“Zhamanak” Armenian-American Political Daily

Ժողովուրդն իր հաղթական շարունակության մեջ էր

12:16 Yerevan | 8:16 GMT | Thursday 29 May 2008

Կարինե Հարությունյան

Մինչ հուշահամալիրին հասնելը երկար պիտի քայլել` մտորելու այն մասին, թե ինչպես է լինում, որ հաղթում ես: Երեկ այդ ճանապարհով հաղթած ժողովուրդն էր քայլում` իր հաղթած առաջնորդի հետ:

Սարդարապատ: Հաղթանակ: Հանրապետության օր: Այս եռամիասնությունը խորհրդանշում է հայի անպարտելի ոգին եւ ուժ է տալիս նոր հաղթանակների համար: Իսկ նոր հաղթանակների սկիզբը դրվեց սեպտեմբերի 21-ին: Անցել է ութ ամիս, իսկ ժողովուրդը հակառակ ռեժիմի գործած Շարժումը ջարդելու ամենաստոր միջոցներին, չի կոտրվել: Այս ժողովրդին կոտրելն անհնար է:

Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը երեկ Սարդարապատում էին մինչ Լեւոն Տեր- Պետրոսյանի գալը: Հենց լրտեսները լուրը հասցրին, սրանք մեքենաները նստեցին ու... պու~կ: Մի խոսքով` դուխները չհերիքեց առաջին նախագահի ու ժողովրդի հետ երես-երես հանդիպելու: Իսկ այ, իշխանությունը զավթածի մրցանակով փառավորված Զորի Բալայանին չհաջողվեց ժողովրդից փախչել ու օխտը փութ ամոթանք-անեծք լսեց իր հասցեին: Ճիշտն ասած` մրցանակակիրը դրանից շատ էլ չնեղվեց: Ամեն մարդ մի բանի նկատմամբ իմունիտետ ունի, չէ՞, դե ոմանք էլ, պարզվեց, թուքումրի:

Համաժողովրդական Շարժման հզոր բանակը, որ երեկ Սարդարապատում էր, անցավ իր կոչերին: «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ», «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով ժողովուրդը կանգնեց այնքան, մինչեւ ՀՀ հիմնադիր եւ 2008-ի դե ֆակտո ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ իր ժողովրդին: «Լեւոն-Լեւոն», - թնդաց ժողովուրդը ու միասին իր նախագահի հետ բարձրացավ հուշահամալիր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց մեր հաղթանակների խորհրդանիշ հուշահամալիրին, ապա զրուցեց ժողովրդի հետ: «Մի բան ասեք ձեր ձայնը լսենք», - ասաց մի կին: «Ձեր ձայնն է կարեւորը», - ասաց առաջին նախագահը: «Որ էդպես է` Լե-վոն, Լե-վոն», - կանչեց մի երիտասարդ, ու ամբողջ ժողովուրդը իր կամքը բարձրաձայնեց` առ երկինք: Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք: Պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Սա բացարձակապես իմ խնդիրը չէ, ինչ որ անեք` ձեր երեխաների համար եք անելու: Կանգնեք մինչեւ վերջ»: Առաջին նախագահին ողջունելու եւ տոնը շնորհավորելու էին եկել «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անդամները: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակիցների հետ լուսանկարվելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը վերցրեց Ժիրայր Սեֆիլյանի նկարները եւ պահեց գլխից վեր. «Տվեք ես պահեմ Ժիրայրի նկարները: Բարեւեք իրեն իմ կողմից»:

Հիմնադիր նախագահը այնուհետեւ այցելեց Եռաբլուր: Այստեղ արդեն երրորդ օրն է անժամկետ հացադուլ են հայտարարել բազմաթիվ ազատամարտիկներ: Նրանց թիվը փոխվել է` կապված գիշերվա ցրտի հետ: Երեկ հացադուլավորների թիվը 11-ն էր: Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը, Շուրիկ Ղուլինյանը, Վարդան Հարությունյանը եւ Խաչիկ Ադամյանը պահանջում են ազատ արձակել 100-ից ավելի քաղբանտարկյալներին, պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի ոճրագործներին եւ ԵԽԽՎ բանաձեւի կատարում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատամարտիկներին հորդորեց դուրս գալ հացադուլից, ասելով, որ նրանք պետք է պահպանեն իրենց առողջությունը` պայքարը շարունակելու եւ երկիրը կառուցելու համար: Սակայն հացադուլավորներն ասացին, որ շարունակելու են հացադուլը` մինչեւ հասնեն իրենց քաղաքական պահանջների բավարարմանը: Իմ այն հարցին, թե գիշերները ցուրտ է, կկարողանա՞ն դիմանալ, գուցե ընդառաջ գնան առաջին նախագահի հորդորին, պատասխանեցին. «Կարեւորը ոգին է, պայքարելու վճռականությունը, չընկրկելու համառությունը: Ցուրտը, շոգը, անձրեւն ու քամին դատարկ բաներ են պայքարող մարդու համար»:

Երեկ դեպի Սարդարապատ եւ ապա` Եռաբլուր Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցում էին նրա քաղաքական-գաղափարական համախոհները` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Համաժողովրդական Շարժմանը միացած քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում գործող վարչախմբի` ընդդիմությանը երկրի կառավարման մեջ ներգրավելու քայլերը, Արամ Սարգսյանն ասաց. «Դա գործ անելու 100 տոկոսանոց իմիտացիա է»: Իսկ ընդդիմության առաջադրած նախապայմանների վերաբերյալ իշխանամետ ուժերի արձագանքների մասին ասաց. «Այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են առանց նախապայմանների հնարավոր երկխոսության մասին` դեմագոգիայով են զբաղված: Նախապայմանները դրել է Եվրախորհուրդը` իր բանաձեւով: Եվ միայն բանաձեւի պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին»:

Սարդարապատի հուշահամալիր ու Եռաբլուր էր եկել նաեւ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: «Ի՞նչ զգացումներ ունեք», - հարցրեցի: «Սարդարապատը մեր հաղթանակների եւ մեր կամքի խորհրդանիշն է: Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա... եւ ապա` Արցախ: Այս անուններն ասում են, որ մենք կռվել գիտենք: ...Այսօր պայքարի դաշտն ու ձեւերն այլ են, բայց հաղթանակելու կամքը եւ մինչեւ վերջ գնալու հաստատակամությունը նույնն է: Մենք արդեն հաղթած ենք: Ռեժիմը լավ էլ գիտի այդ մասին ու ինքնախաբեությամբ է զբաղված: Ինքն իրեն արհեստական շնչառություն տալու քայլերը դատապարտված են: Մենք արդեն մոտ ենք, իրենք` հեռու», - ասաց Արշավիր Բոզինյանը: Արցախյան ազատամարտում անմնացորդ իր հայրենիքի համար կռված զինվորը ավելի լավ է զգում երեկը, այսօրն ու վաղը: Հանրապետության տոնի երեկվա օրը ժողովուրդն իր տարերքի մեջ էր. իր պայքարի հաղթական շարունակության մեջ:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.