“Zhamanak” Armenian-American Political Daily

Խաբվածների առօրյայից

12:05 Yerevan | 8:05 GMT | Saturday 10 May 2008

Գագիկ Աբգարյան

Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:

Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից նրանց զանգահարել եւ տեղեկացրել են, որ այլեւս նպաստ չեն ստանալու, քանի որ իրենց թոշակները բարձրացրել են: «Բայց չէ՞ որ ընտրություններից առաջ խոստանում էին, որ կբարելավեն մարդկանց կենցաղը: Սա՞ է բարելավումը: Մի քանի կոպեկ բարձրացնում են թոշակը, բայց փոխարենը կտրում նպաստը, չհաշված ապրանքների այսքան թանկացումը», - ասում է խմբագրություն զանգահարած Լիանա Զարզյանը: Նրա տեղեկացմամբ` իրենք ոչ մի օգնող չունեն, երկու քույր իրար հետ ստանում են ընդամենը 60 հազար դրամ թոշակ ու միայն դրա հույսին են. «Մենք` այս տարիքի հասած երկու քույրերս, ո՞նց ապրենք այդքան փողով, երբ ամեն մեկս 5-6 հիվանդություն ունի ու լիքը դեղեր ենք առնում», - հարցնում է նա: Տիկին Լիանան փորձում էր մեզանից բացատրություն ստանալ, թե ինչու՞ կտրեցին իրենց նպաստը, երբ Ս.Սարգսյանը անձամբ է հայտարարել, որ թոշակների բարձրացման պատճառով ոչ մեկը նպաստից չի զրկվելու: Թոշակառու քույրերը նախագահի ընտրություններում ձայն են տվել Ա.Բաղդասարյանին. «Ես նրան հրճվանքով էի լսում: Ընտրությունների օրերին, երբ գալիս էին մեր տուն, ասում` սրան ընտրի, ասում էի` ես արդեն ընտրել եմ: Երբ ինքը խոսում էր, մտածում էի ջահել է, խելացի է, թող առաջ գնա. մեր մասին է մտածում, բայց հիմա հասկանում եմ, որ խաբվել եմ: Գնալու եմ նրա մոտ ու ասեմ` ամոթ քեզ, դու ինչու՞ խաբեցիր մեզ: Ուղղակի նրա նստելու տեղը չգիտեմ, հենց իմացա` անպայման կգնամ»:

Ի դեպ, որպես ընտանեկան նպաստ քույրերն ստացել են ընդամենը 7000 դրամ: Այս եւ Զարզյան քույրերի նման մի քանի տասնյակ ընտանիքների յոթ հազար դրամ նպաստը կրճատելով են ուզում իշխանությունները անդունդի եզրին գտնվող տնտեսությունը փրկել: Մի բան էլ` վերոնշյալ նպաստը գումարվելով նրանց թոշակին կազմել է 36000 դրամ: Իսկ ու՞ր մնաց աշխատավարձերի ու նպաստների այնքան գովերգած 60 տոկոս բարձրացումը, երբ կոնկրետ այս դեպքում 50 տոկոս էլ չի կազմում:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.