“Zhamanak” Armenian-American Political Daily

«Գոյություն ունեն սկզբունքային տարաձայնություններ»

10:54 Yerevan | 6:54 GMT | Tuesday 3 June 2008

Էմմա Գաբրիելյան

«Եվ դրանք հաղթահարելու հավանականությունն առաջիկայում մեծ չէ», - գտնում է մեր զրուցակիցը` միջազգայնագետ Արմեն Խարազյանը, վերլուծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տարբեր փուլերը:

-Թեեւ այս տարին համարվում է ընտրական տարի (Հայաստանում նախագահական ընտրություններ էին, Ադրբեջանում հոկտեմբերին նախագահական ընտրություններ են անցկացվելու), այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվեց համաձայնություն ստանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման վերաբերյալ հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նրանք կհանդիպեն առաջին անգամ: Պարոն Խարազյան, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից:

- Հանդիպումից էական ակնկալիք չկա: Սա նախագահի պաշտոնին անցնելուց հետո Ս.Սարգսյանի առաջին հանդիպումն է Իլհամ Ալիեւի հետ, հետեւաբար, այն առաջին հերթին ճանաչողական նշանակություն ունի: Այդ մասին խոսել են նաեւ համանախագահները՝ վերջերս ունեցած հարցազրույցներում: Սպասել ավելին՝ իրատեսական չի լինի: Նախագահներն, ամենայն հավանականությամբ, կարծիքներ կփոխանակեն կարգավորման հեռանկարների մասին, կներկայացնեն իրենց դիրքորոշումները, կհավաստեն խաղաղ գործընթացը շարունակելու իրենց կամքը եւ թերեւս վստահություն կհայտնեն Մինսկի խմբին` իբրեւ հակամարտության կարգավորման նախընտրելի շրջանակ:

- Առհասարակ, ղարաբաղյան բանակցային գործընթացի այժմյան իրավիճակը ինչպե՞ս կբնորոշեք. ինչպիսի՞ն են կողմերի դիրքորոշումները, հայաստանյան փետրվարյան ընտրություններից հետո ի՞նչ փուլում է հայտնվել բանակցային գործընթացը:

- Բանակցային գործընթացը, ինչպես բազմիցս հայտարարվել է, այսօր կենտրոնանում է, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք կողմերին ներկայացվել են 2007թ. նոյեմբերին Մադրիդում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման օրերին: Փաստաթուղթը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներ»: Գործընթացի շահերից ելնելով՝ կողմերը պահպանում են դրա խորհրդապահական բնույթը, ուստի ինքս էլ դրան ծանոթ չեմ: Սակայն, դատելով միջնորդների, բանակցող կողմերի եւ լավատեղյակ լրագրողների՝ մամուլում հայտնվող մեկնաբանություններից, կարելի է ենթադրել, որ փաստաթղթի դրույթներն, ընդհանուր առմամբ, ամփոփվում են հետեւյալ սկզբունքների շրջանակում. ուժի գործադրումից զերծ մնալու երկուստեք հանձնառություն, ԼՂՀ-ի շուրջ տարածքներից հայկական ուժերի դուրսբերում՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, ԼՂ միջանկյալ կարգավիճակի ճանաչում, միջազգային օժանդակություն, ԵԱՀԿ խաղաղապահ գործողություն, անցումային ռազմա-տեխնիկական միջոցառումներ, ապաշրջափակում, ականազերծում, ադրբեջանցի փախստականների վերադարձ եւ ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե-պլեբիսցիտի անցկացում: Դատելով, կրկին, մամուլի հրապարակումներից՝ կողմերի տարաձայնությունները հիմնականում երկու խումբ խնդիրների շուրջ են, որոնցից մեկն անվտանգությանն է վերաբերում, իսկ մյուսը՝ կարգավիճակին:

Առաջինը Լաչինի եւ Քելբաջարի վերահսկողության խնդիրն է (թե՛ ԼՂՀ-ի շուրջ տարածքներից ուժերի դուրսբերման եւ թե՛ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի ուրվագծի առումով), ինչը, ըստ գործընթացի տրամաբանության, ավելի իրատեսական կլիներ դիտել ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնության ենթատեքստում, թեեւ այս խնդիրն ունի չափանիշներ, որոնց քննարկումն անգամ, նույնիսկ կարգավիճակի հետ կապի մեջ, դժվար է պատկերացնել ընդհանրապես: Ադրբեջանցիները, բնականաբար, ցանկանում են Լաչինն ու Քելբաջարը ներառել ուժերի դուրսբերման եւ փախստականների վերադարձի ենթակա տարածքների մեջ: Թվում է, սակայն, որ նրանք ընդունում են Լաչինի միջանցքի գոյության անխուսափելիությունը՝ պայքարելով հանդերձ, որ այն ունենա հնարավորին չափ նեղ ուրվագիծ ու նվազ ռազմավարական արժեք: Հայկական կողմն ավանդաբար ձգտել է թե՛ Լաչինի, թե՛ Քելբաջարի խնդիրն ընդհանրապես դուրս պահել բանակցային դաշտից՝ այդ տարածքների նկատմամբ հայկական վերահսկողությունը դիտելով իբրեւ Հայաստանի ու Ղարաբաղի ռազմավարական կենսունակության պահանջ՝ անկախ Ղարաբաղի կարգավիճակից: Երկրորդը Ղարաբաղում հանրաքվե-պլեբիսցիտի անցկացումն է` դրա իրավական հետեւանքայնությունը, ժամկետները, կապն ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ, ինչպես նաեւ ԼՂ միջանկյալ կարգավիճակի խնդիրը: Հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հնարավորությունն Ադրբեջանը դիտում է իր տարածքային ամբողջականության ենթատեքստում, մինչդեռ Հայաստանն այն մեկնաբանում է լիարժեք ինքնորոշման տեսանկյունից, որի հավանական արդյունքն անկախությունն է:

Ինչպես տեսնում եք, բանակցող կողմերի միջեւ տարաձայնությունները վերաբերում են կարգավորման ամենաառանցքային խնդիրներին՝ անվտանգություն եւ կարգավիճակ: Բանակցային պատվիրակության անդամներն ու երկու երկրների քաղաքական ղեկավարություններն, իհարկե, ավելի բովանդակորեն կարող են խոսել իրենց դիրքորոշումների եւ դրանց մերձեցման հնարավորությունների մասին: Մեր համոզմամբ` գոյություն ունեն սկզբունքային տարաձայնություններ, եւ դրանք հաղթահարելու հավանականությունն առաջիկայում մեծ չէ` ոչ միայն կարգավորման մեթոդաբանության, այլեւ տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման միտումների տեսանկյունից, ինպես նաեւ` հաշվի առնելով Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունները:

- Պաշտոնական Բաքուն մի քանի տարվա փորձերից հետո վերջապես հաջողություն արձանագրեց. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը: ԼՂ խնդիրը տարբեր կառույցներ տեղափոխելու մարտավարությունը չի՞ կարող հանգեցնել բանակցային ֆորմատի փոփոխությանը կամ` ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության պիտանիության հարցի բարձրացմանը, ինչը եւ շատ հաճախ Ադրբեջանում արվում է:

- Բանակցային ֆորմատի ցանկալի փոփոխություն, կարծում եմ, տեղի կունենա, եթե Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան` իբրեւ երրորդ կողմ: Սա դրականորեն կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա, եւ պետք է ողջունվի հայկական կողմից: Ղարաբաղը բանակցությունների լիարժեք մասնակից է եղել մինչեւ 1999-2000 թթ., երբ նախագահ Քոչարյանը որոշեց անցնել երկկողմ ձեւաչափի՝ Ղարաբաղին, իբրեւ կողմ, ըստ էության դուրս մղելով բանակցություններից, եւ խաղաղ գործընթացն ուղղելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կամ նրանց հանձնարարությամբ՝ արտգործնախարարների միջեւ հանդիպումների հուն: Այսօր, թվում է, միջնորդներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի` բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտությունը, եւ գործընթացի առաջիկա փուլերից մեկում դա հավանաբար տեղի կունենա: Սակայն անհրաժեշտ է լինելու հաղթահարել Ադրբեջանի դիմադրությունը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի պիտանելիությանը, ապա, անկախ ֆորմատից՝ Մինսկի խումբ, թե մեկ այլ, միջնորդներն իրականում երկրներ են, այլ ոչ միջազգային կառույցներ, որոնց շրջանակում այդ երկրները գործում են: Այսօրվա համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, միջազգային հանրության` այս տարածաշրջանում առավել ազդեցիկ ուժերից են, եւ դժվար է պատկերացնել երկրների մեկ այլ խումբ, որը կողմերին փոխզիջման բերելու այսպիսի կարողություն, հեղինակություն ու վստահություն ունենար: Մինսկի խմբի հետ Ադրբեջանի խնդիրն իրականում գործընթացի տեմպի եւ տրամաբանության խնդիր է, որը ձեւաչափի փոփոխությամբ չէ, որ լուծվում է: Միջնորդների մեկ այլ խումբ, որն ավելի արագ առաջընթաց կապահովեր բանակցություններում` դժվար է պատկերացնել: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` վերջերս ընդունած բանաձեւին, ապա փաստը, որ բանաձեւի օգտին քվեարկած պատվիրակությունների ցանկում չկա որեւէ երկիր, որն իրական լծակներ ու ազդեցություն ունենար ղարաբաղյան կարգավորման վրա` վկայում է, որ խաղաղ գործընթացը միջազգային մեկ այլ ատյան տեղափոխելով` Ադրբեջանը գործընթացի տեմպի ու տրամաբանության վրա ազդել չի կարող: Դրա ճանապարհը բանակցություններն են:

- Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը (կողմերին ներկայացված կարգավորման տարբերակները) մինչեւ 1998թ. եւ դրանից հետո: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ի՞նչ է շահել կամ կորցրել հայկական կողմը այս տարիների ընթացքում, որպես բանակցող կողմ: Կողմերը մոտեցե՞լ են փոխզիջումներին, թե՞ ընդհակառակը` ավելի արմատական դիրքերից են սկսել հանդես գալ:

- Դեռ վաղ 90-ականներից գործընթացը երկու խնդրի լուծում է հետապնդել` կարգավիճակի եւ անվտանգության: Մնացածը դրանցից ածանցյալ զանազան տարրեր են եղել կամ խաղաղ համաձայնագրի գործադրման (իմպլեմենտացիայի) միջոցառումներ` ռազմա-տեխնիկական, կազմակերպական, տնտեսական կամ հումանիտար: Գործընթացի առանցքային մեթոդաբանական խնդիրն է եղել կարգավիճակի եւ անվտանգության միջեւ առաջնայնությունը՝ իբրեւ վերջնական կարգավորմանը հասնելու գլխավոր միջոց: 1990-ականների, այսպես կոչված` «փաթեթային» կամ «փուլային» տարբերակներն իրականում արտացոլում էին այս խնդիրներից մեկի առաջնայնությունը մյուսի նկատմամբ:

«Փաթեթային» տարբերակով նախ համաձայնեցվում էր կարգավիճակը, ապա բանակցություններ էին սկսում անվտանգության եւ իմպլեմենտացիայի շուրջ: Լինելով, ըստ էության, դիրքային մոտեցում` «փաթեթային» տարբերակը տանում էր մի արդյունքի, որը մեծապես պայմանավորված էր կողմերի առկա հնարավորություններով: Հայաստանն ու Ղարաբաղը կարգավիճակի շուրջ բանակցում էին առավելագույն ուժի դիրքերից: Կարծիք կար, որ կարգավիճակը համաձայնեցնելուց հետո մնացած խնդիրների շուրջ բանակցություններն ավելի արագ կընթանային, եւ բացի այդ, կարգավիճակի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներից զատ, հակամարտության գոտում որեւէ խաղաղապահ կամ լայնածավալ ռազմա-տեխնիկական բնույթի գործողության կարիք չէր լինի: Երկար ժամանակ խաղաղ գործընթացի հիմնարար ըմբռնումներից մեկն այն էր, որ կարգավիճակի քննարկումները, սկզբունքորեն, կարող են հանգեցնել մի շարք հնարավոր փոխզիջումների՝ «ինքնավարությունից անդին, անկախությունից պակաս» բանաձեւի սպեկտրով: Գործընթացի տարբեր փուլերում կողմերին ներկայացվել են այդպիսի մի շարք տարբերակներ, որոնցից եւ ոչ մեկի շուրջ համաձայնություն չի կայացել: Կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները հակում ունեն գործընթացը մղելու դեպի անվերջ իրավական բանավեճ` «տարածքային ամբողջականություն- ինքնորոշում» թեմայով, մինչդեռ կարգավորման խնդիրն ըստ էության քաղաքական ու անվտանգության խնդիր է: Կարգավիճակի քննարկումները դրա զուտ մակերեսն են շոշափում, այլ ոչ այն խորքը, որից խաղաղ գործընթացն իր հիմնական իմաստն ու ռացիոնալն է ստանում:

Փուլային կարգավորման պարագայում շեշտը դրվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա, իսկ կարգավիճակի խնդիրը մղվում է գործընթացի ավելի ուշ փուլ: Անվտանգության հիմնական տարրերն են Հայաստանի եւ ԼՂ-ի աշխարհագրական շարունակականությունը: ԼՂ սահմանների պաշտպանելի ուրվագիծը, տարանջատման գոտու` ԼՂ-ի եւ Ադրբեջանի ենթագոտիների ասիմետրիկ լայնությունը՝ Ղարաբաղյան կողմից ավելի նեղ, իսկ ադրբեջանական կողմից` ավելի լայն, դեպի համապատասխան տարածքների խորք կողմերի ծանր սպառազինության ասիմետրիկ ետքաշումը, ԼՂ պաշտպանության ուժերի գոյություն ունեցող կառուցվածքի պահպանումը, եւ Հայաստանին ԼՂ-ում ռազմական միջամտության իրավունքի վերապահումը, եթե Ղարաբաղի ժողովրդին վտանգ է սպառնում:

Փուլային կարգավորման հիմքում այն տրամաբանությունն էր, որ կարգավիճակի շուրջ կողմերի տարաձայնությունները հնարավոր է հաղթահարել միայն ժամանակի ընթացքում, քայլ առ քայլ փոխզիջումներով: Նախատեսվում էր, որ սկզբում կլուծվեր ռազմական գործողությունները չվերսկսելու խնդիրը` ժամանակացուցային ետքաշումների, զուգահեռ ռազմա-տեխնիկական եւ տնտեսական միջոցառումների, ինչպես նաեւ ԵԱՀԿ խաղաղապահ գործողության միջոցով: Կարգավիճակի բանակցությունները կսկսեին այդ միջոցառումների իրականացումից հետո: Մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի համաձայնեցումը, ԼՂ փաստացի կարգավիճակը կպահպանվեր: Լաչինը դիտվում էր իբրեւ անվտանգության խնդիր, իսկ Շուշին` հումանիտար: Հայաստանն ու Ղարաբաղը հետեւողականորեն ձգտել են, որպեսզի Քելբաջարը եւս, ցանկալի է նաեւ` այլ հարակից շրջաններ, դիտվեն իբրեւ անվտանգության խնդիր, իսկ Շահումյանը` հումանիտար: Ադրբեջանցիները, մյուս կողմից, ընդդիմացել են Լաչինից բացի որեւէ այլ զիջումների, թեեւ պահեր են եղել, երբ թվացել է, թե նրանց համար Քելբաջարը եւս կարող է ընդունելի լինել, սակայն ոչ այլ շրջաններ, իսկ Շահումյանը, ադրբեջանցիների տեսակետից, ընդհանրապես դուրս է կարգավորման շրջանակից:

Հաշվի առնելով կարգավիճակի եւ անվտանգության փոխկապվածությունը` 1998-ից ի վեր միջնորդական փորձեր են արվել ինտեգրել այդ երկու խնդիրների կարեւոր տարրերը միասնական առաջարկի մեջ: Փորձեր են արվել նաեւ` քննարկելու ԼՂ հակամարտության եւ տարածաշրջանային այլ կարեւոր գործոնների, մասնավորապես` Նախիջեւանի, հայ-թուրքական հարաբերությունների կամ Կասպյան էներգետիկ ծրագրերի հարաբերակցությունը: Կասպյան էներգիայի խնդիրներն, օրինակ, թեեւ խաղաղ գործընթացի օրակարգում չեն եղել, սակայն քննարկվել են գործընթացի լուսանցքներում: Հայաստանն ընդգծված վերապահությամբ է մոտեցել այդ թեմային՝ չցանկանալով այն ներմուծել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակ: Մյուս կողմից` Հայաստանը մշտապես հանդես է եկել հայ-թուրքական մերձեցման օգտին, սակայն խուսափել է Մինսկի գործընթացի հետ այն որեւէ կերպ առնչելուց: Գործընթացի ներկա փուլը նախկիններից տարբերվում է երկու հիմնական չափանիշով. նախ` այն աչքի է ընկնում կարգավորման տարբեր` մինչեւ այժմ հիմնականում առանձին զարգացած մեթոդների (փաթեթային կամ փուլային) եւ շեշտադրումների (անվտանգություն կամ կարգավիճակ) միջեւ սերտ ինտեգրմամբ, եւ երկրորդ` այս փուլում առաջին անգամ հանրաքվե-պլեբիսցիտի խնդիրը ներմուծվում է կարգավորման օրակարգ: Երկուսն էլ մեզ համար կարեւոր չափանիշներ են եւ սխեմատիկ առումով բանակցային գործընթացում մեզ համար նպաստավոր հորիզոն են ստեղծում:

Իրականում, սակայն, բավական է այդ հորիզոնը դիտել ժամանակային հեռանկարի մեջ, ինչպես եւ մադրիդյան սկզբունքներն են սահմանում այն, եւ պարզ կդառնա, որ այդ սկզբունքներից բխող որեւէ իրատեսական արդյունք պայմանավորված կլինի ոչ միայն կողմերի ներկայիս կարողություններով, այլեւ նրանց տեւական մրցունակությամբ ու զարգացման ներուժով` ավելի լայն, Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան եռանկյունուց դուրս գործող ուժային հարաբերությունների ուղեծրում: Պատմության` մեզ համար նպաստավոր մի պահի, մեր այնպիսի որակներ, ինչպիսիք են ազգային ներդաշնակությունը, մոբիլիզացիոն կարողությունը, քաղաքական պրագմատիզմն ու արտաքին օժանդակությունը, որոշիչ դեր են ունեցել Ղարաբաղում ռազմական ու քաղաքական զարգացումների ընթացքը դեպի ներկա հանգրվան ուղղորդելու գործում: Նույն առավելությունների շարունակական պահպանումը հիմնարար նշանակություն է ունենալու Ղարաբաղում մեր ռազմական հաջողությունները տեւական քաղաքական եւ անվտանգության արդյունքի փոխարկելու համար: Ահա սա է խաղաղ գործընթացի մարտահրավերը, եւ թվում է, թե ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը առայժմ դրան պատրաստ չեն:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում իշխում են ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին կոչերը, որքանո՞վ եք ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր տարբերակ համարում:

- Ռազմական գործողությունների վերսկսումը խիստ անցանկալի է, եւ որքան էլ նվազ կամ բարձր լինի դրա հավանականությունը, Ադրբեջանի սպառնալիքները պետք է լուրջ ընդունել, եւ պատրաստ լինել ցանկացած զարգացման: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը եւս Ադրբեջանին հորդորի ավելի պատասխանատու կեցվածք որդեգրել: Ռազմաշունչ հայտարարություններն ու լայնածավալ սպառազինումը չեն նպաստում բանակցությունների առաջընթացին, այլ հակառակը` խորացնում են կողմերի միջեւ վստահության պակասը, իսկ այդ պայմաններում խաղաղ գործընթացի կենսունակությունը պահպանելը խիստ դժվար է: Հուսով ենք, որ Ադրբեջանում կան ուժեր, որոնք իրապես շահագրգռված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ որ նրանց մոտեցումներն, ի վերջո, կգերակշռեն:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.