|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Առա՛ջ դեպի թանկացում15:35 Yerevan | 11:35 GMT | Thursday 5 June 2008Անի Եղիազարյան Նախագահական ընտրություններից 3.5 ամիս անց թանկացման փոթորիկը չշրջանցեց ոչ մի բնագավառ, մինչդեռ հաղթած թեկնածուի ելույթներում հանդիպում էինք խոստացվող բարեփոխումների: Փաստորեն, բարեփոխումն առայժմ թանկացումն է: Եթե արտասահմանյան հարուստ եւ առավել զարգացած երկրներում անգամ 3% գնաճի դեպքում մասսայական բողոքներ են կազմակերպվում ու գործադուլների ալիք է բարձրանում, ապա մեր երկրում դա, թերեւս, մասսայական բնույթ չի կրում. սահմանափակվում է միջանձնային շրջանակում կամ, լավագույն դեպքում, գերաճում է հարեւանների ու մտերիմների միջեւ բռնկված զրույցի: Առաջին հերթին վատթար վիճակում են հայտնվել բոլորի կողմից որպես ամենակարող ուժ մատնանշվող ուսանողները, սակայն պետք է հաշվի առնել, որ եթե ուսանողներին ենք վստահում կատարվելիք բարեփոխումների մի մասը, ապա հենց նրանց համար պետք չէ բարդացնել կյանքը: Օրինակ` մի քանի ուսանողներ, ովքեր տարբեր մարզերից էին եւ Երեւանում բնակարաններ էին վարձել, բողոքում էին, որ անգամ տների վարձերն են թանկացել. «Նախ` ուսման վարձ, բնակարանի վարձ եւ ավելացրած մեր առօրյա ծախսերը»: Ինչ խոսք, մարդկանց մեծ մասի` առանց այն էլ ոչ փայլուն սոցիալական վիճակին ամենաուժեղ հարված հասցնողը սննդամթերքի թանկացումն է (10% հացի թանկացում, 12` բուսական յուղի ու 18-20% կարագի թանկացում, 20% քաղցրավենիքի, մասնավորապես` շոկոլադի թանկացում, 30-50% բրնձի թանկացում, 15% աղի եւ այլն), ուր մնաց առօրյա երթուղայիններին, տաքսիներին եւ գետնընթացներին վճարված գումարները: Երթուղայինների ու տաքսիների առիթով չմոռանանք հիշել գազի աննախադեպ թանկացման մասին, որի արդյունքում տուժում են ոչ միայն գազով սպասարկվող մարդիկ, այլ նաեւ գազով մեքենա վարող բոլոր վարորդները: Այս մասին զրուցեցինք թիվ «61» երթուղային տաքսու վարորդներից մեկի հետ, ով մեզ հայտնեց, որ գազի թանկացման հետեւանքով յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ իր գրպանից հավելյալ գումար է վճարում. «Առայժմ գծի տիրոջ վճարելու մասին միայն խոսակցություններ են պտտվում», - ավելացրեց վարորդը: Իսկ մենք, այնուամենայնիվ, ժողովրդավարական երկիր ենք համարվում, եւ մարդու իրավունքների առաջին խախտումը թանկացումն է: Անդրադառնալով այս թեմային` մարդու իրավունքների պաշտպանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գրիգորի Գրիգորյանը միայն ասաց, որ իրենք բացասաբար են վերաբերվում թանկացումներին: Երբ հարցրի, թե ինչ կանեն իրենք, եթե քաղաքացիները այս հարցով դիմեն մարդու իրավունքների պաշտպանությանը, պատասխանեց. «Առայժմ ոչ ոք չի դիմել, իսկ եթե դիմեն, ապա ամեն մասնավոր դեպքի համար քննարկում կկազմակերպվի»: Ստացվում է` համապատասխան մարմինը կզբաղվի գործով այն դեպքում, երբ բողոքի ալիքը բարձրանա. բայց չէ՞ որ երեւույթն ինքնին առկա է եւ կարիք ունի հատուկ ուշադրության: Հետաքրքիր է` միջին աշխատավարձ ստացող քաղաքացին այլեւս ինչպես ապրի այս երկրում. արդյո՞ք թանկացումները ուղիղ համեմատական են քաղաքացու աշխատավարձին: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում 2008թ.-ի հունվար-մարտ ամիսների ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է 84, 374 դրամ, ինչն էլ իր հերթին 2007թ.-ի նույն ամիսների համեմատ բարձրացել է 121, 3 %-ով: Սակայն գտնվեցին պետական հիմնարկություններ, որտեղ ոչ միայն այս «ահռելի» տոկոսով, այլեւ ընդհանրապես բարձրացումներ չէին եղել. աշխատանքի եւ սոց.հարցերի նախարարությանը պատկանող մանկատներից մեկի աշխատակիցներից մի կին, ով սովորաբար ընտանիքներում ամենամեծ պատասխանատվությունը կրող միջին սերնդի ներկայացուցիչ է, մեզ հայտնեց, որ ինքը աշխատում է որպես դայակ, կատարում է շուրջօրյա աշխատանք, որի համար վարձատրվում է միջին աշխատավարձ համարվող 50.000 դրամով, որն ամենեւին էլ չի բարձրացել նախորդ տարվա համեմատ: Փաստորեն, վերը նշված ծառայության հայտնած տվյալը ոչ այլ ինչ է, քան մի սովորական չափազանցություն կամ, գուցե, դա վերաբերում է միայն պետական «բարձրաստիճան» հիմնարկություններին... Սերունդներից ամենաշատ ուշադրության արժանի եւ ամենաանպաշտպանը հանդիսացող թոշակառուներից մի 70-ամյա ծերունի մեզ ասաց հետեւյալը. «21.000 դրամ թոշակ եմ ստանում, որը նույնիսկ հաց գնելուն չի բավականացնում, այն էլ` վերջին թանկացումներից հետո: Եթե չլինի երեխաներիս օգնությունը, չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ապրեմ պետության տված այս չնչին գումարով»: Ու դեռ ուզում ենք երկրում մշակութային քաղաքականություն վարել` չնկատելով, որ այսօր մարդկանց համար առաջնայինը հացի խնդիրն է: Այսինքն` չենք նկատում այն բացը, որն առաջնահերթ կարիք ունի լուծման, եւ ընկնում ենք, ճիշտ է, կարեւոր, բայց վերջինիս համեմատ երկրորդական հարցերի ետեւից` պնդելով, որ մենք, այնուամենայնիվ, ժողովրդավարական երկիր ենք համարվում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |