“Zhamanak” Armenian-American Political Daily

Ստորագրվեց եւ ոչ մի պայմանագիր...

11:36 Yerevan | 7:36 GMT | Wednesday 25 June 2008

Ա. Սարգսյան

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները իջան հայտարարագրային մակարդակի

Երեկ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ուշագրավ է, որ այսօր ավարտվող այցը պաշտոնական է, որը, սակայն, չի ուղեկցվել պաշտոնական այցին համարժեք արարողակարգային ընդունելությամբ: Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման առանցքը դարձել է այն, որ այսուհետ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցված համագործակցելու են միջազգային տարբեր կազմակերպություններում, ի մասնավորի` ՀԱՊԿ-ում, որտեղ այս տարի նախագահելու է Հայաստանը: Քննարկվել են նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներին առնչվող հարցեր: Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահը առանձին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Բանակցությունների արդյունքում 14 կետից բաղկացած համատեղ հայտարարություն է ընդունվել, ուր մասնավորապես ասված է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը «իրենց հարաբերությունները կառուցելու են լայնամասշտաբ ռազմավարական գործընկերության հիման վրա` փոխադարձ վստահությամբ, առաջնորդվելով ինքնիշխանության հարգման, վեճերի խաղաղ կարգավորման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխադարձ շահի սկզբունքներով»: Ըստ հայտարարության` Ռուսաստանը եւ Հայաստանը «հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ լուծման օգտին, միայն խաղաղ միջոցներով` արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի սկզբունքների վրա, եւ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»:

Մոսկվան եւ Երեւանը «առաջնահերթ նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, հանդես են գալիս Կովկասում երկաթուղային եւ այլ տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ վերագործարկման օգտին եւ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

Հայտարարության հեղինակները նաեւ մտադրություն են հայտնել «շարունակել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը ուղղված չէ երրորդ երկրների դեմ»:

Ի դեպ, հանդիպման սկզբում Ս.Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է Հայաստան: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` առանց նշելու Հայաստան այցելելու պատրաստակամության մասին: Ս.Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին Հայաստան էր հրավիրել նաեւ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Սա նրա արդեն երրորդ հանդիպումն է Դմիտրի Մեդվեդեւին Հայաստանի նախագահական ընտրություններից ի վեր:

Հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդեւը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է, մասնավորապես` երկկողմ ապրանքաշրջանառությունը մոտենում է տարեկան 1 միլիարդ դոլարին: Սարգսյանը նշել է, որ բանակցություններն անցել են «բովանդակալից եւ վստահելի» մթնոլորտում, որոնք, ըստ նրա, եւս մեկ անգամ հաստատում են «Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ռազմավարական մակարդակը»:

Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ նշել է, որ նախապես նախանշված բոլոր համատեղ ծրագրերը հասցվելու են ավարտին: Պուտինը նշել է, որ հաճելի է արձանագրելը, որ Հայաստանում կայացած ընտրություններից հետո, ռուսական ուղղությամբ նշմարվում է քաղաքականության շարունակականություն:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.