|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կլկլանը15:58 Yerevan | 11:58 GMT | Friday 20 June 2008Սոնա Անտոնյան Բարեւ, քաղաք. իմ հին, իմ մտերիմ: Այդպես էլ իսկական անունդ չիմացա... Բայց իմացա վարպետներիդ համբավը, նրանց բարձրարժեք գործը, ուր արհեստն ու արվեստը գիրկընդխառն են: Բարեւ, Վարպետ: Քո արարման պատմությունն է ներծծված ճանապարհներիդ, աղբյուրներիդ, խաչքարերիդ, խոյակներիդ ու ծառի նման դռներիդ մեջ: Էլի մի սկզբի շարունակություն` վարպետաց վարպետներիդ մասին: Իրար ներսում, իմաստուն, անդուլ ստեղծում էիք կատարյալը. սիրտը տրոփի-ձեռք չդիպչի, աչքը տեսնի-հիացմունքը, անունը մնա: Առանց քեզ տխուր է արթնանում քաղաքը: Քեզ անկարելի է չիմանալ, Վարպետ: Քո ոտնաձայները հին քաղաքի գրեթե ամեն շեմից ներս են, քո հայացքն անվրեպ ամեն դարպասին: Բայց չիմացա, Վարպետ, էն մեղեդին, որ մլմլում էր բերանիդ` քար տաշելիս, Էրզրումի՞ հովերն էին բերել, սիրելիիդ պատկե՞րն էր հուզում էն մուտքի կամարը քանդակելիս, թե՞ բախտի հազարան հավքն էր իջել. սի՞րտդ, թե՞ ձեռքդ էր կերտող: Ի՞նչ կարոտներ էին շիկանում, երբ տաք-տաք երկաթ էիր կռում, 101- : Ի՞նչ խռովք էր տեղի տալիս, երբ պղնձյա թիթեղը ձեռքերիդ մեջ վերածվում էր կլկլանի (գավ, որից ջուր խմելիս ինքը...«երգում» է): Ոչ միայն ձեռքերիդ, այլեւ ներսիդ թաթախումն է հում նյութի մեջ երակազարկ տալիս, եւ շարունակությունն է` ջանքը, ջանքը, դարձյալ ջանքը, եւ թեւքով սրբված քրտինքիդ կաթիլի զրնգումը. ահա արարումիդ արդյունքը: Վերջ: Ո՞վ է հիմա հիշում: Այս ճանապարհով անցյալ դարի կեսերին Վարպետ Սուրենն արհեստանոց էր գնում: Կեսօրին իր պատրաստած փարխաչով (տարբեր չափի, իրար վրա դրվող ճաշի ամաններ` կափարիչով եւ բռնելու հարմարանքով) տնեցիները նրան ճաշ էին տանում: Սուրեն Ժամակոչյանը Գյումրիի հմուտ պղնձագործ վարպետներից մեկն է եղել: Ուստաբաշի Սուրենի նշանավոր մուշուրբան (կլկլանը) ինչքան հին է, այնքան արժեքավոր: Ռաբիսի փողոցով (Ս.Համբարձումյան), ինչպես ժողովուրդն է ասում, Վարպետ Սուրենի տունդարձի ճանապարհով բարձրանում եմ վերեւ: Այսպես, երբ քաղաքը նոր-նոր թաթախվում էր մութի մեջ, գոհ ու վաստակած տուն էր դառնում Գյումրիի հայտնի պղնձագործը: Արդեն անկյունադարձին լսում եմ մուրճի զնգոցը. արձագանքը պոկվում, շարունակվում է իմ մեջ: Վարպետ Սուրենը չկա (խունկ ու խոնարհում հիշատակին), որդին` Էդուարդն է ապրեցնում նախնիների արհեստը, շարունակում հոր գործը: 1895-96թթ.-ին Ժամակոչյանների գերդաստանը գաղթել է Էրզրումից եւ երկար դեգերումներից հետո վերջապես հաստատվել Գյումրիում: Վարպետ Էդիկն ընդամենը 2 տարեկան էր, երբ մահացավ գերդաստանի նահապետը` պապը: Բայց սերմն էն գլխից էր նետված, եւ ընձյուղները զորանալու խորքեր ունեին: Շարունակությունն ինքնաբուխ էր. պապից հորը, հորից որդուն, հետո թոռանը... Վահանը` Վարպետ Էդիկի որդին, հորն օգնելու ընթացքում զգաց, որ արհեստավորի ջիղը զարթնում է, խռովում ներսը: Օր օրի շատացավ ջանքը, գումարվեց նվիրումը, սերը մեծացավ: Կլկլան պատրաստելու արհեստն էլ իր արվեստն ունի. ներդաշն են գործում ձեռքն ու մուրճը` ինչպես մարմինն ու հոգին: Այն այլեւս նրանց արյան մեջ է: Հայր ու որդի սրտի ցավով են խոսում արհեստների նկատմամբ հետզհետե նվազող հետաքրքրության մասին: Երիտասարդների ձգտումը համակարգչային աշխարհն է: Արհեստավորների հետ արհեստներն են մեռնում: Ցավով ենք ասում վերջին... Երեք զավակի հայր ու արդեն պապ դարձած Վարպետ Էդիկը չի հոգնում մուրճի անընդմեջ հարվածներից-արդյունքն է անկրկնելի, շուրջը մետաղի փոշին է աստղտում, մատները կոշտանում են, հոգ չէ-հոգին է լիքը: Հայաստանում Ժամակոչյաններն այս գործի միակ եւ հմուտ վարպետներն են:
Խորհում է Վարպետ Էդիկը «...Պետությունը երբեք չի հոգա, ինքդ պետք է ստեղծես: Նկարչին ո՞վ ներկ ու վրձին կտա: Իմ արյան մեջ մտել է, որ պետք է աշխատեմ: Քանի նյութը կա` պետք է աշխատեմ... հատուկենտ արհեստներ են պահպանվել: Արհեստ սիրելը, դրանով զբաղվելը մեր ազգի էությունն է: Գյումրիում ընդունված է եղել արհեստագործությունը: Լավ արհեստավորը լավ անուն է ունեցել, պատիվ, հարգանք: ...Որդիս` Վահանը, սիրով է գործն անում: Երբ կլկլանը հաջող է ստացվում, տրամադրությունս էլ բարձր է: Հայր ու որդի նայում ենք ու ասում` ի՜նչ լավն է: Պետական հոգածություն թե լինի, շատ բան կարելի է փրկել կորստից ու մոռացությունից»: Դազգահին պղնձյա թիթեղ է ընկած: Բաց, անկաշկանդ շնչում է ողջ մակերեսով: Նյութ է, ի՞նչ իմանա, որ վարպետի ձեռամբ մարմին ու շուք է գտնելու: Ահա եզրերը կձգվեն, արծաթե հպումով կդիպչեն իրար, ինչպես ափը ափին: Հետո գլանը կորանում է, կողերը լցվում են` ինչպես տղոցկանը, դեպի վեր սլացքով ունկն է, դեպի վար Կլկլանի ամուր ոտքը: Վարպետի ձեռամբ անագապատվում է, հղկվում, փայլեցվում: Շողշողում է Կլկլանը` ինչպես քաղաքը, երբ արթնանում է իր հին ու նոր տների, ժամանակավոր կացարանների ու ժամանակակից շինությունների տանիքներից թոթափելով երեկվա հոգնությունն ու նիրհը: Արթնանում են եւ այս քաղաքում ապրող մուրացկանը, վաճառականը, գործազուրկը, բժիշկը, դերասանը... Վարպետը: Սբ. Աստվածածնա եկեղեցու զանգերն հնչելուն պես սկսվում է արարման օրը: Շողշղում է Կլկլանը. լիքն է մարմինը, շքեղ. ու՞մ ձեռքերում պիտի հնչեցնի հագեցումի երգը, ու՞մ շրթունքները պիտի դիպչեն անաղարտ պռնկին: Ով էլ լինի, ամեն ումպի հետ Վարպետի իմաստության կաթիլով կցողի ներսը: Կլկլում է Կլկլանը. գույները, ջուրը, ներսը ճողփում են, այնտեղ, զուլալ խորքերում է առեղծվածը: Գրեթե ամեն անգամ մի գույն է պակասում եւ մի ողորմի էլ ավելանում: Աստծո ամեն առավոտ, յոթ ու ավելի արու երեխաներ են ծնվում մեր ընտանիքներում, եւ ամեն տուն ավետիսի հրճվանքով է լցվում: Նրանցից շատերը դառնալու են բժիշկ, տնտեսագետ, ծրագրավորող: Հաստատ այդպես է լինելու: Մեկը գոնե կշարունակի՞ Գյումրվա ոսկեձեռիկ վարպետների գործը: Ամեն անգամ մեր քաղաք եկած հյուրին, օտարին մատնացույց ենք անելու մեր պատմամշակութային արժեքները, կլկլանով ջուր ենք հրամցնելու. մեր իշխանավորների հպարտությունն ու պարծանքն է լինելու միշտ: Բայց պետական այրերը կսատարե՞ն իր արհեստի հետ միայնակ մնացած արհեստավորին, կաջակցե՞ն, որ չկորչի գործը, զորավիգ կլինե՞ն, որ երբեք չխամրեն մեր հռչակավոր վարպետների համբավն ու աստվածատուր շնորհը, որ այն ճառագող մնա սերունդների եւ եկող օրվա համար: Կլինի այդպես: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |