“Zhamanak” Armenian-American Political Daily

«Բավական աշխատանք կա ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական ձեւակերպման առումով»

12:13 Yerevan | 8:13 GMT | Saturday 10 May 2008

Էմմա Գաբրիելյան

ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս Ստրասբուրգում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ստրասբուրգյան բանակցությունների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման առումով. «Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է` չի խանգարում հազարավոր հայերի աշխատել Թուրքիայում կամ Հայաստանից Թուրքիա թռիչք կազմակերպել: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջնականապես խզված չեն», - նկատել է Բ.Ֆասիեն` հավելելով. «Հուսով եմ` հակամարտության կարգավորմանը զուգահեռ` հետեւողականորեն կլուծվի նաեւ երկու երկրների միջեւ այդ լրջագույն խնդիրը: Իմ կարծիքով, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում լինի առաջընթաց, դա դրականորեն կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ երկու խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր է»: Բեռնար Ֆասիեն նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Նրա հավաստմամբ` Ֆրանսիան բարեկամ երկիր է համարում նաեւ Ադրբեջանին եւ Հայաստանին, եւ այդ հարցում բացարձակ անաչառ եւ չեզոք դիրքորոշում ունի. «Սահմանների բացումը ինչպես Թուրքիայի եւ Հայաստանի, այնպես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զարգացման գործոն կարող է դառնալ: Ամեն դեպքում ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի իր հարեւանը աղքատ կամ դժբախտ լինի», - հավելել է Բեռնար Ֆասիեն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին` ֆրանսիացի համանախագահը նշել է. «Ստրասբուրգում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կրում էր ճանաչողական բնույթ, նախարարները վստահեցրին մեզ եւ միմյանց, որ շարունակելու են բանակցությունները: Դա կարող է հնարավորություն ստեղծել նախագահների հանդիպման համար: Եվ եթե նախագահները անհրաժեշտ համարեն` հանդիպումը կկայանա: Այժմ հիմնական հարցն այն է, թե երբ նախագահները անհրաժեշտ կհամարեն այդ հանդիպումը»: Բ.Ֆասիեն տեղեկացրել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները չեն նախատեսում կողմերին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ. «Ներկայումս օրակարգում նոր առաջարկների հարց դրված չէ: Գիտեք, մադրիդյան հանդիպումից հետո բանակցային սեղանին դրված են գրավոր առաջարկներ: Այժմ այդ առաջարկների որոշ դետալներում պետք է հստակություն մտցվի: Մենք պետք է տեսնենք, թե ինչպե՞ս են կողմերն ընդունում այդ առաջարկները, ի՞նչ է պետք փոփոխել, ի՞նչ` ավելացնել: Այլ կերպ ասած` այդ առաջարկների վրա պետք է աշխատել, բայց մենք դեռ գործընթացի այդ փուլում չենք: Այժմ հիմնական հարցը նախարարների եւ նախագահների ճանաչողական հանդիպումներն են»: Իսկ մեկնաբանելով այս տարվա հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը բանակցային գործընթացի վրա թեման` Բեռնար Ֆասիեն ասել է. «Եթե մեզ հաջողվի մոտ ժամանակներում անցկացնել նախագահների հանդիպումը, ապա կարող ենք նախարարների հետ հանգիստ աշխատել ընտրարշավից դուրս: Այդ աշխատանքը կարող է շարունակվել նաեւ ետընտրական շրջանում: Սակայն չեմ բացառում, որ հաջողություններ կարձանագրվեն մինչ ընտրությունները»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, ինչպես եւ հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներին օրերս անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած շնորհավորական ուղերձում: Պետքարտուղարի նամակում մասնավորապես ասվում է. «Մենք բավական աշխատանք ունենք տանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական ձեւակերպման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները կարգավորելու գործում Հայաստանին օգնելու ուղղությամբ: Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը վճռական քայլեր կձեռնարկի ժողովրդավարական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ քաղաքացիական ազատությունները վերականգնելու համար, որոնք ընդհանուր արժեքներ են` դրված մեր երկրների հարաբերությունների հիմքում»:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.