|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տնտեսական քաղաքականության մեջ ե՞ւս գնում ենք ԽՍՀՄ-ի ճանապարհով12:03 Yerevan | 8:03 GMT | Tuesday 24 June 2008Լիլիթ Հակոբյան Հայաստանում ընդունված կարծիք կա, թե ետընտրական գնաճը միանշանակորեն պայմանավորված է մեր տնտեսության մենաշնորհային բնույթով: Սակայն իրականում այն, ինչ կատարվում է այսօր` կարող է ունենալ շատ ավելի լուրջ պատճառներ, իսկ հետեւանքը կարող է լինել ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգակցող կանխատեսելի անակնկալը: Արդյո՞ք գների այն սղաճը, որն այսօր ունենք Հայաստանում` ձեռնտու է նրանց, ում մեր երկրում ընդունված է օլիգարխ անվանել: Եթե այդ մարդկանց կուտակած կապիտալը հիմնականում ներդրված է ներմուծման ոլորտում, ապա վստահ չեմ, որ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է: Անկառավարելի բարձր սղաճը կարող է գերշահույթ ապահովել երկրում արտադրողին, բայց ոչ ներմուծողին, քանզի առաջինը ի վիճակի է ստացված եկամուտը ներդնել արտադրության մեջ` ընդլայնելով այն, իսկ երկրորդի «արտադրության» ծավալը սահմանափակված է արտարժույթի առաջարկով (չներդրված խնայողությունները ամեն դեպքում արժեզրկվելու են սղաճին զուգահեռ): Այսօրվա Հայաստանի տնտեսությունը երկու անժխտելի առանձնահատկություն ունի. մի կողմից շնորհիվ վերջին տարիներին իրականացվող արտարժութային քաղաքականության տարադրամը գրեթե ֆիքսված է շուկայականից զգալիորեն ցածր մակարդակի վրա (եթե այն պահվում է մաքսայինի ջանքերի եւ ոչ թե կենտրոնական բանկի ռեզերվների միջոցով, խախտվում է դրամի գնողունակության պարիտետը), մյուս կողմից` մեր տնտեսությունը հիմնականում ներմուծող բնույթ ունի: Ներմուծող տնտեսություն նշանակում է, որ շուկայում ապրանքի առաջարկը կախված է հիմնականում արտարժույթի ներհոսքից: Թերգնահատված արտարժույթն ակնհայտորեն էլ ավելի է խորացնում այս միտումը (սակայն այն երկրի ներսում արտադրությունը սահմանափակող միակ գործոնը չէ, հարկային եւ մյուս տեսչությունների ամենաթողությունը, հանդիսանալով այս միտման ոչ պակաս կարեւոր գործոն, կարող է իրականում քաղաքական շարժառիթներ ունենալ): Նման պարագայում ընտրությունների հետ կապված ցանկացած դրամական ծախս (ընտրակաշառք եւ այլն) կարելի է դիտարկել որպես դրամի էմիսիա` անկախ այդ միջոցների գոյացման աղբյուրից: Այստեղ կարեւորն այն է, որ այս դրամը ամբողջովին դառնալու է սպառում, իսկ եկամտատերերն «արտադրության» ծավալն ավելացնելու միջոց չունեն: Այսինքն` որքան ծավալուն են եղել ընտրություններով պայմանավորված դրամական ծախսերը, այնքան ավելի զգալի է լինելու ետընտրական սղաճը (200 հազար հոգու բաժանված ընտրակաշառքը պետք է զուգակցվի երկիր ներմուծվող 3 մլն ԱՄՆ դոլարով, հակառակ դեպքում դառնալու է սղաճ): Անգամ եթե իշխանությունները ստիպողաբար փորձեն գները ցածր պահել օլիգարխների շահույթի հաշվին, հնարավոր է ունենանք ապրանքային դեֆիցիտ, ինչն անընդունելի է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրի համար: Սակայն այս ամենը չի սահմանափակվում միայն ընտրություններով: Դրանք միայն սրում են տնտեսության խրոնիկ հիվանդությունները: Ինչպիսի՞ն կարող են լինել նման տնտեսական քաղաքականության դեպքում երկարաժամկետ մակրոտնտեսական միտումները, մանավանդ եթե հաշվի առնենք վերջին նախագահական ընտրությունները: Վերջին համապետական ընտրություններից հետո մի կողմից ունենք սոցիալական բունտ, մյուս կողմից` քաղաքական դիրքերը պահպանելու իշխանության աճող մտահոգություն: Առաջին խնդիրը լուծելու համար կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կգնա զուտ պոպուլիստական ճանապարհով` բարձրացնելով (իրենց հիմնական հենարանը հանդիսացող) բյուջետային ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձերը, կենսաթոշակները եւ այլն (հնարավոր է, որ աճեն ոստիկանության հետ կապված ծախսերը): Իրենց քաղաքականության դիրքերը զիջելու մտավախությունը, մյուս կողմից, ստիպելու է էլ ավելի խիստ կարգավորել երկրի ներսում արտադրությունը (միջին դասի աճող տնտեսական եկամուտը դիտարկվում է որպես ուղիղ սպառնալիք ներկա քաղաքական էլիտայի գոյատեւման համար): Քանի որ նման աճող ծախսերը հիմնականում ոչ արտադրական են, դրանք ունենալու են զուտ էմիսիոն բնույթ: Ապրանքային առաջարկը երկրի ներսում կաճի միայն, եթե այս ծախսերը խթանեն ներմուծվող արտարժույթը (բնակչության 10% դրամական եկամուտը եթե աճեց 10 000 դրամով գների պահպանման համար անհրաժեշտ է ունենալ եւս 10 մլն ԱՄՆ դոլարի ներհոսք): Սակայն եթե այս երկու գործոնների մեջ որեւէ սիստեմատիկ կապ կա, ապա այն բացասական է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկիր ներմուծվող արտարժույթի զգալի մաս են կազմում արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումները: Եթե աճեց այս քաղաքացիների հարազատների եկամուտը երկրի ներսում, ապա ի՞նչ կարիք կա շուկայականից ցածր գնահատված կուրսով փոխանակել ավելորդ արտարժույթ: Սրան գումարած աճող քաղաքական վտանգը, սպասվող սղաճի եւ ցածր սահմանված տարարժույթի փոխանակման կուրսի զուգակցումը իրենց հերթին նվազեցնելու են արտասահմանյան արտադրողական կապիտալի ներհոսքը: Այսինքն` երկրում առաջարկվող ապրանքի ծավալը նվազելու եւ ոչ աճելու հակում է ունենալու, իսկ գները բնականաբար աճելու են: Այստեղ միակ բացառություն կարելի է դիտարկել այն դեպքը, երբ կենցաղային կարեւորագույն ապրանքների գնաճը կստիպի բնակչությանն ավելի մեծ ծավալով փոխանակել արտարժույթը: Սակայն չեմ կարծում, թե նման գործոնը որեւէ զգալի նշանակություն կունենա: Նախ ազգաբնակչության ունեցած խնայողությունները իրոք բավականին սահմանափակ են: Երկրորդն էլ, դրամի ապագայի հետ կապված անորոշությունը ամենայն հավանականությամբ ստիպելու է բնակչությանը նվազեցնել արտարժույթի աղբյուր ունեցող եկամտից արվող երկարաժամկետ ապրանքների սպառումը: Ընդ որում` անգամ կենցաղային կարեւորագույն ապրանքների պահանջարկը երկարաժամկետ կտրվածքով ավելի էլաստիկ է, քան կարճաժամկետ կտրվածքով: Այսինքն` արտարժույթի փոխանակման կուրսը շուկայականից ցածր սահմանելու դեպքում արտարժույթի առաջարկը անկման միտում է ունենալու անգամ սահմանված կուրսի անփոփոխ պահելու պայմաններում: Բացի այդ, երբ արտարժույթի գնողունակությունը արտասահմանում գերազանցեց երկրի ներսի գնողունակությունը, պարզապես արագացված տեմպերով սկսվելու է բնակչության արտահոսքը: Այս տեսության օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ դրամի արժեւորումը հիմնականում չզուգակցվեց ներմուծող ապրանքի գների ակտիվով: Մենաշնորհային շուկայում չկարգավորվող գների պայմաններում առավելագույնս խիստ է գործում առաջարկի եւ պահանջարկի օրենքը: Այսինքն` գների անկման միտում կնկատվեր միայն այն դեպքում, երբ ներմուծողը նպատակ (հնարավորություն) ունենար ավելացնելու վաճառվող ապրանքի ծավալը: Իրականում, եթե դրամի արժեւորման հետեւանքով արտարժույթի առաջարկի անկումը գերազանցեց աճած գնողունակության ծավալը, կարող ենք անգամ ունենալ ներմուծվող ապրանքի գնաճ: Անհրաժեշտ է գիտակցել, որ նման քաղաքականության պայմաններում հանրային ծախսերի ցանկացած աճ (ներառյալ կենսաթոշակների, բյուջետային ձեռնարկությունների աշխատողների) նախ դառնալու է սղաճ, հետո մեծացնելու է բնակչության արտահոսքը: Դեռ ավելին` աճող սղաճի պայմաններում բնակչության արտահոսքին զուգակցող արտարժույթի ներհոսքը անկման կտրուկ միտում է ունենալու, որոշ կետից հետո այն դառնալու է բացասական: Մյուս կողմից` քանի որ նման պոպուլիստական քաղաքականությունը հիմնականում աճեցնելու է քաղաքի բնակչության եկամուտը, արտահոսքի զգալի մասը լինելու է մարզերից: Ինչի արդյունքում կարող ենք ունենալ նաեւ գյուղատնտեսական ապրանքի անբավարարություն (մենք ոչ Պակիստան ենք, ոչ էլ Լատինական Ամերիկայի որեւէ երկիր): Քաղաքական կայունության տեսանկյունից, զարգացող երկրների փորձը ցույց է տալիս, որ սղաճը քաղաքական ապակայունացման տեսանկյունից շատ ավելի կարեւոր գործոն է, քան աշխատավարձի մակարդակը: Այսինքն` ցանկացած պոպուլիստական բաղադրատոմս էլ ավելի է ապակայունացնելու քաղաքական իրավիճակը: Նման մի պատկեր էր ստեղծվել ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, երբ բյուջեի ճեղքվածքն ու աճող ծախսերը փորձում էին փակել ուղղակի դրամ տպելով: Այն ժամանակ Գորբաչովը որոշեց խնդիրը որոշ չափով լուծել թույլատրելով կոոպերատիվների առաջացումը: Այսօր, կարծում եմ, մեր իշխանությունները, ելնելով քաղաքական իրավիճակից, նման շռայլություն իրենց թույլ տալ չեն կարող: Նման իրավիճակում անհրաժեշտ է առավելագույնս արագ սահմանափակել ներմուծման ոլորտում ներդրված միջոցները եւ խթանել ներքին արտադրությունը: Այնուամենայնիվ հաշվի առնելով երկրի ռեսուրսային պաշարի խիստ սահմանափակությունը` կարծում եմ արտարժույթի փոխանակման կուրսի լիբերալիզացումը անխուսափելի է: Որքան երկար արտարժույթի փոխանակման կուրսը արհեստականորեն ցածր պահվեց, այնքան ավելի ցավագին է լինելու դրա լիբերալիզացումը, ոչ թե բնակչության, այլ հենց օլիգարխների համար: Մյուս կողմից` այնքան ավելի անկառավարելի է դառնալու այդ լիբերալիզացման գործընթացը` իշխանությունների համար դառնալով անխուսափելի քաղաքական վտանգի աղբյուր: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |