“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայաստանում՝ ժողովրդավարության վերականգնման անհրաժեշտություն

16:43 Yerevan | 12:43 GMT | Friday 20 June 2008

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի լսումներում դիտարկելով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունները` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ասել է, որ 1989 թվականին այս տարածաշրջանում ժողովրդավարության արմատական ալիք բարձրացավ եւ տարածվեց դեպի Կենտրոնական Ասիա:

«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդները այդ տարի լքեցին անցյալի չկայացած համակարգերը եւ հռչակեցին անդրատլանտյան հասարակությանը ինտեգրվելու մասին` ձգտելով ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների», - նշել է նա: Դենիել Ֆրիդի կարծիքով` արդյունքները զարմանալիորեն հաջող էին: Ներկայումս քննարկվում է այն հարցը, որ Հարավային Կովկասում Սեւ եւ Կասպյան տարածաշրջանները կարող են միանալ Եվրոպային եւ նրա ինստիտուտներին: Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում երկիմաստ չէ: «Մենք կամենում ենք օգնել այս երկրներին` գնալ ազատության, ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ուղիով, այսինքն` այն ուղիով, որով գնաց Արեւմուտքը», - ասել է նա: Դիտարկելով այս տարածաշրջանը որպես Մեծ Եվրոպայի մաս` զեկուցողը կարծիք է հայտնել, որ այս երկրները պետք է գնան սեփական ուղիով` ժողովրդավարական չափորոշիչներով, օրենքի գերակայությամբ, եւ արտաքին ուժերը, մասնավորապես` Ռուսաստանը չպետք է ճնշում գործադրի այս տարածաշրջանի վրա»: Զեկուցման մեջ կարեւորվում է, որ Վրաստանը կողմնորոշվել է դեպի Հյուսիսատլանտյան կառույցներ, իսկ Ադրբեջանը որոշել է զարգացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ` դանդաղ տեմպերով: «Մենք հարգում ենք այդ ընտրությունը: Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրը պատմականորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններ ունի»: Զեկույցում ասվում է, որ այդ երկրները եւ Ռուսաստանը պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ, որոնք հիմնված լինեն փոխադարձ շահերի վրա: Այս հարաբերությունները արդարացվում են աշխարհագրական դիրքի մերձավորությամբ: «Միացյալ Նահանգները բթամիտ չէ, որ չըմբռնի այս տարածաշրջանում Ռուսաստանի դերը եւ Ռուսաստանը բացառի այս տարածաշրջանից: Դա ոչ խելամիտ է, ոչ էլ` հնարավոր: Միացյալ Նահանգները իր ռազմավարական շահն է համարում ազատության եւ ժողովրդավարության տարածումը Սեւ ծովի սահմաններից` Կասպյան ուղղությամբ: Կարեւորվում են այդ տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների կարգավորման խաղաղ ուղիները: Այս հակամարտությունները կապված են Խորհրդային Միության փլուզման հետ: ԱՄՆ-ն համագործակցում է յուրաքանչյուր կառավարության հետ` ահաբեկչության, զանգվածային բնաջնջման զենքի տարածման դեմ համընդհանուր պայքարում` ներառյալ կենսաբանական եւ միջուկային տարատեսակները: Երրորդ կարեւոր հարցը բխում է եվրատլանտյան հանրակցության շահերից. այս տարածաշրջանի գազի եւ նավթի պաշարները պետք է հասանելի լինեն եվրոպական եւ համաշխարհային շուկաներին, որոնք, իրենց հերթին, պետք է ազատ լինեն մենաշնորհային ճնշումներից: Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է հրաժարվեն իրենց հնացած կոմունիստական ինստիտուտներից եւ կառուցեն նոր համակարգեր, մասնավորապես` բանկային եւ ֆինանսական համակարգեր` նոր ազատ տնտեսությանը աջակցելու նպատակով», - ասել է Դենիել Ֆրիդը: «Խորհրդային կոմունիստական հաստատությունները եւ վատ կառավարումը համարվում են ծանր բեռ, ինչը հղի է էթնիկ թշնամանքով: Բացի այդ` այս երկրները սուբյեկտներ են, որոնք դրսեւորվում են որպես ժամանակակից եւ ինքնիշխան պետություններ», - հավելել է պետքարտուղարի տեղակալը:

«Հայաստանը կարող էր մեծ հաջողությունների հասնել, սակայն վերջին պատմությունը դժվարություն հարուցեց: Մեծ ձեռքբերում էր 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալը, ինչպես նաեւ1988 թվականի աղետալի երկրաշարժի ավերակներից բարձրանալը: Եվ դա ողջ աշխարհի մոբիլիզացված օգնության շնորհիվ. այդ թվում` ԱՄՆ-ն առաջինն էր, որ խորհրդային տարածքում մարդասիրական առաքելություն ձեռնարկեց: Աջակցեցին ողջ աշխարհի հայ համայնքները: Զեկույցում պետքարտուղարի տեղակալը այնուհետ նշում է մյուս դժվարությունները. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած սահմանների փակումը: «Թեպետ այդ դժվարություններին` ԱՄՆ-ն վերջին տասնամյակում Հայաստանում տնտեսական զարգացման վկան էր. այս երկրում համախառն ներքին արդյունքի աճը ներկայացվել է երկնիշ թվերով: Սփյուռքը իր օգնության ձեռքն է մեկնում Հայաստանին` մարդասիրական եւ բարեգործական հատկացումներով եւ ուղիղ ներդրումներով: Բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ իր քարոզչության շնորհիվ Հայաստանը 2006 թվականին մտավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ, որի արժեքը կազմում է 236 միլիոն դոլար»: Զեկույցում Դենիել Ֆրիդը իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանին` Կոսովոյում եւ Իրաքում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար: Նա ընդգծում է, որ այդուհանդերձ, Հայաստանը բախվում է լուրջ հիմնախնդիրների հետ. աշխարհագրական շրջափակում, երկրում լայնորեն տարածված կոռուպցիա եւ ժողովրդավարության զարգացման վերջին անհաջողությունները: «Միացյալ Նահանգների համար Հայաստանի տարածաշրջանին ինտեգրվելը համարվում է հատուկ առաջնահերթություն», - ընդգծել է Դենիել Ֆրիդը: Տարածաշրջանային ինտեգրացման համապատկերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԱՄՆ-ն խոշորագույն քայլ է համարում: Պետքարտուղարի տեղակալը մտահոգության առիթ է համարում նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների ապահովումը: Միացյալ Նահանգները ջանք է գործադրում, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը: «Այս դեպքում` ստատուս քվոն երկուստեք օգտակար չէ», - կարծիք է հայտնել Դենիել Ֆրիդը: Այնուհետեւ նա ընդգծել է, որ 2 պետությունների հարաբերություններում վերջին տարիների ընթացքում, բարեբախտաբար, որոշ առաջընթաց է նկատվում. գործում են Երեւան-Ստամբուլ կանոնավոր չարթերային չվերթեր, եւ կան այլ չվերթեր, որոնք Հայաստանը կապում են Անթալիայի հետ: Իսկ Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով: ԱՄՆ-ն աջակցում է նաեւ այս երկու պետությունների անդրսահմանյան երկխոսությանը եւ համագործակցությանը Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ` գիտական հետազոտությունների, նախաձեռնությունների բնագավառում` ԱՄՆ-ի օգնության հիմնադրամների տեսքով:

«Ադրբեջանը նոր պատերազմի՞ է պատրաստվում», - կոնգրեսականներից մեկի հարցին Դենիել Ֆրիդը պատասխանել է, որ թեպետ ողջունելի չեն ադրբեջանցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները` Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի եւ ԱՄՆ-ն հետեւում է դրան: «Երկու երկրների նախագահները հանդիպում են` հարցի կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով: Մեր կարծիքով` Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի»:

Կարճաժամկետ հեռանկարում` Հայաստանի կարեւորագույն խնդիրը ժողովրդավարական ինստիտուտների եւ գործընթացների ամրակայումն է` ներառյալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը. փաստացիորեն գերխնդիր է ժողովրդավարական ներուժի վերականգնումը, ինչը կորավ փետրվարյան նախագահական ընտրություններից հետո...»:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.