“Zhamanak” Armenian-American Political Daily

Փոխակերպումներ

12:12 Yerevan | 8:12 GMT | Saturday 10 May 2008

Գոհար Բարսամյան

Վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի զուսպ դիրքորոշումը` Աբխազիայի վերջին իրադարձությունների առնչությամբ», - հայտարարել է Մեթյու Բրայզան:

Ամերիկան մյուս երկրների նման աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Հինգշաբթի Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի կապերի զարգացման առնչությամբ: Նրա կարծիքով` Ռուսաստանի նման քայլերը դիտվում են որպես Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն: Բացի այդ` Բրայզան հայտարարել է, որ այցի հիմնական նպատակը վրաց-աբխազական կողմերի խաղաղ բանակցային գործընթացը խթանելու նպատակ ունի: Ռուսաստանը բացորոշ ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը, եւ նրա քայլերը այս համատեքստում համակարգված են. Վրաստանի անօդաչու ինքնաթիռների մուտքը այս անկլավների օդային տարածքներ դիտում է որպես ագրեսիա: Ապրիլի 16-ի նախագահական հրամանագրով` Ռուսաստանը ուղիղ պաշտոնական հարաբերություններ պետք է հաստատի այս հանրապետությունների իշխանությունների հետ: Վրացական կողմը պնդում է, որ իր անօդաչու ինքնաթիռները խփվել են ռուսական կայանքների կողմից սահմանամերձ` ռուսական ստուգիչ-անցագրային կետերից: Եթե մինչ այդ Ռուսաստանը համարվում էր միջնորդ այդ հակամարտությունների կարգավորման համար, ապա այս զարգացումներից հետո, ըստ էության, Ռուսաստանը բացառեց իր միջնորդ լինելը: Հատկապես Ռուսաստանն է համարվում այդ հակամարտությունների անմիջական մասնակիցը: «Եթե փաստաթղթերով Ռուսաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ապա դե ֆակտո իր գործողություններով պատերազմ է հրահրում», - նշել է փորձագետ Վլադիմիր Սոկորը: Մայիսի 6-ին Եվրամիության արտաքին գործերի կոմիսար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ Ռուսաստանը դիտվում է որպես հակամարտության մասնակից: Այս իրողությունը բանակցային գործընթացների վերանայման հիմք է տալիս միջազգային հանրության շրջանակներում: Վրաստանը այդ նպատակով դիմել է Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին` խաղաղապահ գործողությունները եւ բանակցային գործընթացների ձեւաչափերը վերանայելու համար:

Եվրամիությունում Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին նշել է, որ այս հարցերը կարող են վերանայվել բոլոր կողմերի համաձայնությամբ: Այնպես որ` Ռուսաստանը վետո դնելու իրավունք ունի: Այժմ Եվրամիությունը հակված է քննարկելու Վրաստանի առաջարկությունները` Աբխազիայի ինքնավարության համար հայեցակարգ մշակել եւ Հարավային Օսիայի հետ բանակցություններին տալ միջազգային որակ` 2+2+2 ձեւաչափով` Վրաստան եւ Ռուսաստան, Եվրամիություն եւ ԵԱՀԿ, Ցխինվալի իշխանություններ, իշխանության մարմիններ: Եվրամիությունը հակված է տրանսֆորմացիայի ենթարկել Վրաստանում ռուսական խաղաղապահ գործողությունները, խաղաղապահ գործողությունները միջազգայնացնել եւ ցիվիլացնել, այսինքն` զինվորական գործողությունները փոխակերպել քաղաքացիականի: Եվրամիության ծրագրային այս փաստաթղթից կարող են օգտվել Վրաստանի իշխանությունները:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.