|
“Zhamanak” Armenian-American Political Daily
...Կաթիլը եղավ12:51 Yerevan | 8:51 GMT | Wednesday 4 June 2008Մարինա Բաղդագյուլյան Հրանտ Մաթեւոսյանի հեռանալուց հետո հասկանալի էր, որ պետք է մշակութային կենտրոն ստեղծել: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը ուզում է լինել մի կառույց, ստեղծել մի միջավայր, ուր մաթեւոսյանական խոսքի աշխարհով մարդկանց կբերեն քաղաքացիական ու մշակութային բարձր գիտակցության: Մաթեւոսյանի գործերը թարգմանելու հետաքրքրություն կա Ֆրանսիայում, Ռուսաստանում: Նաեւ` կինոնախագծեր կան. հովանավորներ են պետք: Այսինքն` պետական հոգածություն: Ապագա տուն-թանգարանը ունի հողամաս, որ հիմնադրամին է տրվել անհատույց, անժամկետ օգտագործման: «Այսինքն` դա մնում է պետական հող, ինչը հրաշալի է, բայց օգտագործման է տրվում որեւէ սուբյեկտի, ասենք` հիմնադրամին: Մի քանի անգամ, իբր բարձր նկատառումներով, փոփոխությունների ենթարկվեց տրվելիք հողակտորը, ինչից հողամասը ավելի անհարմար դիրքում հայտնվեց, քան ի սկզբանե նախանշված էր: Բացի այդ, հողամասը մասնավոր եւ պետական հարեւաններ ունի, պարբերաբար ոտնձգություններ են լինում», - ասում է հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը: Նույնիսկ տուն-թանգարանի նախագիծը կա: Քաղաքապետարանն էր մրցույթ անցկացրել: «Շատ բարձր մակարդակով տվեցին մրցույթի հայտարարությունը, հետո շատ ցածր ձայնով մրցույթի հաղթանակի փաստը արձանագրեցին, այնքան ցածր, որ մենք պաշտոնական նամակով իմացանք, որ մրցույթը պաշտոնապես ավարտված է, եւ ինչ-որ ճարտարապետ ինչ-որ նախագծով հաղթել է: Ու երբ մենք նամակ հղեցինք, քաղաքապետը վերջապես բարի եղավ հայտնելու, որ մրցույթում այսինչ մարդն է հաղթել: Խնդիրը ճարտարապետները կամ նրանց ներկայացրած նախագծերը չեն. հետաքրքիր, քննարկելի առաջարկներ էին: Քաղաքապետարանի մոտեցման հարցն է, չնայած` կարելի է հասկանալ. նախագիծը ակնհայտորեն հեռանկարային չէ. թունելի, փողոցի բիզնես-նախագիծ չէ, որից կարելի է ռեալ «ազգօգուտ» շահույթներ ունենալ: Ուղղակի, կառավարության հանձնարարությունն էր, արվեց-մոռացվեց», - ասում է Մաթեւոսյանը: Այսինքն` մշակութային կենտրոն ստեղծելու համար հողը կա, նախագիծը կա. էլ ի՞նչ է հարկավոր: Ոչ մի բան, մնում է կառուցել: Միայն թե հարցին պետական մոտեցում է պետք` պետական ծրագրեր, որտեղ կխրախուսվի ներդրողը` ով չի երկնչի եւ կհայտարարի Մաթեւոսյանի եւ նրա ստեղծագործության համակիրը լինելու մասին: Շինարարությունը հսկայական գումարներ է պահանջում, եւ ոչ մի հիմնադրամ, հատկապես մեր երկրում, ի վիճակի չէ իրականացնել` չունենալով աջակցություն: «Մենք միջոցառումներով ենք զբաղված` ֆոնդը իր հերթին, պետությունն ու հասարակությունն իրենց հերթին: Այսինքն` առկա հոգեբանության եւ մտածողության հետեւանքով մշակույթը` պետական քաղաքականության մակարդակով, շարունակվում է դիտարկվել որպես միջոցառումանման մի բան` հանդիսավոր նիստ, աստղերի ելույթ, մի գրքի տպագրություն, ցուցահանդես, ասենք` Փարիզում... Այս ամեն ինչը առավել կամ պակաս չափով էֆեկտիվ է: Բայց էս հասարակությունում, որ էդ ամեն ինչի ծնողը պիտի լինի, էս երկրում, որ էդ ամեն ինչի համար մթնոլորտային, բարոյական, համակարգային իդեաներ մտմտացողն ու ստեղծողը պիտի լինի, էդ ամեն ինչից ինչ-որ բան փոխվե՞ց... Էդ ամեն ինչը, ասենք` հաջողված ներկայացումը, կարծես վրձնահարվածի շատ վառ կաթիլներ լինեն, որոնք ներծծվում են երկրի, հասարակական կյանքի ընդհանուր գորշության կողմից: Մտքի, մտածողության հեղաշրջում է պետք, որպեսզի մշակութային այս ճահիճը հաղթահարվի »... Հրանտ Մաթեւոսյանի խոսքը «մթնոլորտային, բարոյական, համակարգային իդեաների» ժայռի բարձր պռնկին խրված խոսքն է, որից բռնվելով, ձգվելով, տքնելով պիտի բարձրանանք վերեւ: «Մեծամորը» այդպիսի մի «միջոցառում» եղավ: Կաթիլը եղավ, եւ ջրի մակերեսով ալիքները տարածվեցին, եւ շարժում առաջացավ: «Երանի կտամ այն օրվան, երբ «Մեծամորի» առօրյա դառը ակտուալությունը մեր իրականության համար վերջացած կլինի», - ասաց բեմադրիչը` Դավիթ Մաթեւոսյանը: Այդ օրը, ցավոք, շատ վաղ երեկը չէր, ոչ էլ վաղ երեկը եւ այսօրն էլ չէր: Այնպես որ, «Մեծամորը» ակտուալ էր, է եւ` շատ: «Իմ հասցեատերը ժողովուրդն էր: Ընթերցողին, հանդիսատեսին Մաթեւոսյանին վերադարձնելու խնդիր ունեինք մենք», - նշեց Դավիթ Մաթեւոսյանը: Մայիսի 8-ին, 9-ին, 10-ին մարդիկ խմբվում էին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի մոտ` կրկին դառնալու կամ դառնալու Մաթեւոսյանին: Կայացավ էսսե-մենաներկայացման պրեմիերայի եռօրյան: «Սիրելի մարդիկ շատ են, եւ որոշեցինք տոմսերի գերակա մասը նվիրել` որպես հրավիրատոմսեր: Շատ քիչ մասը վաճառվեց: Ըստ երեւույթին, պահանջարկը շատ էր: Եռօրյայի երկու օրերին մարդիկ մուտքի տոմս էին գնում, որպեսզի ներկա լինեն ներկայացմանը: Երեք հարյուր հոգանոց կամերային դահլիճի եւ այս կարգի ներկայացման պարագայում սա նորմալ էր»: Դ.Մաթեւոսյանը հանդիսատեսին` ըստ նրանց հայտնած կարծիքների, բաժանեց երեք տիպի` մարդիկ, ովքեր կարդացել էին «Մեծամոր» էսսե-հրապարակախոսությունը եւ հավանել նաեւ ներկայացումը. մյուսները, ովքեր ներկայացումը դիտելուց հետո էին որոշել կարդալ. եւ երրորդ խումբը չհավանողներն էին: «Կարծում եմ, որ այդ առումով նորմալ ներկապնակ ենք ապահովել: Ես կուզեի չհավանողներն ավելի շատ իրենց կարծիքը հայտնեին: Չհավանողները հաճախ հերթապահ խոսքեր էին ասում, բայց նրանց լավ ճանաչելով` գիտեի, զգում էի, որ շնորհավորում են, բայց... Անկեղծորեն արտահայտված չհավանողները (ինչի համար շնորհակալ եմ) հիմնականում նշում էին շեշտադրումների սխալ լինելը, դերակատարի սխալ ընտրությունը (առաջարկներ էլ էին արվում, դրանք չեմ քննարկում): Իմ բարեկամներից մեկը բերեց «Մաթեւոսյանի խոսքի ծուղակն ընկնելու» դիտարկումը: Այսինքն` ես ընկնում եմ Մաթեւոսյանի խոսքի ազդեցության ծուղակը եւ սխալ եմ մեկնում նրա խոսքը Աշոտ Ադամյանի միջոցով, ներկայացման բեմադրամիջոցներով»: Նաեւ ասել էին` «Երեւակայությունը շարժող ներկայացում էր»` իմագինատիվ: Այսինքն` ստեղծագործությունը շատ մանրամասնորեն իմացողներն անգամ վերացարկվել են տեքստից, որովհետեւ Մաթեւոսյանն իր երեւակայությամբ դրդում է ինքնուրույն երեւակայել: Ու թեպետ դժվար է երկար լսել խիտ, հագեցած մաթեւոսյանական խոսքը, երբեմն միտքդ կտրվում է խոսքից եւ ջանում ես հիշողությամբ վերականգնել խզումը... Բայց ողջ ընթացքում հյուսված երեւակայական ամբողջ աշխարհը` մեր ողբերգական եւ հաղթական եւ չգիտեմ էլ ինչպիսի պատմության ընթացքով, յուրաքանչյուր սիրտ եւ ուղեղ ունեցող հայի կանգնեցնում է երկընտրանքի առաջ: Եվ մարդն սկսում է մտածել. «Ի՞նչ էր պետք անել, որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ»... «Ես կարծում եմ, որ էլի կանենք ներկայացում` հուլիսի 11-ին եւ 12-ին: Համենայնդեպս, ես տեսնում եմ, որ պահանջարկը կա: Այս անգամ կփորձենք տեսնել ինտելեկտուալ-զգացմունքային նախագիծը կարո՞ղ է դրամարկղային դառնալ` որեւէ հավակնություն չունենալով շոու-բիզնեսի ներկայացումների հետ մրցակցելու: Քննարկում ենք, թե ինչ ձեւերով է կարելի «Մեծամոր, Ք.Հ. 1969» ներկայացումը ընդգրկել Տիկնիկային թատրոնի մշտական խաղացանկում: Ուզում ենք նաեւ տանել շրջագայությունների, հավանաբար` Սփյուռք»: Դավիթ Մաթեւոսյանն ասաց, որ ներկայացման մեջ հընթացս որոշակի հղկումներ կլինեն` միզանսցենային, որ Աշոտ Ադամյանի հետ կքննարկեն` բեմի ո՞ր մասից խոսել, ո՞ր մասին հղել խոսքը: Նաեւ` տեւողության հետ կապված փոփոխություններ. հնարավոր է տեքստը մի քիչ կրճատվի: «Եվ հետո` որոշակի տրամաբանական, մտածումային պաուզաներ են հարկավոր: Հույս ունեմ, որ հանդիսատեսը, ով մեկ անգամ տեսել է ներկայացումը, չի նկատի այդ փոփոխությունները, բայց ներկայացումը կստանա որոշակի դինամիկա»: Ի դեպ, 2006-2007թթ. լույս տեսան «Նանա իշխանուհու կամուրջը», «Ընտրանի» երկհատորյակ գրքերը: Սրանցից ոչ մեկի շնորհանդեսը չեղավ: «Մեծամորի» երկօրյակն ու այս գրքերի շնորհանդեսը թերեւս կհամատեղվեն: ...Իսկ Դավիթ Մաթեւոսյանի համար այս ողջ պատմության` «Մեծամորի» պրեմիերայի, հավանությունների, քննադատությունների մեջ ամենահուզիչը եւ նշանակալին նոր սերնդի կողմից նյութը ընդունելը, ճիշտ հասկանալը ու, փաստորեն, Մաթեւոսյանի խոսքի ժառանգորդ դառնալն էր: ...Կաթիլը եղավ, եւ ջրի մակերեսով ալիքները տարածվեցին, եւ շարժում առաջացավ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |