“Zhamanak” Armenian-American Political Daily

Պաշտոնական Մոսկվան հիշեցրեց, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

11:28 Yerevan | 7:28 GMT | Friday 16 May 2008

Էմմա Գաբրիելյան

Պաշտոնական Մոսկվան հիշեցրեց, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Վերջին տարիներին, որպես կանոն, Կրեմլի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ եղել է անփոփոխ` «ՌԴ-ն կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ կողջունի այն լուծումը, որը ընդունելի կլինի բանակցող կողմերի համար»: Ի տարբերություն արեւմուտքից հնչող ազդակների` հայտնի է, որ ՌԴ-ն առանձնապես շահագրգռված չէ հակամարտությունների վերջնական կարգավորմամբ: Եթե չասենք` առհասարակ չի էլ ձգտում հասնել դրանց կարգավորմանը:

Վերջին օրերին, սակայն, ռուս պաշտոնյաները հանդես եկան ԼՂ խնդրի շուրջ որոշ հայտարարություններով, որոնք ՌԴ դերակատարությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, ընդգծելու միտում ունեին թերեւս: Նախ ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանը, լինելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկը` «ամեն ինչ անում է հիմնախնդրի հաջող լուծման համար իրական պայմաններ ստեղծելու նպատակով»: «Հուսով ենք, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը իրական հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացի հետագա շարունակման համար», - նկատել էր Գրիզլովը, ապա հավելել. «Մենք կարող ենք երաշխավորներ դառնալ, պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի համար: Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ռեալ հնարավորություններ ունի բանակցությունների մյուս մասնակիցների վրա ազդելու համար», - ասել էր Պետդումայի խոսնակը:

Այս հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, անդրադառնալով «սառեցված հակամարտությունների» թեմային, ընդգծեց, որ Ռուսաստանը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (նկատենք, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում համանախագահող մյուս երկրների դիրքորոշումից երբեք չի էլ տարբերվել) եւ հանդես է գալիս հօգուտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը անթույլատրելի համարեց առկա ստատուս քվոյի պահպանումը եւ շեշտեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա:

Ի տարբերություն ռուս պաշտոնյաների վերջին գնահատականների` այլ էին ռուսաստանցի փորձագետների կարծիքները: Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, օրինակ, գտնում է, որ ղարաբաղյան խնդիրը արդեն վաղուց Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության լծակ չէ. «Ընդհակառակը՝ ղարաբաղյան հակամարտությունը հակամարտող կողմերը իրենք են օգտագործում Ռուսաստանի վրա ճնշման համար` բացահայտ հայտարարելով դեպի Արեւմուտք գնալու մասին այն դեպքում, եթե Ռուսաստանը չակտիվացնի իր ջանքերը հակամարտության կարգավորման համար»: Այնուհետեւ Մալաշենկոն հավելել է, որ իր կարծիքով հակամարտությունը պետք է լուծվի ներսից: Իսկ Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ «Նովոստիի» միջազգային մամլո կենտրոնում կայացած Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ընթացքում վստահեցրել է, որ այսօր Կրեմլը չունի Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ: «Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ: Պուտինի ձեւավորած քաղաքական կուրսը կշարունակվի նաեւ Մեդվեդեւի օրոք, առնվազն մոտակա երկու-երեք տարիներին: Նշեմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը ամբողջական ձեւակերպում չեն տվել խաղի նոր կանոններին` կապված Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Կոսովոյի նախադեպից հետո որոշ քաոս է նկատվում Բալկաններում եւ Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող պայքարում», - պարզաբանել էր ռուս քաղաքագետը: Վլասովը նաեւ նշել է. «90-ականների սկզբին Ռուսաստանը կորցրեց մոդերատորի իր դերը Կովկասում, երբ չհավասարակշռված դիրքորոշում որդեգրեց ղարաբաղյան հակամարտության հարցում, եւ այսօր Կրեմլը չունի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ՝ Հարավային Օսեթիայի պարագայում մեկ դիրքորոշում է, Աբխազիայի դեպքում՝ մեկ այլ, Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ այլ»:

Մինչ հունիսի 7-ին ծրագրված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂ միջազգային ճանաչման եւ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԼՂ ԱԺ նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը օրերս ներկայացրել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնահերթ քայլերի վերաբերյալ: Տեքստում մասնավորապես նշված է. «ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները, հիմք ընդունելով «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով 2005թ. ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ-ում անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, որոնք ամփոփված են նույն օրը ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ, ընդհանրացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» հարցով 2008թ. ապրիլի 2-ի ընդլայնված նիստի քննարկումները, անհրաժեշտ են համարում ԼՂՀ նախագահին եւ կառավարությանը առաջարկել` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության ներկա մակարդակը, եւ նախանշել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներից բխող նոր գերակայություններ»: Սրանից զատ` առաջարկվում է նաեւ ԼՂ-ի անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին փաստարկել որպես դրանց հնարավոր արդյունավետության նախապայման, մշակել եւ ԱԺ-ին ներկայացնել ԼՂ Ազգային անվտանգության հայեցակարգը` ելնելով կարգավորման գործընթացի առաջնահերթություններից, իսկ մինչեւ հայեցակարգի մշակումը եւ ընդունումը ստեղծել ռազմավարական վերլուծությունների եւ տեղեկատվության հարցերի հատուկ աշխատանքային խումբ եւ վերջինիս առջեւ դնել քարոզչության եւ կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման եւ տարածման խնդիրներ, այդ նպատակով առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական սփյուռքի ներուժը, առավել հետեւողականորեն կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` լիարժեք ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները»:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.