“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները գալիս են

11:39 Yerevan | 7:39 GMT | Wednesday 25 June 2008

Էմմա Գաբրիելյան

Հունիսի 25-27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելելու. նախնական տեղեկությունների համաձայն` հունիսի 25-ին միջնորդները կայցելեն Ադրբեջան, իսկ երկու օրից Բաքվից կժամանեն Երեւան: ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի փոխանցմամբ` Երեւանից համանախագահները մեկնելու են Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ են ունենալու:

Այնուհետեւ Վիեննայում անց է կացվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված կազմի հանդիպումը, որտեղ միջնորդները ներկայացնելու են իրավիճակը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ տարածաշրջան կատարած իրենց այցելության արդյունքները:

Օրերս Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությանը նվիրված լսումներում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում անդրադարձել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Ամերիկացի պաշտոնյան վստահեցրել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի. «ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի կառավարությունը կկարողանա ընդդիմանալ այն կարծիքին հակվելու գայթակղությանը, որ ԼՂ հիմնախնդիրը լուծելու համար ռազմական գործողությունների վերսկսումը իրագործելի տարբերակ է»: Շեշտելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար` Դ.Ֆրիդը ընդգծել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ու փոխզիջումների ճանապարհով` միջազգային իրավական ու քաղաքական սկզբունքներին համահունչ: Դ.Ֆրիդը կարծում է, որ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան առաջին հանդիպմանը նրանց կողմից «կարեւոր առաջընթաց քայլ արվեց հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար»: «Երկու կողմերը հավաստեցին Մինսկի գործընթացի շրջանակներում աշխատանքները շարունակելու կողմնակցությունը եւ պատրաստակամություն հայտնեցին՝ շարունակել Մինսկի խմբի օժանդակությամբ պատրաստված փաստաթղթի հիմնարար սկզբունքների քննարկումը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանի` նավթից ու գազից ստացված եկամուտները շարունակում են հետեւողականորեն աճել, մենք շարունակում ենք այդ միջոցները ներկա ու ապագա սերունդների օգտին խելամիտ օգտագործելու կոչեր անել երկրի ղեկավարությանը: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կխուսափի այն գայթակղիչ մտածելակերպից, թե ռազմական գործողությունները վերսկսելը կենսունակ տարբերակ է: Մենք հայտնել ենք մեր անհանգստությունն ադրբեջանցի որոշ պաշտոնյաների համառ ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ», - հայտարարել էր Դենիել Ֆրիդը:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թե իր պետության, թե տարածաշրջանի համար թիվ մեկ խնդիր է մատնանշել ղարաբաղյան հակամարտությունը, ապա հիշեցրել, որ Ադրբեջանի «գրավյալ» տարածքների ազատագրումը պահանջող ՄԱԿ-ի չորս բանաձեւերը մինչ օրս չեն կատարվել. «Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բանաձեւ ընդունվեց Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեր դիրքորոշումը պաշտպանում են «Իսլամական կոնֆերանսի» կազմակերպությունը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ: Միլիոնավոր ադրբեջանցի փախստականներ ու տեղահանվածներ մինչ օրս զրկված են տարրական մարդկային իրավունքներից», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ի.Ալիեւը միաժամանակ վստահեցրել է, թե իր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովվելու է. «Այդ հարցի կարգավորման գործընթացում մեր կողմից զիջում կարող է լինել միայն LՂ-ին ամենաբարձր ինքնավարության տրամադրումը: LՂ-ի հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանը հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում, մեր կողմից է նաեւ միջազգային իրավունքը, եւ մենք հավատում ենք, որ հնարավոր կլինի կարգավորել խնդիրը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Օրերս նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրին: Նա նշել է, որ հակամարտության հիմքում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հարցն է եւ Հայաստանը գտնում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա` ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, եւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի. «Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռեն վերացնել հակամարտության հետեւանքները», - ասել է ՀՀ արտգործնախարարը` կարծիք հայտնելով, որ այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ղարաբաղյան կողմի հավանությանը արժանանան:

Է.Նալբանդյանը հայտարարել է, որ «ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ քարոզչությունը եւ սպառնալիքները հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթին` 1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: «Ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը` նկատելով, որ ներգրավված լինելով ԵԱՀԿ ՄԽ-ի բանակցային գործընթացում` «Ադրբեջանը զուգահեռաբար փորձում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել այլ միջազգային ատյաններ, շարունակում է միջազգային կազմակերպություններում հակամարտության էության խեղաթյուրումը եւ Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը: Դա զգալիորեն խոչընդոտել եւ խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորմանը»:

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.