“Zhamanak” Armenian-American Political Daily

Բուրգը, այնուամենայնիվ, փլուզվում է

12:49 Yerevan | 8:49 GMT | Saturday 10 May 2008

Ասատուր Մարտիրոսյան

Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախմբի կազմակերպած արյունոտ ոճրագործությունից ի վեր շարունակվում են բռնությունները, ահաբեկումները, ձերբակալությունները: Այս ամբողջ ընթացքում բազմաբնույթ տեղեկատվության մեջ ուրույն մի գիծ են կազմում տարբեր տեղերից ավելի հաճախակի հասնող լուրերն այն մասին, որ ոստիկանության բաժանմունքներում կամ առանձին ոստիկանների կողմից մեղմ վերաբերմունք է ցուցաբերվում Շարժման ակտիվիստների նկատմամբ: Խոսքն ամենեւին չի վերաբերում այն բանին, թե «վերեւից» է նման հրահանգ տրվել: «Վերեւից» տրված հրահանգը ճիշտ հակառակն է՝ որքան հնարավոր է ճզմել: Մինչդեռ նույնիսկ եղել են դեպքեր, երբ «զրույց» վարող ոստիկանը բերման ենթարկված ակտիվիստի ականջին վերջում փսփսացել է. «Հո սրանով չե՞ք ավարտելու, մեր հույսը դուք եք»:

Ի՞նչն է տարածվող այս երեւույթի պատճառը: Պարզապես մի քանի գործոններ, միմյանց միանալով, սկսել են ավելի էական դեր խաղալ եւ ազդել ոստիկանության աշխատակիցների վրա: Խոսքը վերաբերում է հետեւյալին.

Առաջին. Համաժողովրդական Շարժման 6-7 ամիսների ընթացքում ոստիկանությունը ամբողջ կազմով ականատեսն է եղել խաղաղ, զարմանալի կարգապահությամբ առանձնացող հանրահավաքներին ու երթերին: Այդ ընթացքում նրանց մի մասն անմիջապես, մյուս մասը՝ տեսասկավառակներով լսել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Շարժման մյուս ղեկավարների՝ հանրահավաքներում հնչած ելույթները: Ու ճիշտ այնպես, ինչպես դրանք համոզել են հանրապետության բնակչության մեծագույն մասին, նրանք եւս, որպես մարդ, անհատ ու այս երկրի քաղաքացի որոշակի ներքին եզրահանգումների են եկել: Աղվան Հովսեփյանը կասեր՝ «հոգեխանգարվել են»:

Երկրորդ. Ոստիկանությունը, փաստորեն, իր ամբողջ կազմով մասնակիցն ու ականատեսն է եղել բուն ընտրության օրը՝ փետրվարի 19-ին, քոչարյանասերժական մանկլավիկների ավազակախմբերի կատարած բոլոր օրինախախտումներին ու վայրագություններին: Այսպիսի մի տարածված հասկացություն ու երեւույթ կա, որ կոչում են «ոստիկանական պատվախնդրություն»: Երբ հանցանքը գործվում է հնարավորինս քողարկված, ոստիկանի տեսադաշտից դուրս, եւ նրան հրահանգված է չնկատելու տալ, ոստիկանը կարող է դա ինչ-որ կերպ ու ինչ-որ չափի մեջ հանդուրժել: Սակայն երբ նույնը ամենաայլանդակ ձեւերով, բացահատ ցինիզմով գործվում է համազգեստով ոստիկանի աչքի առաջ, նրան արհամարհելով, իսկ ինքը չի կարող միջամտել, ու դրանից հետո էլ դեռ իրեն ստիպում են ճիշտ հակառակ ուղղությամբ գործ սարքել, ահա նման դեպքերում սկսում է արթնանալ ոստիկանական պատվախնդրությունը ու վիրավորված մասնագիտական արժանապատվությունը: Ընտրության օրը ոստիկանության աշխատողներն ականատեսը եղան տեղամասերում ու դրանից դուրս բանդիտական խմբերի հարյուրավոր դեբոշների՝ հրահանգ ունենալով, սակայն, դրանց չմիջամտել:

Երրորդ. Ոստիկանությունն ականատեսը եղավ նաեւ ընտրությունների օրվան հաջորդած շուրջ տասնօրյա անընդհատ նստացույցին, հանրահավաքներին, երթերին, որոնք անցան ոչ միայն բացառիկ կազմակերպված, այլեւ ազգային համախմբվածության, մարդկային ջերմության, փոխօգնության պատրաստակամության, հանդուրժողականության պայմաններում ու այս իմաստով գերազանցեցին անգերազանցելի թվացող 1988 թվականը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ ամեն մեկը, այդ թվում նաեւ ոստիկանները սկսեցին մտածել, մտորել ու երեւույթներն ընկալել, պատկերավոր ասած՝ «իրենց համազգեստից դուրս», որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ, որպես ծնող, որպես զավակ, որպես քաղաքացի:

Չորրորդ. Ոստիկանությունը` որպես քող մասնակից դարձվեց մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ կանանց, ծերերի ու երեխաների նկատմամբ կատարված դաժանագույն ու ավազակաբարո գործողություններին: Իր աշխատանքի բերմամբ ով-ով, բայց ամբողջ ոստիկանությունը ականատեսն ու ամենատեղեկացվածն է նաեւ դրանից հետո, նույն օրվա եւ հաջորդ գիշերվա ընթացքում կատարված իրադարձություններին՝ վարչախմբի կողմից կազմակերպված զազրելի սադրանքներից սկսած մինչեւ հատուկ պատժիչների կողմից անզեն մարդկանց գնդակահարություններն ու հենց իրենց նկատմամբ վերաբերմունքը: Այստեղ տարածված համոզմունք կա, որ մարտի 1-ին հատուկ պատժիչ զինյալներին տրվել է ոչ միայն ցուցարարներին գնդակահարելու, այլեւ ոստիկանների ոտքերին կրակելու հրահանգ՝ դրանով հետագայում ցուցարարների զինված լինելն ապացուցելու ու նրանց մեղադրելու համար:

Հինգերորդ. Այս ամենին ավելացավ ամենածանրակշիռ հանգամանքը: Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը «տղամարդավարի» հրաժարվեցին որեւէ պատասխանատվությունից՝ մարտի 1-ի առավոտյան խաղաղ նստացույցի վրա կատարված գազանային հարձակման, նույն օրը կատարված մյուս բռնությունների ու սպանությունների մեղքն ամբողջությամբ գցելով ոստիկանության միջին ու շարքային անդամների վրա: Այսպես՝ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակի նստացույցը ցրելու հրաման չի եղել, ոստիկանները գնացել են ընդամենը «վրաններում զենք որոնելու»: Քոչարյանն իր հերթին ասաց, որ ոստիկանությունը նույն օրվա երկրորդ կեսին եւ գիշերը նույնպես որեւէ հրաման չի ստացել եւ գործել է իր «ինստրուկցիայով»: Միաժամանակ, շարքային ոստիկաններից սկսեցին հավաքել ստանդարտ տեքստով զեկուցագրեր, որոնք պետք է հաստատեն դա: Մինչդեռ նրանք մոտիկից տեսել են, թե ինչպես են խմբերով ժամանում օլիգարխների սափրագլուխ բանդաները, ինչպես եւ ովքեր են սկսում ավերումներն ու հրկիզումները, ինչպես են նրանց մի մասը հենց տեղում զգեստափոխվել՝ ոստիկանական համազգեստ հագնելով, զինվել, կրակել: Ինչպե՞ս կարող են տեսած չլինել, եթե այդ ամենը պատկերող տասնյակ կադրեր նույնիսկ տեսագրված ու հազարավոր օրինակներով տարածված են: Այսինքն՝ հասկացել են, որ ապօրինությունների, բռնությունների, սպանությունների ողջ պատասխանատվությունը վարչախումբը պատրաստվում է «ջարդել» ոստիկանության եւ առաջին հեթին նրա ստորին եւ միջին շերտի վրա: Եվ նրանցից ոչ մեկն ապահովագրված չէ ուրիշների գործած ծանր հանցանքների համար պատժվելու հեռանկարից: Եվ համակարգն սկսում է խմորվել ու ընդդիմանալ:

Նորից նկատենք, այս ամենը ինչ-որ չափի մեջ, ինչ-որ սահմանների ներսում կարող է հանդուրժել, դրա հետ կարող է համակերպվել ամեն մի ոստիկան ու մնալ, ինչպես ասում են՝ «իր ուսադիրների տակ» կամ «իր համազգեստի մեջ»: Սակայն երբ ամեն ինչ տասնապատիկ ու հարյուրապատիկ գերազանցում է այդ չափն ու սահմանը, ոստիկանական համազգեստից կամ ուսադիրների տակից դուրս է գալիս մարդը: ճիշտ նույն կերպ, ինչպես մյուս պետական պաշտոնյաների ու ծառայողների, բիզնեսմենների, անգամ՝ «հաղթած» կուսակցությունների անդամների դեպքում: Դրա տասնյակ ու հարյուրավոր ապացույցներ մենք տեսել ենք նախընտրական շրջանում ու հատկապես դրան հաջորդած տասնօրյակում: Հիշենք, թե ինչպես բազմաթիվ գործող բարձր ու միջին պաշտոնյաներ հայտարարությամբ միացան Շարժմանը, «Հանրապետական», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ այլ կուսակցությունների հարյուրավոր անդամների, տարածքային կառույցների նմանօրինակ քայլերը: Հիշենք, թե ինչպես մի քանի տասնյակ զինվորներ ու ոստիկաններ մարտի 1-ին հրաժարվեցին կատարել իրենց տրված ապօրինի հրամանը ու դեն նետելով համազգեստը, միացան ժողովրդին: Եվ այս երեւույթը ահագնանալու է:

Հիշեցնենք մի քիչ տարակուսած ընթերցողին, որ մեր խոսքը ոստիկանական ողջ համակարգի մասին չէ, դժվար է նույնիսկ մոտավոր ասել, թե որ տոկոսի մասին է: Խոսքը նկատվող երեւույթի, դրա օր օրի ավելացող միտումի մասին է: Ճիշտ է՝ այս համակարգում առանցքային պաշտոններն ու գործող լծակները, գուցե չնչին բացառություններով, հանձնված են «վստահելի» մարդկանց, եւ համակարգն ամբողջության մեջ դեռեւս ծառայեցվում է ռեժիմին, բայց դժկամությունն ու ներքին խմորումներն ավելանում են ամեն օր: Ու դա կարեւոր վկայություններից մեկն է այն բանի, որ ավազակապետական վարչախմբի «հաղթանակը» խիստ երեւութական է, առ այսօր շարունակվող բռնություններով այն պահելն ու մարսելը՝ աներեւակայելի: Իշխանական հանցավոր բուրգը շարունակում է խարխլվել ու քանդվել նույն թափով: Եվ այդ ընթացքն անկասելի է, քանզի անհնար է պետական բոլոր կառույցները վերից վար լցնել տականքներով: Թեկուզ այն պատճառով, որ մեր ժողովրդի մեջ այդքան տականք չկա:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.