|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկչության մասին 2007 թ. զեկույցը եւ հայ-իրանական հարաբերությունները10:51 Yerevan | 6:51 GMT | Friday 16 May 2008Արմեն Խարազյան ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության վերաբերյալ 2007 թ. տարեկան Զեկույցը։ Այդ Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժինը մեկ պարբերությամբ անդրադառնում և մտահոգություն է հայտնում հայ–իրանական հարաբերությունների կապակցությամբ։ Սա մեկնաբանությունների տեղիք է տվել, թե հայ–ամերիկյան հարաբերություններում փոխըմբռնման խնդիրներ կան։ Ոմանք հակված են այդ խնդիրները բացատրել հետփետրվարյան զարգացումներով, ոմանք էլ՝ հայ–իրանական համագործակցության ծավալների աճով, ինչը ենթադրաբար անհանգստություն է առաջ բերել Վաշինգտոնում։ Մեկնաբանությունները, սակայն, այդքանով չեն ավարտվում։ Կարծիք կա, որ Զեկույցը ոչ մի արտառոց ազդանշան չի պարունակում, այլ պարզապես, իր մանդատից ելնելով, արձանագրում է հաշվետու տարում հայ–իրանական հարաբերություններում եղած զարգացումները։ Այդ դեպքում, խնդիրը Զեկույցը չէ, այլ դրա շուրջ մեր մեկնաբանությունը։ Վերջապես, չի բացառվում նաև, որ Զեկույցն իրոք խնդիրներ է մատնանշել, որոնց բացատրությունը պետք է փնտրել ոչ թե մեկ, այլ մի քանի հարթության մեջ, ու թեև որևէ առանձին պատճառ սպառիչ պատասխան չի հուշում, հավաքականության մեջ այդ պատճառները բավարար խորք են ստեղծում՝ հասկանալու ու բացատրելու հայ–իրանական հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ–ի մոտեցումը։
Նախ, արդյո՞ք խնդիրն առաջին անգամ է տեղ գտել Պետդեպարտամենտի տարեկան Զեկույցում։ Ոչ. նման անդրադարձ եղել է նախորդ երկու տարիներին ևս։ Ավելին, 2005–ին հայ–իրանական հարաբերություններից բացի, նշվել են նաև հայ–սիրիական հարաբերությունները, թեև 2006 և 2007 թթ. Զեկույցներում Սիրիային հղումն արդեն բացակայում է։ Ավելի վաղ՝ 2004–ին, նման հարցադրումներ ընդհանրապես չեն եղել, թեև այդ Զեկույցի ֆորմատն էլ ավելի սեղմ է եղել, իսկ մոտեցումն ավելի հպանցիկ։ Իր ներկայիս տեսքով, Զեկույցը սկսել է հրապարակվել 2005–ից։ 2004–ը եղել է անցումային տարի, իսկ մինչ այդ այն կենտրոնացել է ոչ թե առանձին երկրների, այլ ահաբեկչության գլոբալ միտումների ու դրսևորումների վրա։ Ամփոփելով վերը նշվածը՝ կարել է ասել, որ հայ–իրանական հարաբերությունների խնդիրն ԱՄՆ ահաբեկչության մտահոգությունների ենթատեքստում նորամուծություն չէ. այն Պետդեպարտամենտի Զեկույցներում տեղ է գտել առնվազն 2005 թվականից ի վեր։ Հետևաբար, 2007–ի Զեկույցում դրան անդրադարձը չի կարելի բացատրել Հայաստանում իրավիճակի վերջին զարգացումներով, կամ հայ–իրանական հարաբերություններում արձանագրված որևէ նոր միտումով։
Երկրորդ, ԱՄՆ–ը միանգամայն տեղյակ է հայ–իրանական հարաբերությունների ռացիոնալին, ու թեև այն չի քաջալերել, սակայն ընդունել է ի գիտություն։ 2006 թ. Զեկույցն օրինակ նշում է. «Իրանի հետ դիվանագիտական և առևտրական հարաբերությունները դեպի ծով ելք չունեցող Հայաստանում դիտվում են իբրև աշխարհագրական ու ռազմավարական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններն ու Վրաստանում անկայունության ենթադրյալ վտանգը»։ Իսկ 2005 թ. Զեկույցը նշում է նաև Իրանում ու Սիրիայում ստվար հայ համայնքների առկայությունը։ Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը լիարժեքորեն հասկանում է Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների նշանակությունը, և ավելին՝ կարողանում է այդ հարաբերությունները տեսնել ոչ միայն իր, այլև Հայաստանի մտահոգությունների ենթատեքստում։ Ուրեմն, Միացյալ Նահանգներին հայ–իրանական հարաբերությունների նպատակն ու ուղղվածությունը բացատրելը, կամ դրա շուրջ գոյություն ունեցող փոխըմբռնումը պահպանելը Հայաստանի համար ևս բարդություն չպետք է ներկայացնի։
Ի՞նչն է, այդ դեպքում, ԱՄՆ–ի տեսանկյունից, հայ–իրանական հարաբերությունների պրոբլեմը, և արդյո՞ք 2007 թվականն այս առումով տարբերվել է նախորդ տարիներից։ Մեր կարծիքով, խնդիրն առաջին հերթին այն է, որ 2007 թվականին հայ–իրանական հարաբերությունների բնույթը առևտրատնտեսականից միտում է հանդես բերել՝ անցնելու դեպի ենթակառուցվածքային ու ներդրումային ոլորտներ՝ կենտրոնանալով հատկապես էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի վրա։ ԱՄՆ–ում սա, իրոք, որոշ մտահոգություն է առաջացրել։ Օրինակ, 2007 թ. հոկտեմբերի 23–ին Պետդեպարտամենտի ամենօրյա բրիֆինգում խոսնակ Շոն ՄքՔորմաքը նկատել է այս խնդիրը, և պատասխանելով Իրանի նախագահ Ահմադինեջադի՝ Երևան այցելությանն ու նավթազտարան կառուցելու շուրջ հայ–իրանական ծրագրին վերաբերող հարցին, նշել, որ Երևանից սպասվում է ձեռնպահ մնալ Իրանի հետ նավթա–գազային գործարքներից, հակառակ դեպքում պատժամիջոցները չեն բացառվում։ Պետք է նշել, որ խոսնակի հայտարարությունը հրապարակվել է նույն օրերին, երբ Վաշինգտոնում էր գտնվում վարչապետ Սերժ Սարգսյանը։ Քննարկվե՞լ է նրա հետ այդ խնդիրը, արդյոք, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ՄքՔորմաքի հայտարարությունը վկայում է, որ 2007 թվականին այս հարցով ԱՄՆ–Հայաստան երկկողմ խորհրդատվություններ եղել են, և որ Ահաբեկչության մասին Զեկույցում տեղ գտած պարբերությունը հայկական կողմի համար բնավ անակնկալ չի պարունակում։
Իրանի հետ հարաբերությունների հարցում ևս մեկ հանգամանք պետք է հաշվի առնել՝ նախագահ Ահմանդինեջադի գործոնը։ Իրանի նախագահն ԱՄՆ–ում աններելիորեն ցածր վարկանիշ ունի, և նրա անմիջական մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունները սովորականից ավելի խիստ գնահատականի են արժանանում, ինչը մասամբ բացատրում է 2007 թ. Զեկույցում տեղ գտած պարբերության տոնը (կամ մեր՝ դրա ընկալումը)։ Ավելին, հաշվի առնելով, որ Իրանի Նախագահից բացի, 2007–ին Հայաստան է այցելել նաև այդ երկրի պաշտպանության նախարարը, հայ–իրանական հարաբերությունների միտվածության վերաբերյալ Վաշինգտոնի վերապահումներն ավելի բացատրելի են դառնում։
Վերջապես, հարկ է նշել, որ հայ–ամերիկյան հարաբերություններում Իրանի հարցի շուրջ փոխըմբռնման հիմնաքարը երկուստեք վստահությունն է՝ արժեք, որ հենվում է ոչ այնքան նպատակների ու շահերի օբյեկտիվ ընդհանրության, որքան այդպիսի ընդհանրություն ստեղծելու, և այն մշտապես ամրապնդելու՝ երկուստեք ջանքերի վրա։ Անկախությունից ի վեր, մեր երկիրը Միացյալ Նահանգների հետ այս ուղղությամբ հետևողականորեն աշխատել է՝ օգտագործելով երկկողմ հարաբերությունների յուրաքանչյուր մեխանիզմ՝ կանոնավոր դիվանագիտական խողովակ, հայ–ամերիկյան անվտանգության երկխոսություն, համատեղ տնտեսական աշխատանքային խումբ, բարձր մակարդակի հանդիպումներ, և այլն։ Կարևոր է, որ այս հաղորդակցության խորքը, մակարդակն ու հաճախականությունը շարունակեն համահունչ մնալ հայ–իրանական հարաբերությունների թելադրանքին, իսկ վերջինս էլ իր զարգացման մեջ շարունակի առաջնորդվել քաղաքական ռեալիզմի տրամաբանությամբ՝ այդպիսով ապահովելով մեր երկրի շահերի ներդաշնակ առաջմղումը արտաքուստ իրարամերժ թվացող, սակայն հայկական պետականության տեսանկյունից իրականում միմյանց սերտորեն լրացնող այս երկու կարևորագույն ուղղություններով՝ ամերիկյան և իրանական։ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՎրաստան. դինամիկ զարգացող երկիրՀարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում... ՔաղաքականՊաշտպանը պաշտպանի կարիք է զգում«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»... ԱշխարհԴիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներինԵրեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |