“Zhamanak” Armenian-American Political Daily

Փոքրիկ երեւանցիների փոխարեն` «փոքրիկ» ու չալպուտուրիկ ոստիկաններ

14:00 Yerevan | 10:00 GMT | Saturday 21 June 2008

Ա. Սարգսյան

Իշխանություններն, ինչ խոսք, ամեն ինչ արեցին, որպեսզի վիժեցնեն հունիսի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը, սակայն արդյունքում վիժեցրին իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը:

Խոսքը քաղաքապետարանի կողմից «կազմակերպված» «Փոքրիկ երեւանցի» խորագրով միջոցառման մասին է, որին ոչ մի փոքրիկ երեւանցի այդպես էլ ցանկություն չունեցավ գալ ու մասնակցել, միջոցառում, որը հղացվել էր ոչ թե երեխաների նկատմամբ հանկածակի արթնացած սիրուց, այլ ընդամենը նույն օրը նույն հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպվելիք հանրահավաքը տապալելու համար: Փոքրիկ երեւանցիներն ապացուցեցին, որ ի պատիվ իրենց եւ ի տարբերություն «մեծիկ» իշխանությունների` քաղաքացիական բարձր գիտակցությամբ են օժտված եւ չեն ուզում իրենց օգտագործված զգալ:

Երեկ Ազատության հրապարակի շրջակայքն ամբողջությամբ շրջափակել էին մինչեւ ատամները զրահավորված ոստիկանները, իսկ հրապարակի կենտրոնից ժամը 15-ի սահմաններում արդեն իսկ ապամոնտաժվում էին միջոցառման համար տեղադրված դեկորացիաներն ու մյուս տեխնիկան: Փորձեցինք մուտք գործել հրապարակ Տերյան փողոցի կողմից: Անցորդներից մեկը բարեկամաբար խորհուրդ տվեց կրակի հետ չխաղալ: Այնուամենայնիվ փորձեցինք, սակայն ապարդյուն: Խանգարողը ոստիկանության ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Բազազիչ Մելքոնյանն էր: Մի կերպ դիմադրելով նրա հայացքից ցայտող «էլեկտրաշոկին»` փորձեցինք հասկացնել նրան, որ հրապարակ ենք գնում հայտարարված միջոցառմանը մասնակցելու համար: «Ոչ մի միջոցառում, դուրս, դուրս, ընկերուհի, արագ: Միջոցառումը երկու օրով հետաձգվել ա, երեխուն երկու օրից կբերեք»: Ինչ արած, պետք է ենթարկվել «սիրված» ոստիկանի հրահանգին, եթե կյանքդ ու առողջությունդ թանկ ես համարում: Հրապարակ մուտք գործելու հաջորդ փորձը Մաշտոցի փողոցից էր, եւ փառք Աստծո, այս անգամ այն հաջողվեց, ընդ որում, ի զարմանս մեզ` առանց ոստիկանների դիմադրության: Օպերայի շենքի մոտ հավաքված պարապությունից «ձեռքները քորող» ոստիկաններից հարցրինք, թե ի՞նչն է «Փոքրիկ երեւանցի» միջոցառման հետաձգման պատճառը: Նրանցից մեկը, հավանաբար ամենառիսկովն ու տեղեկացվածը, պատասխանեց. «Ի՞նչ միջոցառում, խի միջոցառում պետք ա լինե՞ր: Մեզ ասել են, որ միտինգ ա լինելու, դրա համար ենք ըստեղ եկել: Դուք երեւի տեղյակ չեք»: Երբ ափսոսանք հայտնեցինք, որ փաստորեն, երեխաների համար նախատեսված միջոցառումը չի կայանալու, մեկ այլ ոստիկան ասաց. «Քուր ջան, ոչինչ, մենք էլ ենք փոքրիկ երեւանցի, ինչ տարբերություն»: Մեկ այլ ոստիկան էլ «հույժ գաղտնի» ինֆորմացիա հաղորդեց` փսփսալով. «Միջոցառումը տեղափոխվել ա Հյուսիսային պողոտա»: Գնացինք նշված ուղղությամբ, ուր եւ հանդիպեցինք նույնքան առատ ու շոգից քրտնաթոր ոստիկանների` ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի (Մուլտիկ) գլխավորությամբ: Վերջինս, ի դեպ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի աներձագն է: Հավանաբար Յազիչյանի մականունը խիստ սազական է եղել հայտարարված միջոցառման թեմատիկային` «Փոքրիկ երեւանցի», դրա համար էլ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչը մանկասիրական մղումներից ելնելով հենց նրան է գործուղել Ազատության հրապարակ` օգտակարը հաճելիի հետ սկզբունքով: Պարոն Յազիչյանից էլ փորձեցինք ճշտել` ի՞նչն է պատճառը, որ միջոցառումը չի կայացել եւ ի՞նչ բացատրություն տալ այն երեխաներին, որոնք տրամադրվել էին գալ ու մասնակցել միջոցառմանը ու, փաստորեն, հուսախաբ եղան: «Դե մի բան ասեք, էլի, կամ բերեք` ես կբացատրեմ»: Ինչ բացատրություն պիտի տաք` հարցրինք: «Կասեմ` միտինգ պիտի լիներ, դրա պատճառով էլ երեխեքի միջոցառումը հետաձգվեց», - ծիծաղկոտ տոնով ասաց Յազիչյանն ու սրբեց ճակատը: Հավանաբար հանպատրաստից երեւան եկած անկեղծությունից: Ինչեւէ, երեկ հերթական անգամ համոզվեցինք, որ իշխանությունները, ի թիվս իրենց այլ արատների, ապաշնորհ են նույնիսկ դավադրություն կազմակերպելիս, այն էլ` երեխաների թիկունքում թաքնվելով:

Հ.Գ. Ի դեպ, Ազատության հրապարակի մերձակայքում տեղակայված «Ջազվե» սրճարանը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, երեկ փակ էր. Միշիկը, փաստորեն, քաղաքապետարանի կազմակերպած անմակարդակ միջոցառման երեսից մեծ եկամուտից զրկվեց: Փույթ չէ, Երվանդ Զախարյանը Միշիկի մուննաթի տակից ինչ-որ կերպ դուրս կգա:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.