|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Վաղը Թեղուտ եւ Շնող չի լինելու»18:55 Yerevan | 14:55 GMT | Monday 12 November 2007Արփի Հարությունյան
Այս տարվա նոյեմբերի 1-ը նշանավորվեց ոչ թե ձմեռնամուտի նախանշաններով, այլ ՀՀ կառավարության` Թեղուտի հանքավայրը շահագործման հանձնելու մասին բազմաչարչար որոշմամբ:
Բնապահպանության նախարարությունը` ի դեմս նոր նախարար Արամ Հարությունյանի, նախատեսում էր մեկ ամսվա ընթացքում եւս մեկ անգամ փորձաքննության ենթարկել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը, սակայն ամենքին էր հայտնի, որ դեռեւս նախկին նախարար Վարդան Այվազյանի օրոք այն առանց փորձաքննության ենթարկվելու հաստատվել էր եւ այդպես էլ մնալու էր: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հանքի շահագործման առաջին փուլում` այսինքն` առաջիկա 15 տարում, «ԷյՍիՓի»-ն ծախսելու է ընդամենը 500 մլն դոլար: Մինչդեռ շահույթը կազմելու է 2 մլրդ դոլար: Եւ այս գումարը ոչ թե պետության, այլ անհատների գրպանն է գնալու, հետեւաբար պետության շահերի մասին խոսելը եւ հանքի շահագործումը արդարացնելը բացառվում է. պետությանը որպես փոխհատուցում տրվելու են գրոշներ», - ասում է ՕԵԿ խմբակցության փորձագետ Ռազմիկ Տերտերյանը` ակնարկելով այն մասին, որ կառավարության նման դիրքորոշումը ոչ թե պայմանավորված է անտարբերությամբ կամ բնապահպանական վտանգները չգիտակցելով, այլ այն հեռանկարով, որ ստացված շահույթից ընկերությունը բաժին է տալու նաեւ այդ նույն կառավարության անդամներին: «Արմենիան քոփր փրոգրամ» («ԷյՍիՓի») ընկերության աշխատանքային նախագծի համաձայն` Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 357, 16 հա անտառ, որի փայտանյութի ծավալը կկազմի 57, 7 հազար խմ: Ըստ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հաշվարկների` հատվելու են մինչեւ 40-45 աստիճան թեքության լանջերին աճած 170 հազարից ավելի ծառեր, որոնց մեջ կան նաեւ եզակի համարվող ընկուզենի, խնձորենի, տանձենի, որոնց արժեքն ընկերությունը հաշվել է վառելափայտի գնով, ինչը մոտ 10-20 անգամ ցածր է իրական արժեքից: Բացի այդ, ՀՀ Անտառային օրենսգիրքը սահմանում է, որ 30 աստիճան թեքություն ունեցող լանջերով անտառները համարվում են պաշտպանական, հետեւաբար արգելվում են հատումները: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հանքի շահագործման, պոչամբարի ստեղծման եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքներ ստեղծելու արդյունքում մոտ 2000 հա անտառ է վերանալու, որի արդյունքում Թեղուտը դառնալու է սողանքային գոտի», - նշում է Ռազմիկ Տերտերյանը: Թեղուտի անտառներում կան 55 հազար հազվագյուտ եւ 45 հազար արժեքավոր ծառեր, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ, որոնք իսպառ վերանալու են այդ տարածքներից: «Վալեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «Արմենիան քոփր փրոգրամ» ՓԲԸ-ին տրամադրվել է 1970 հա տարածք, որից 1589, 6-ը` անտառային ֆոնդի, իսկ 380, 4-ը համայնքային հողեր են: («ԷյՍիՓի» ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնում գրանցված Valex F.M. Establishment ընկերությանը, իսկ 19 տոկոսը` ռուսաստանաբնակ գործարար Վալերի Մեժլումյանին): «Բնապահպանության նախարարությունը դեռեւս Այվազյանի օրոք տվեց դրական եզրակացություն` այն դեպքում, երբ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի մշակած եւ «ԷյՍիՓի» ընկերության հաստատած աշխատանքային նախագծում բացակայում էին բնապահպանական միջոցառումների համար նախատեսված ծախսերը, Շնող եւ Թեղուտ գյուղերի տվյալ գործունեության ազդեցությանը ենթակա համայնքների բնակչությանը փոխհատուցելու ծախսերը: Անտառին հասցվելիք վնասին վերաբերող ողջ տեղեկատվությունն ընդգրկված չէր: Ինչպես նաեւ նշված չէր հանքարդյունահանման այլընտրանքային տարբերակ», - ասում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: «ՍՈՍ Թեղուտ» կոալիցիայում ընդգրկված 26 կազմակերպությունների ներկայացուցիչները փաստում են, որ այս նախագծին դրական եզրակացություն տալով` խախտվել է ՀՀ օրենքների եւ միջազգային համաձայնագրերի 77 դրույթ: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի եւ «ԷյՍիՓի» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի խոսքերով` ակնկալվող օգուտը կգերազանցի կանխատեսվող վնասը: «Իհարկե, բնական լանդշաֆտը խախտվելու է, բայց արդյոք դա պատճա՞ռ է, որ ծրագիրը չիրականացվի: Ցանկացած տնտեսական գործունեություն ենթադրում է որոշակի վնաս: Հիմա ճանապարհներ, երկաթուղիներ են կառուցվում, դրանք նույնպես միջավայրին վնասում են, եկեք ասենք` դրանք պետք չեն», - ասում էր Արզումանյանը: Իսկ նախարար Այվազյանն առաջարկում էր «բոլոր հատումները դադարեցնել, փոխարենը հատել Թեղուտը»: «Մարդիկ լուրջ գումարներ են ծախսել եւ պարզել, որ այդ հատվածում կա մեծ քանակությամբ պղինձ եւ մոլիբդեն, չհաշված այլ մետաղները, - ասում էր Այվազյանը` ավելացնելով, որ Հայաստանում տարեկան հատվում է 100 հազար խմ փայտանյութ, իսկ Համաշխարհային բանկի տվյալներով` ապօրինի հատվում է 600-700 հազար խմ: Այս համատեքստում բնապահպանության նախկին նախարարը «ԷյՍիՓի»-ի կողմից նախատեսվող հատումները համարում է չնչին, մանավանդ որ` ընկերությունը պատրաստվում է իր կտրածի չափով անտառ տնկել: «Ասում են, թե 25 տարում կվերականգնվի այդ անտառը հարակից մասերում: Դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Թեղուտի ծառերը դարավոր են: Եւ բացի այդ, բոլորս գիտենք, որ 25 տարում շիվը հազիվ է ծառ դառնում, ուր մնաց թե հաստաբուն դառնա ու կատարի կենսաբազմազանություն ապահովող իր բոլոր ֆունկցիաները», - բացատրում է հանքավայրի հարակից Շնող գյուղի բնակիչ, մասնագիտությամբ պատմաբան-հնագետ Վարշամ Ավետյանը: «Հանքօգտագործման համար նախատեսված տարածքը բնության հրաշալիքներից է: Այնտեղի անտառը, թերեւս, մեր հանրապետության ամենալավ պահպանված ու ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է, որտեղ հայտնաբերված բույսերից եւ կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի եւ միջազգային Կարմիր գրքերում», - ասում է Հակոբ Սանասարյանը: «Եթե հանքը շահագործվի, կվերանան թե բուսական եւ թե կենդանական աշխարհները, եւ էական չէ, թե քանի հեկտար կհատվի: Այս տարածքում կան 4 կիրճեր ու 5 լեռնագագաթներ, հետեւաբար մեծ թեքությունների պատճառով նույնիսկ 1 հեկտարի հատումը բավական է, որ հողերի էրոզիա առաջանա: Բացի այդ, կցամաքեն ոռոգման եւ խմելու ջրերի ակունքները», - կանխատեսում է Սրբուհի Հարությունյանը: Հանքավայրի մասնակի եւ լրիվ շահագործման դեպքում պոչանքը կազմելու է համապատասխանաբար 180 եւ 540 մլն խմ: Ըստ Թեղուտի հանքավայրի աշխատանքային նախագծի` նախատեսվում է պոչամբար կառուցել Պակասաջուր գետի հովտում, որն իր ենթակառույցներով կզբաղեցնի 170-180 հա տարածք: Հակոբ Սանասարյանը մտահոգված է նաեւ պոչամբարի համար տեղանքի ընտրությամբ, ինչը, նրա կարծիքով, կարող է սողանքներ ու փլուզումներ առաջ բերել: Ինչպես նաեւ իրական մտավախություն կա, որ պղնձի, մոլիբդենի, ծծմբի, մկնդեղի, կապարի, ցինկի եւ այլ թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային եւ օդային ավազան մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը: «Նախատեսվող պոչամբարի տեղանքը գտնվում է բնակավայրերից բարձրադիր վայրում, ջրագոյացման, ջրամատակարարման հանգույցում, անտառածածկ-բարեբեր վայրում, բարձր թեքությունների վրա եւ գետի հունում». նշված է Կանաչների միության մասնագիտական վերլուծության մեջ: ԲՆ երկրաբանական գործակալության օգտակար հանածոների բաժնի պետ Գագիկ Հարոյանի խոսքերով, սակայն, երկրաբանական տեսանկյունից այն նորմալ նախագիծ է: Հանքավայրի պաշարները հաստատվել են դեռեւս 1991 թվականին: Իսկ 2001 թվականին հայտարարվել է հանքավայրի շահագործման մրցույթ, որը շահել է «ԷյՍիՓի» ընկերությունը: Հանքավայրի շահագործումն իրականացվելու է բաց լեռնային աշխատանքների եղանակով: Հարությունյանը հարց է բարձրացնում, թե ինչու՞ հանքի շահագործումը չսկսեցին 1970-ականներին, երբ հայտնաբերվեց հանքը: «ԷյՍիՓի» ընկերության Թեղուտի հանքավայրի տարածաշրջանային տնօրեն Ռուբեն Պապոյանը մեկնաբանում է, թե «այդ ժամանակ սկսվել է հետախուզումը, իսկ պաշարները հաստատվել են 1991 թվականին, երբ Խորհրդային Միություն այլեւս չկար»: «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը, սակայն, պնդում է, որ «բոլորին հայտնի փաստ է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս Կենտկոմի առաջին քարտուղարի, հանքարդյունահանման համար կտրականապես փակել է այդ տարածքը այն պատճառաբանությամբ, որ պետք է պահպանել Թեղուտի եզակի բնությունը: Իրավիճակը գոնե որոշ չափով մեղմելու համար բնապահպաններն առաջարկում են գոնե փակ հանքահանում կատարել, ինչը զգալիորեն կնվազեցնի վնասները շրջակա միջավայրին: Թեղուտի հանքավայրի երկրաբանահետախուզական խմբի ղեկավար Գագիկ Բաբայանի խոսքերով, սակայն, հանքավայրը երակային չէ, հետեւաբար փակ ստորգետնյա հանքահանում հնարավոր չէ: Որպես հակափաստարկ Ռազմիկ Տերտերյանը նշում է, որ փակ շահագործումը մոտ 7-8 անգամ ավելի թանկ է, քան բացը, հետեւաբար ընկերությանը ձեռնտու չէ: «Ինչու՞ ենք առանձնացնում կազմակերպությունը, երբ կա պետության շահ: Ես կարծում եմ` պետք է ծրագրերը ծանրութեթեւ անենք` թե որ ծրագիրն ավելի շատ օգուտ կբերի մեր պետությանը, - ասում է Պապոյանը, - Մենք պետք է զարգացած պետություն ունենանք, որ կարողանանք մեր տնտեսությամբ պայքարել: Բացի այդ, այսօր Թեղուտի ու Շնողի բնակիչները սպասում են աշխատատեղերի»: Իսկ աշխատատեղերը լինելու են մոտ 2000, որի մասին վկայեց Սերժ Սարգսյանը, ով նոյեմբերի 3-ին անձամբ մասնակցեց հանքավայրի շահագործման մեկնարկին, վարչապետի խոսքերով` բոլոր տեսակի հանքավայրերի շահագործումն էլ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, բայց ընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել: «Կարծում եմ` անհանգստանալու առիթ չկա, քանի որ ՀՀ կառավարության որոշման մեջ հստակ ամրագրված են խաղի կանոնները, եւ մենք` որպես կառավարություն, մշտապես վերահսկելու ենք այս երկրորդ կողմը», - հայտարարեց Սարգսյանը: Ըստ ընկերության բիզնես ծրագրի` ներդրվելու է մոտ 250-300 մլն դոլար: Հանքը շահագործվելու է 30-40 տարի` տարեկան 30000 պղնձի եւ 800 տոննա մոլիբդենի խտանյութի արդյունահանմամբ: 670 հա տարածք կազմող հանքն ուղղակիորեն հարում է Շնող եւ Թեղուտ գյուղերին (շուրջ 5000 ընդհանուր բնակչությամբ), որոնց համայնքային հողերի մեծ մասը նույնպես ընդգրկված է հանքային մակերեսում: «Ակտիվ նյութերով, ծանր մետաղներով հագեցած փոշու տարածմամբ վնասվելու է նաեւ մնացյալ անտառը: Բացի այդ, տարածքի Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակչությունն օգտվում է այդ անտառի բարիքներից, ինչը վերանալու է», - նշում է ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Գուրգեն Սարգսյանը: Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը եւ Շնողի փոխգյուղապետ Կորյուն Շահինյանը, թեեւ անտարբեր չեն բնապահպանական խնդիրների նկատմամբ, բայց նույնպես կողմ են հանքի շահագործմանը: «Մենք բոլորս մտահոգ ենք անտառի պահպանությամբ, բայց այս երկու գյուղերի բնակիչների կեսից ավելին գործազուրկ է: Կարծում ենք, որ հանքավայրի շահագործմամբ գործազուրկները գոնե աշխատանք կունենան», - ասում են նրանք: Իսկ «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը չարագույժ կանխատեսմամբ փորձում է սթափեցնել գյուղերի ղեկավարությանը. «Այսօր գյուղերի ղեկավարությունը ողջունում է հանքի շահագործման ծրագիրը, բայց մենք ինքներս ենք տեսնում, թե բնապահպանական խնդիրների շատացման արդյունքում որքան են շատացել արատավոր ծնունդները: Ու որեւէ մեկը ապահովագրված չէ, որ այդ դժբախտությունն իր դուռը չի թակի: Կան աշխատատեղեր ստեղծելու ավելի քաղաքակիրթ ու անվտանգ տարբերակներ: Ինչու՞ պահածոների գործարան կամ թեթեւ արդյունաբերության ձեռնարկություն չեք ստեղծում: Ո՞վ է ասում, որ պետք է մեր բոլոր հանքերը շահագործենք: Այսօր Թեղուտի եւ Շնողի ղեկավարները մտածում են իրենց պաշտոնի համար, բայց վաղը նրանք առաջինն են կորցնելու իրենց աշխատանքը, քանի որ Թեղուտ ու Շնող այլեւս չեն լինի»:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՀնամաշ ոգեւորությունԿարծես թե Միացյալ Նահանգները շատ խիստ է բարկացել Թուրքիայի վրա: Դրա մասին է վկայում, որ... Քաղաքական«Անուշադրության կենտրոն»Հայաստանի իշխանությունը լավ է յուրացրել կեսարյան «հաց կամ տեսարաններ ժողովրդին» բանաձեւը ու այն պարբերաբար գործի է դնում... Աշխարհ«Բարգավաճը» դեռ մտորում է մանդատները վայր դնելու շուրջԵրեկ Երեւանի ավագանին հերթական նիստն է հրավիրել, որը, ի բարեբախտություն երեւանցիների, չի անցել նույն այն... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |