“Zhamanak” Armenian-American Political Daily

Գրաֆիկների երեք սերունդ...

11:57 Yerevan | 7:57 GMT | Tuesday 24 June 2008

Մարինա Բաղդագյուլյան

...Եթե անգամ դեռ ծանոթ չես գրքի բովանդակությանը, հաջող ձեւավորումը կարող է հասցնել գրքի հոգեւոր, էներգետիկ ներուժը: Ոչ թե պատկերներով բովանդակության վերապատմումով, այլ զգացողությունների, իմաստի, գաղափարի փոխանցմամբ:

Երեկ Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում նորից սիրտ ճմլվեց Թումանյանի «Գիքորի» համար. ազգային ինքնագիտակցում` «Սասունցի Դավթի» էպիկական շնչով. ոգու փորձության, պայքարի կրակով թրծում` Չարենցով. հանդարտ-հանդարտ իմաստնացում` ծերունի ձկնորսի` ճակատի, աչքերի եւ բերանի շուրջ ակոսներից եւ ինքնանկարի ջերմ, բարի, խոհուն հայացքից: Նկարիչ Միհրան Սոսոյանն է` Թումանյանի «Գիքոր» (1954թ., դիպլոմային աշխատանք, լիտոգրաֆիա), Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ», Չարենցի «Ամբոխները խելագարված» (1982թ. լինոգրաֆիա), «Դանթեական առասպել», «Պոեմներ եւ բալլադներ», Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը» (1957թ. լինոգրաֆիա) եւ ուրիշ շատ գրքերի` Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները», Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը», Հայկ Խաչատրյանի «Էրեբունի» գրքերի ձեւավորողը: Երեկ նրա գրաֆիկական, յուղաներկ, ջրաներկ աշխատանքների ցուցադրությունն էր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր ափսոսանքը հայտնեց, որ Միհրան Սոսոյանի դասավանդած ԲՈՒՀ-ում իր անհատական ցուցահանդեսն է` առանց նրա ներկայության, բայց ծննդյան 80-ամյակի առիթով...

1948-ից Գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկական բաժանմունքի գրքի ձեւավորման բաժնի սանն էր, Հակոբ Կոջոյանի ուսանողը: Նաեւ` գրքի ձեւավորման կոջոյանական դպրոցի ավանդույթների կրողը, շարունակողը, զարգացնողը. Միհրան Սոսոյանը Հայաստանում պրոֆեսիոնալ գրաֆիկներից էր, նաեւ` ապագա գրաֆիկների ուսուցիչը: Ուրեմն` Մոսկվայում որոշել էին, որ Հայաստանին գրաֆիկայի բաժին պետք չէ, քանի որ Հայաստանը գունային նկարչության երկիր է: Սա, իհարկե, Մոսկվայի կայացրած հերթական անհեթեթ որոշումներից էր, ինչի արդյունքում փակվեց գրաֆիկայի ֆակուլտետը, ընդհատվեց հայկական գրաֆիկական դպրոցի ավանդույթների փոխանցումը, եւ երկար ժամանակ գրաֆիկների պակաս էր զգացվում: 1982 թվին, երբ վերականգնվեց այդ ամբիոնը, Մ.Սոսոյանը նորաբաց ամբիոնի վարիչն էր:

«Եթե ուշադիր նայենք Սոսոյանի գծանկարներին, ակնհայտ է Կոջոյանի եւ Սարյանի ազդեցությունը, հատկապես` «Սասնա Դավիթ», «Էրեբունի» գրքերի համար արված գրաֆիկական աշխատանքներում», - ասում է Մ.Սոսոյանի որդին` նույնպես նկարիչ Տիգրան Սոսոյանը: «Իսկ առանձնահատուկ մի գիծ, որակ, որ հենց Սոսոյանինն է՞», - հարցնում եմ: «Այս լինոգրաֆիաները, լիտոգրաֆիաները նորություն էին հայ գեղանկարչության իրականությունում, որ Սոսոյանը բերեց»:

Մ.Սոսոյանը, փաստորեն, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին, Էդվարդ Իսաբեկյանին անմիջապես հաջորդած սերնդի ներկայացուցիչն է, եւ Տիգրան Սոսոյանի համոզմամբ` «Նրանք ավելի ակադեմիական էին, նրանց գծանկարը, գեղանկարը ավելի պինդ էր»: Իսկապես, Բուլղարիայում կատարած ջրաներկ, գունավոր կավիճներով աշխատանքներում գույնի, գծի հրաշալի զգացողություն կար:

Ինձ զարմացրեց Տ.Սոսոյանի անկեղծությունը երկու սերունդները համեմատելու հարցում. «Հիմա մեր ժամանակներն ուրիշ են: Հիմա մեր աշխատանքները ոչ խորքային, մակերեսային են, պահի համար... Երեւի ժամանակի պահանջից է»:

Ցուցադրությանը ներկա էին նաեւ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից` հենց գրաֆիկայի ֆակուլտետից:

- Դուք եք լինելու հայկական գծանկարի դպրոցի շարունակողը:

- Ես, անշուշտ, հասնելու եմ մեծերի վարպետությանը, բայց ուզում եմ ազատ ստեղծագործել, չմտածել դպրոցի մասին, - պատասխանեց երկրորդ կուրսի ուսանող Միքայելը:

- Իսկ Սոսոյանի աշխատանքներում ի՞նչն է ձեզ համար ամենաուշագրավը:

- Կարծում եմ` ես չէ, որ պիտի գնահատեմ նրա աշխատանքները, բայց զգացողությունների առումով ինձ համար ամենակարեւորը այն է, որ հայ նկարչի շունչը զգացվում է: Նաեւ այն, որ նկարիչը պրոֆեսիոնալ, կիրթ մարդ է:

Փաստորեն, ապագա գրաֆիկները ձգտում են ոգու ազատության, բայց եւ կարեւորում են պրոֆեսիոնալ, կիրթ լինելը, նաեւ` ազգայինի արտահայտումը աշխատանքներում, ինչը չեն ուսուցանում, չեն քարոզում, ինչը ծնվում է ինքնաբերաբար` խորը ինքնագիտակցումից, ներհայեցումից:

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.