“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինչպես մի օր

14:46 Yerevan | 10:46 GMT | Thursday 19 June 2008

Վաչե Պետրոսյան

Երեկոն է ուսի շալը փռել հիվանդ-հոգնած փողոցների դեմքին. Մի կին ճչաց, մեկը լուցկի վառեց:

Զգուշավոր շները ծեր

եւ որդերը կնգուղավոր

նարինջ ծախող լեռնականի ուղեղի մեջ

դարձան չարքեր,

հետո նաեւ մահարձաններ`

շինելի տակ թպրտացող սրտով.

Այս կողմերում մտածելը անիմաստ է-

լեզուն` թքի մեջ լողացող մկան,

ընդունակ է հարմարվելու, եւ

քանի որ թատրոններում Համլետ

խաղալն արգելված չէ, պիտի կրենք

պատժի չափը`

որպես հարմար հագուստ.

ինչպես առաջին Դատվողները,

երբ փորձեցին հասկանալ

պատճառն իրենց մերկության:

Երեկոն է ուսի շալը փռել

մայրամուտի շրշյուններին բոսոր:

Ես սալոնում Մինաս Զաքարյանի

լսում եմ ջազ

հայացքի ներքո Ժաննա Մոդիլյանիի:

Պուրպուրների միջից թռչում են դուրս

աչքերը նշաձեւ դատարկություն.

փորված դաժան օրվա սուր նշտարով -

Դատարկություն անմահական

եւ ավազան Քրիստոսի մկրտության:

Որտե՞ղ է ավարտվում զգոնությունը:

Որտե՞ղ է ձայնը սգաձեւ կախում

պիտակված վարքը ամբոխավարիս:

Ու՞մ է ուղղված փորձությունը այս:

Ես ծանոթ եմ փողոցներին անկոնք,

ուր զորականը

հսկում է քունը փքված նախիրի,

իշխանական տնկիներին, որոնք

հանուն կերի

տանուլ տված հաղթանակ են

փառաբանում`

փարատելով երկմտասեր

կասկածները Արեւմուտքի:

Ու՞մ համար է փորձությունը այս,

երբ ծերանում ենք խորունկ գիտակցումով -

Ոչինչ չի փրկի քայքայումից մեզ.

չէ՞ որ քծնողի խաղաղությունը

չարտոնված կարիքն է պատերազմի,

որն արյուն է սիրում,

նվաստացում,

հիշողության կորուստ,

շքամուտքում պառկած քածի

աներազանք ժպիտ:

Ովքեր հրահանգ են տալիս մահվան`

անհայրենիք են,

ապրում են իրենցից ազդված

եւ օտար են ու նենգ.

երբ ժապավեն են կտրում

ու շքանշաններ բաժանում`

հաստելով իրերի իրավունքը

մայրամուտի շրշյուններին բոսոր.

Հայացքի ներքո Ժաննա Մոդիլյանիի

խոստովանում եմ.

տնտեսող չեղա,

ոչ էլ բարեպաշտ հավատացյալ,

ուրացա անցյալի անցք ու դեմքեր,

տանուլ տված ետ բերելու

ժամանակը չըորսացի

ու մնացի ինչ կայի ի սկզբանե.

Ես կանգնած եմ այսօր

առավել քան հաստատ.

խռիկներիս թմբուկներում

արձագանքը պայթող փոթորիկի:

Եվ մեղավոր եմ

հարյուր,

հազար,

հարյուր հազար անգամ,

որ բռունցքիս մեջ

գրիչ, վրձին ամփոփեցի

եւ դատարկությունը

քաղցրությունից ճաքած

սիրած կնոջ աչքերի -

Մինչդեռ բռունցքս

հոգնատանջ աշխարհիկ քահանա

պատրաստ է բուրգեր նվաճելու,

ինչպես մի օր,

երբ Հայկսոսյան նետի սոսափյունից

ցնցվեց նեխած Եգիպտոսը հիմքից:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.