|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազատության ռոքը հաղթելու է13:06 Yerevan | 9:06 GMT | Tuesday 13 May 2008Տիգրան Խաչատրյան«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ համանախագահ Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը: Ու չնայած այն հանգամանքին, որ հրապարակը լիքն էր համազգեստավորներով, այն մեկնարկեց: Ես վաղուց է, որ լքել եմ մանկության իմ հեքիաթների աշխարհը, բայց այդ պահին ուզում էի կարծել, թե Ռուսաստանը մեզնից խլած ազատությունը ցանկանում է ետ վերադարձնել, մեր միջնաբերդի հետ միասին: Բայց իրականությունը, ավա՜ղ, չհապաղեց չթողնելու հավատալ այդ հեքիաթին: Մի խումբ համազգեստավորներ իրենց բարձրաստիճան վերադասների հետ, մեզ նկատելուն պես, փութացին մեր կողմ եւ սկսեցին կոպտորեն հրել, քաշքշել, պատռել պարզած պաստառները: Պնդում էին, որ հեռանանք այդտեղից, որ այդ տեղը մեզ համար արգելված է: Մենք ընդամենն ասացինք, որ Ազատության հրապարակը մեր տո՛ւնն է եւ այնտեղ հասարակական միջոցառում անելը օտարի մենաշնորհ չպետք է լինի, որ մե՛ր տանը կարել է նաեւ հայերեն երգել: Ինչեւէ, մենք կրկին համոզվեցինք, որ ոստիկանի համազգեստ կրողները, մեղմ ասած, հասուն չեն այնքան, որ արժանի լինեն հայ ոստիկանի կոչմանը: Երբ համազգեստավորների կողմից բռնի ուժի կիրառման արդյունքում մերոնք կամաց-կամաց նոսրացան, ակամայից դեմ դիմաց հայտնվեցի մի քանիսի հետ, որոնք ինձ հետ էլ նույն ոգով վարվելով` սկսեցին քաշքշել ու պնդել, որ հեռանամ: Երբ ես «լպիրշաբար» իրենց հայտնեցի, որ իմ սահմանադրական իրավունքն է ազատորեն գտնվել հասարակական վայրերում եւ ունկնդրել ռոք, դրանցից ամենաբարձրաստիճանը (նրանց՝ իրենց վերադասների նկատմամբ առանց այդ էլ խոցելի դիրքն է՛լ ավելի խոցելի չսարքելու նկատառումով այստեղ անուններ չեմ տա, բայց դրանք անպայման կտրվեն նրանց դատակոչելիս) բորբոքվեց, փրփրակալեց, հոխորտաց, ապա իր ստորադասին հրամայեց, որ ինձանից չհեռանա, ինձ հենց այդտեղ պահի, արգելի իմ տեղաշարժը` ինձնով հետագայում «զբաղվելու» նպատակով, եւ հեռացավ: Այնուհետեւ այն սպան, որին հրամայված էր ինձանից չհեռանալ, իմ կողմից «հրահրած», «սադրիչ» խոսակցությունից հետո թողեց գնաց, այդպիսով զանց առնելով իր վերադասի հրամանը (մեջբերումների տառացիությունը չեմ երաշխավորում, բայց բառացիությունը երաշխավորում եմ): Ես «դավադրաբար» ասացի. «Դու ոստիկան ես, չէ՞, իրավապահ կառույց, պետական մարմին», նա` թե «Հա, դու ինձ մի ասա` ես ով եմ»: Ես «չարակամորեն» շարունակեցի. «Հետեւաբար դու պետք է քո պահանջների իրավական հիմք ներկայացնես: Իմ իրավունքն է Ազատության հրապարակում ազատորեն շրջել, եւ ես բացարձակապես չեմ հասկանում, թե դուք ինձանից ինչ եք ուզում»: Նա հակադարձեց. «Քեզ հեսա կբռնենք կտանենք` կհասկանաս»: Երբ ես «նենգամտորեն» շարունակեցի. «Առանց իրավական հիմքի ինձ ոչ մի տեղ էլ իրավունք չունես տանելու», նա հանկարծ հայտնագործեց. «Դե, նայի, ես քեզ ասում եմ, եթե մի ուրիշ ձեւի կանգնես կտենաս` ինչ կլնի»: Իմ հարցը, թե «մի ուրիշ ձեւի կանգնելը» ունի՞, արդյոք, իրավական նկարագրություն, մնաց անպատասխան, եւ նա ինձ հսկելու հրամանը չկատարելով հեռացավ: Սկզբունքի համար մի քանի րոպե Իմ Ազատության հրապարակում, շրջելուց հետո` ինքնահաստատվելու համար որպես տանուտեր, ես իհարկե հեռացա: Հեռացա, որովհետեւ անազատության մեջ ռոքը չի կարող գոյել, կաշկանդված, արգելափակված ռոք չի լինում: Իհարկե դա բնավ էլ ռոք համերգ չէր, այլ հպատակների ղժղժոց, ու այնտեղ «տժժացող» սակավաթիվ «երիտասարդությունը» բոլորովին էլ ռոքերներ չէին: Ես, որ իրապես ռոքի սիրահար եմ, այնտեղ հավաքված, երկաթներով ծակծկված ու գունազարդված այդ սակավաթիվ «ռոքերներին» մեծահոգաբար հուշեմ, որ ռոքը էլեկտրական կիթառի ղժժոցի եւ թմբուկների դմբդմբոցի տակ գլուխը տմբտմբացնելն ու մայմունություն անելը չէ՛: Ռոքը հնչում է, երբ այն նախ քո սրտում է հնչում եւ այնտեղից հորդում է Ազատության տենչը` ողողելով ողջ մարմինդ ու շրջակա միջավայրդ, ու դու դառնում ես Ազատության մարմնացում: Մարմնապես Ազատության հրապարակում գտնվելը դեռ չի նշանակում, որ դու այլեւս ալբանացու «թատերական հրապարակում» չես: Ազատության հրապարակը նախ քո սրտո՛ւմ պետք է լինի, ու դու նախ քո՛ սրտի Ազատության հրապարակում պետք է լինես: Դրանից հետո է միայն, որ իմաստ ունի մարմնապես գտնվել Ազատության հրապարակում եւ ներծծվել Ազատության երաժշտությամբ: Մի՞թե բավարարված ես, երբ քեզ թուլափայ են գցում` զորքերով շրջափակված «ռոքի» սահմանափակ դոզաներ հրամցնելով: Ու՞ր էր քո միջի իրական ռոքերը՝ անազատություն չհանդուրժողը, երբ քո ռոքեր եղբայրներին ու քույրերին համազգեստավորները բռնի կերպով դուրս էին քշում իրենց իսկ տնից` արգելելով նրանց այդ «ռոքի» դոզան: Չնայած մարմնապես դու նրանց կողքին էիր, ընդամենը մեկ-երկու սերժաբոյ հեռավորության վրա, ինչպես Նիկոլը կասեր: Ձեզ հետ, թե առանց ձեզ, միեւնույն է՝ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ: Եվ այն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի սրտում կուտակված ռոքը դուրս է հորդալու դեպի Ազատության հրապարակ, Հայաստանի Հանրապետություն եւ անդին: Հավաստիացնում եմ, որ ոչ միայն դուք հնարավորություն կունենաք հագուրդ տալու ռոքի ձեր ծարավին, այլ նաեւ այն համազգեստավորները: Ու բոլո՛րը: Ամեն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |