: Այդ պատրվակով կարող են եւս մի քանի ԵԽԽՎ նստաշրջան ժամանակ տալ Հայաստանին: Հետո Հովիկ Աբրահամյանին իշխանությունը կփոխի Տիգրան Թորոսյանով եւ կրկին ժամանակ կշահի ԵԽԽՎ-ում: Բանն այն է, որ Եվրոպայի խորհուրդն ինքն է շահագրգռված Հայաստանի հետ մուկն ու կատվի խաղում: Եթե Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Հայաստանի հանդեպ, լինի կտրուկ եւ կոշտ, ապա Հայաստանը կարող է իր մխիթարությունը փնտրել «մեծ եղբոր»` Ռուսաստանի մոտ: Ընդ որում` դա նշանակում է, որ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը կխորանա վերջնականապես եւ անդառնալի: Եթե մուկն ու կատվով հնարավոր է դեռ ժամանակի ընթացքում Հայաստանը կտրել Ռուսաստանի քաղաքական ազդեցությունից կամ գոնե անել այնպես, որ վարվի կոմպլեմենտար քաղաքականություն, ապա առյուծ կտրելու դեպքում Եվրոպան կարող է Հայաստանին վերջնականապես նետել հյուսիսային արջի «երախը»: Սա հասկանում են եվրոպացիները, եւ դա է պատճառը, որ Հայաստանին անընդհատ ժամանակ են տալիս, իբրեւ թե ամեն անգամ վերջին անգամը լինելով: Ամենեւին պատահական չէ, որ «առաջիկա ամիսներին» այցելելու Մեդվեդեւի հրավերը Հայաստանը օգտագործեց հենց ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ` դրանով ցույց տալով, որ իր միակ ճանապարհը Ստրասբուրգը չէ, այլ Մոսկվան: Դրանից հետո ուղղակի միամտություն կլիներ սպասել, որ ԵԽԽՎ-ն կարող է կոշտ լինել Հայաստանի հանդեպ: Այդ պարագայում սակայն հարց է առաջանում, թե ի՞նչն է Հայաստանի իշխանություններին ստիպում տրվել Եվրոպայի հետ խաղերին: Առաջինը գուցե այն ֆինանսական օժանդակություններն են, որ Հայաստանը ստանում է եւ ստանալու է Եվրոպայի հետ հարեւանության տարատեսակ ծրագրերով: Եթե դրանք չլինեին, ապա երեւի թե կարելի էր ասել, որ Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն գերազանցած կլինեին Լուկաշենկոյի բոլոր ռեկորդները: Ի դեպ, դա կարծես թե գիտակցում է նաեւ Ռուսաստանը: Ըստ էության բացառապես միմիայն դրանով է պայմանավորված այն, որ այդ երկիրը Հայաստանում զգալիորեն ավելացնում է իր ֆինանսական ներդրումները: Այսինքն` Ռուսաստանը ցանկանում է ծածկել ֆինանսական դաշտն ամբողջությամբ, դրանով իսկ Հայաստանի իշխանությունների համար նվազեցնելով արեւմտյան ֆինանսների անհրաժեշտությունը: Նման պարագայում Հայաստանի իշխանությունները կսկսեն ավելի քիչ սեթեւեթել Եվրոպայի հետ, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կպատսպարվեն Կրեմլի թեւերի ներքո: Այս իրողությունը հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները, եւ նրանք դա էլ օգտագործում են Եվրոպայի դեմ: Մասնավորապես` անընդհատ ցույց տալով, որ որեւէ վայրկյան չկասկածելով կարող են ոչ միայն «եկեղեցով», այլ նաեւ «զագսով» ամուսնանալ Ռուսաստանի հետ: Պատահական չէ, որ դեռեւս վարչապետ նշանակվելուց առաջ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, որին այդքան պահում են արեւմտյան ֆինանսական կառույցները, ռուսական մամուլում իր հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե Ռուսաստանի հետ ֆինանսական հարաբերություններն ավելի հեշտ են ձեւավորվում եւ ընթանում, քան արեւմուտքի հետ, որովհետեւ մտածողության նույնությունը հեշտացնում է Ռուսաստանի հետ գործակցությունը: Եվ դա ասում է արեւմտյան մտածողությամբ հայտնի Տիգրան Սարգսյանը: Իսկ այդ շանտաժի գագաթնակետը կարելի է համարել Սերժ Սարգսյանի շնորհակալությունը Ռուսաստանին, ինչն ուղղակի նշանակում էր, որ Հայաստանում «ընտրություններ» միջոցառման գլխավոր հովանավորը Ռուսաստանն էր: Դրանից հետո Եվրոպային այլ բան չի մնում, քան փորձել ուղղակի սիրաշահել Հայաստանի իշխանություններին, ինչի համատեքստում էլ կարելի է դիտել ԵԽԽՎ որոշումը, որի նախագծի համաձայն` Հայաստանին տրվում է 1609 բանաձեւի կատարման նոր ժամանակ: Սակայն մյուս կողմից` ակնհայտ է, որ Եվրոպան չհամարձակվեց չքննարկել Հայաստանի հարցը: Ժամանակ կարելի էր տալ նաեւ առանց քննարկումների, առավել եւս, որ Կոլոմբիեն եւ Փրեսքոթը լիազորված էին եզրակացություն տալ, որ քննարկումների կարիք չկա եւ կարելի է երկարաձգել ժամանակը: Այստեղ, իհարկե, մեծ էր Համաժողովրդական Շարժման դերակատարությունը: Հանրահավաքը ամեն գնով անցկացնելու վճռականությունը, հասարակության աջակցությունը խաղացին իրենց դերը, եւ Եվրոպան չէր կարող դա անտեսել: Այդ երկու հանգամանքը եկան լրացնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի փարիզյան այցը: Այդ այցը ակնհայտորեն փոխել էր Հայաստանի իրողությունների հանդեպ եվրոպական քաղաքական կենտրոնների շեշտադրումների երանգը: Սակայն մյուս կողմից` հասկանալի է, որ Եվրոպան պետք է սպասեր հունիսի 20-ին տեսնելու համար, թե ինչպիսի՞ն է Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակի հողի բաղադրությունը, խտությունը: Տեսածը թերեւս լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի եւ անկասկած դրանով է պայմանավորված, որ տալով լրացուցիչ ժամանակ, Եվրոպան այնուամենայնիվ փորձում է պրոցեսի վերաբերյալ իր գնահատականների մեջ լինել խիստ: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ Հայաստանի ճակատագիրը որոշելու է հասարակությունը. այսօր, վաղը, մյուս օրը, բայց որոշելու է հասարակությունը եւ որեւէ, անգամ իր ժողովրդի վրա կրակելու պատրաստ իշխանությունների որոշում չի կարող լինել կայուն եւ տեւական, եթե չունի հասարակության աջակցությունը: Հետեւաբար, թե Եվրոպան, թե Ռուսաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք, ի դեպ, Հայաստանին երեկ ներկայացրել են մեղադրանք հակասեմականության համար` պետքարտուղարի օգնական Քրամերի շուրթերով, ով հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանի հարցում անհեռանկար է առաջնորդվել բացառապես իշխանությունների տրամաբանությունը հաշվարկելով: Նրանք, իհարկե, որոշում են շատ բան, բայց արդեն ոչ ամեն ինչ եւ ըստ էության ոչ մի գլխավոր բան: Սակայն մյուս կողմից` Համաժողովրդական Շարժման համար էլ այդ իրավիճակը բավական պատասխանատու է այն իմաստով, որ ի դեմս արտաքին քաղաքական կենտրոնների պետք է նկատել ոչ թե հովանավորի, ոչ թե աջակցի կամ հակառակորդի, ոչ թե մարդասերի կամ բարեգործի, այլ քաղաքական գործոնի, որը Հայաստանում, ինչպես որ աշխարհի ցանկացած կետում, եւ ինչպես որ Հայաստանն աշխարհի ցանկացած կետում, հետապնդում է քաղաքական շահ: Հետեւաբար, Համաժողովրդական Շարժման համար շատ կարեւոր է արտաքին քաղաքական կենտրոնների, մասնավորապես` ԵԽԽՎ-ի դիրքորոշմանը վերաբերվել էմոցիաներից ձերբազատված, առանց հիացմունքի` ինչպես եղավ «Ա1+»-ի վերաբերյալ Եվրադատարանի որոշման պարագայում, եւ առանց հիասթափության, ինչպես որ կարող է լինել ԵԽԽՎ ներկայիս որոշման դեպքում: Արտաքին քաղաքական կենտրոնների համար Համաժողովրդական Շարժման էմոցիաները կարող են լինել իշխանությունների հետ նրանց պրագմատիկ խաղի ադարացում: Եվ նույնիսկ պետք չէ բացառել, որ ԵԽԽՎ գործողություններում առկա են Շարժմանը պրագմատիկ ընթացքից էմոցիոնալ դաշտ տեղափոխելու միտումներ, քանի որ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Համաժողովրդական Շարժումը արտաքին աշխարհին կանգնեցրել է պատասխանատվության լուրջ խնդրի առաջ: Այդ պատճառով հայաստանյան հանրության համար անթույլատրելի է ավելորդ էմոցիաներով պատասխանատվությունից ազատել միջազգային կոչվող հանրությանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |