|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվրոպան կարծես՝ ակամայից, բայց...12:14 Yerevan | 8:14 GMT | Tuesday 24 June 2008Արամ Ամատունի Պետք է խոստովանել, որ որոշակիորեն անակնկալ էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցի արտահերթ քննարկման մասին որոշումը: Իհարկե, այդ քննարկումը նախանշված էր դեռեւս ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից, երբ ընդունվեց Հայաստանի մասին 1609 բանաձեւը եւ դրա դրույթների կատարման ժամկետ սահմանվեց հենց մինչեւ ամառային նստաշրջան ընկած ժամանակահատվածը: Ակնհայտ էր նաեւ, որ Հայաստանի իշխանությունը չի կատարելու այդ բանաձեւը ըստ էության, եւ արդեն իսկ պարզ է, որ հենց այդպես էլ եղավ: Սակայն ԵԽԽՎ համազեկուցողներ Կոլոմբիեի եւ Փրեսքոթի այցը, նրանց պահվածքը, բազմանշանակ հայտարարությունները վկայում էին, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը կորոշի շրջանցել Հայաստանը եւ նոր ժամանակ տալ արդեն իսկ սկսած քայլերը առավել ամրապնդելու համար: Այլ կերպ ասած` Կոլոմբիեի եւ Փրեսքոթի երեւանյան այցը որոշակի հիմնավոր մտավախություն էր առաջացրել, որ Հայաստանի իշխանությունը կարողացել է համոզել, մոլորեցնել կամ խաբել ԵԽ պատվիրակներին եւ նրանց հավատացնել, թե 1609 բանաձեւը կատարվում է: Նման իրավիճակում էլ անակնկալի վերածվեց սպասվելիք այն իրադարձությունը, որ ԵԽԽՎ-ն պետք է իր լիագումար նիստում քննարկի Հայաստանի հարցը, որովհետեւ 1609 բանաձեւի դրույթների կատարումը համարվել է անբավարար: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությանը չի հաջողվել խաբել եվրոպացիներին: Թերեւս ոչ: Այն, որ Հայաստանի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ լիագումար նիստում` ամենեւին չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները մատնվել են ձախողման: Խնդիրը երեւի թե այլ հարթությունում է, եւ միգուցե բուն խնդիրը ամենեւին էլ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը չէ: Թվում է, որ այդ առումով վաղուց արդեն որեւէ մեկը` թե Հայաստանի քաղաքացիները, թե եվրոպացիները պետք է որ պատրանքներ չունենան: Հայաստանում քանի դեռ տրամագծորեն չի փոխվել իշխանությունը, կառավարման տրամաբանությունը չի փոխվի երբեք: Այն իշխանությունը, որ կա Հայաստանում, սկսած դրա ձեւավորման սկզբնաղբյուրից, մինչեւ մուտացիոն եւ տրանսֆորմացիոն տարատեսակ էտապները, ունակ չէ փոխել իր տրամաբանությունը, քանի որ դա հավասարազոր է ինքնասպանության: Սա հասկանալը երեւի թե այդքան էլ բարդ չէ: Հետեւաբար, Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանության առաջ որեւէ պահանջ դնելուց առաջ թերեւս հստակ գիտակցում է, թե իրականում որքան է այդ պահանջների իրականանալիության աստիճանը, դրա հավանականությունը: Այսինքն` եվրոպացիները երեւի թե 1609 բանաձեւի ընդունումից առաջ գիտեին, որ դրա դրույթները իրագործելը Հայաստանի իշխանության ուժից վեր է: Այսինքն` դեռեւս գարնանային նստաշրջանում Հայաստանի հարցը չքննարկած պարզ էր, որ կան ամառային նստաշրջանում էլ այդ հարցի քննարկման հիմքերը: Եվ ընդհանրապես, ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում էլ հիմնավոր է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին քննարկումները, քանի որ վիճակ, այդ առումով, Հայաստանում ընդհանրապես չկա, ոչ թե կա, բայց վատ է: Այլ կերպ ասած` եվրոպացիները կամ չեն գիտակցում այդքանը, իսկ դա նշանակում է, որ մնացյալ ամեն ինչ` բանաձեւեր, քննարկումներ, սպառնալիքներ եւ այլն, բացարձակապես ավելորդ են, կամ գիտակցում են, ինչն էլ նշանակում է, որ դրանք առավել եւս ավելորդ են զուտ նպատակի տեսանկյունից եւ գործում են զուտ որպես միջոց` այլ խնդիրներ լուծելու համար: Հենց այդ առումով հետաքրքրական է, թե ինչ խնդիր էր ուզում լուծել Եվրախորհուրդը, որ կայացվեց Հայաստանի հարցն այնուամենայնիվ քննարկելու մասին որոշում: Նախ դա կարող էր լուծել լոկալ խնդիր` կապված հունիսի 20-ի հանրահավաքի հետ: Բանն այն է, որ իշխանությունը, միգուցե ոգեւորված Կոլոմբիեի եւ Փրեսքոթի լոյալությունից, որոշեր անօրինական հանրահավաք պատճառաբանությամբ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, թեկուզ եւ ոչ հրազենով: Փրեսքոթն ու Կոլոմբիեն էլ միգուցե այնքան զգացված լինեին հայաստանյան իշխանության հյուրընկալությունից, որ ամաչեին ասել, որ ցանկալի չէ խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե այդ ուժը կիրառվեր, չափազանց անհարմար դրության մեջ էր ընկնելու Եվրոպան, որովհետեւ այդ դեպքում նա պետք է կամ հստակ եւ կոնկրետ արձագանքեր եւ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով սաստեր իր անդամ Հայաստանի իշխանություններին, կամ պետք է համակերպվեր, որ մի փոքր Հայաստանի իշխանություն հրապարակավ թքում է Եվրոպայի խորհրդի երեսին: Դրանից հետո պետք չէ բացառել, որ Եվրոպայի խորհրդի վրա ուղղակի «անձրեւ» կգար այլ տարբեր պետություններից, եւ ԵԽ-ն ըստ էության կարող էր եւ «ջրասույզ» լինել: Եվ ահա այդ երկընտրանքը ըստ էության լուծվեց այդ կերպ` Կոլոմբիեն ու Փրեսքոթը Հայաստանում չընդդիմացան հյուրընկալությանը, բայց հենց հատեցին Հայաստանի սահմանը, այնուամենայնիվ հիշեցին, որ իրենք ԵԽ պատվիրակ են եւ աշխատավարձը այդտեղից են ստանում: Ի վերջո, Հայաստան կարող ես գնալ-գալ տարին մի քանի անգամ, բայց ԵԽ-ից կայուն վարձատրություն ես ստանում ամեն ամիս, չհաշված գործուղման ոչ քիչ ծախսերը: Հետեւաբար պետք է մի քիչ էլ Եվրոպայի հեղինակության մասին մտածել: Իսկ քանի որ Եվրոպայի խորհուրդը ինքն իրեն լավ է ճանաչում եւ գիտե, որ եւս մեկ անգամ խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման պարագայում նրանք, միեւնույն է, ոչ մի բան ավելի չեն անելու, բացի նոր` 1609+ բանաձեւի ընդունումը, եւ հայտնվելու են ըստ էության պատվազուրկ վիճակում, ապա նախընտրեցին Հայաստանի հարցի արտահերթ քննարկան մասին որոշում կայացնել: Դա անկասկած իշխանություններին ետ էր պահելու խաղաղ ցուցարարների հանդեպ որեւէ ռեպրեսիայի կիրառումից: Իհարկե, երեւի թե ոչ այն պատճառով, որ իշխանությունները սարսափելու էին Եվրոպայի խորհրդի որեւէ կոշտ արձագանքից ամառային նստաշրջանի քննարկումների ժամանակ: Ոչ, իշխանությունը հանգիստ ուժ կկիրառեր ու հետո Եվրոպայում կհայտարարեր, թե այդ ուժը կիրառվել է 1609 բանաձեւի շրջանակում, որպեսզի դրա դրույթներն ուժով տարածվեն հասարակության մեջ: Եվրոպայի խորհրդով Հայաստանի իշխանություններին վաղուց արդեն չես վախեցնի: Հայաստանի իշխանությունը միայն մի վախի աղբյուր ունի` սեփական ժողովուրդը: Իշխանություններին դրսից կարող է կանգնեցնել միայն անորոշությունը: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկման մասին որոշումը հենց այդ անորոշությունն առաջացրեց իշխանությունների մոտ: Նրանք թերեւս չհասկացան, չկողմնորոշվեցին, թե ինչ է կատարվում: Մի կողմից Փրեսքոթն ու Կոլոմբիեն սկզբում գոհ էին, հետո հանկարծ... Հա, ի դեպ: Էդ «հետոն» Լեւոն Տեր-Պետրոսյանի Փարիզից վերադառնալուց հետո էր: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |