“Zhamanak” Armenian-American Political Daily

Ղարաբաղի պաշտոնյաներն անգամ Քաշաթաղի տեղը չգիտեն

11:17 Yerevan | 7:17 GMT | Friday 8 June 2007

Թագուհի Հակոբյան

Լեռնային Ղարաբաղն ու ազատագրված տարածքները սովորաբար հիշատակվում են միայն դիվանագետների հանդիպումների ժամանակ եւ «դարից երկար» ձգվող բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ ինչպե՞ս է ապրում հայ մարդը, ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունի նա` քչերին է հուզում:

«Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ, ծագումով ղարաբաղցի Էդիկ Բաղդասարյանը եւ «Դրոշակ» ամսագրի խմբագիր, դաշնակցական Կարեն Խանլարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին, որ չկա ազատագրված տարածքները վերաբնակեցնելու պետական ծրագիր: Էդիկ Բաղդասարյանը, որը շրջագայել է ազատագրված տարածքներով եւ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերով, պատրաստել նրանց հիմնախնդիրների մասին մի շարք հրապարակումներ, համոզվել է, որ ղարաբաղցի շատ պաշտոնյաներ նույնիսկ չգիտեն Քաշաթաղի (Քաշաթաղի շրջանը ներառում է Ադրբեջանի նախկին երեք շրջանները` Լաչին, Զանգելան, Ղուբաթլի) գյուղերի տեղը, չեն այցելում այնտեղի բնակիչներին եւ անհաղորդ են նրանց հոգսերին:

«Ղարաբաղում մի պատգամավոր կա` Վահրամ Աթանեսյան անունով, որը պարբերաբար ակտիվանում է: Քաշաթաղի հյուսիսային գյուղերից պատգամավոր է ընտրվել, սակայն ընտրվելուց հետո չի եղել Քաշաթաղում», - հայտարարեց Էդիկ Բաղդասարյանը: Նա նշեց նաեւ, որ իր հրապարակումներն ավելի շատ արձագանք են գտել սփյուռքում, քան Հայաստանում: Սփյուռքում ստեղծվել է Քաշաթաղի աջակցության կոալիցիա, որի շնորհիվ վերականգնվել են երեխաներին տրվող արտոնությունները, յուրաքանչյուր շնչին տրվող հոսանքի 60 կվտ-ին կտրվի փոխհատուցում, Քաշաթաղի հիվանդանոցում բուժվելը դարձել է անվճար, որոշ գյուղերում սկսել են աշխատել ավտոբուսներ: Էդիկ Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե որքանով է իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն, որը հայդատականության ջատագովն է, հետամուտ վերաբնակեցման ծրագրին: Կարեն Խանլարյանը արձագանքեց, որ վերաբնակեցումը միշտ եղել է ՀՅԴ-ի ուշադրության կենտրոնում, սակայն` «ինչպե՞ս կարող է մարդը վերաբնակվել մի տարածքում, որի` Ադրբեջանին հանձնելու հարցը քննարկվում է բանակցությունների ժամանակ»: Է.Բաղդասարյանն անհեթեթ է համարում տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցություն:

«Նման փաստաթուղթ չի ստորագրի որեւէ մեկը: Դա կլինի դատավճիռ ցանկացած ստորագրողի համար», - համոզված է նա: Եւ այս համոզմունքն ունեցող լրագրողին անհասկանալի է մնացել պահանջատեր Դաշնակցության կեցվածքը հատկապես նախընտրական շրջանում, երբ ոչ մի խոսք չեն հնչեցրել ազատագրված տարածքների մասին: Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ նորընտիր ԱԺ-ի պատգամավորներին պետք է էքսկուրսիա տանել Քաշաթաղ, որպեսզի նրանք գոնե իմանան Քաշաթաղի տեղը, քանի որ իշխող կուսակցություններից մեկի լիդերը չգիտի նույնիսկ, թե ինչ է Քաշաթաղը եւ որտեղ է գտնվում այն: Իսկ Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ ազատագրված տարածքներում մի սերունդ է մեծանում, որը ծնվել եւ ողջ կյանքն ապրել է այդտեղ եւ բացարձակ տեղյակ չէ, որ ինչ-որ քեռիներ իր գյուղը հանձնելու մասին են մտածում: Լրագրող Էդիկ Բաղդասարյանը մեղավոր է համարում նաեւ լրագրողներին, որոնք անընդհատ զբաղված են քաղաքական ինտրիգներ լուսաբանելով եւ չեն անդրադառնում սովորական մարդկանց խնդիրներին, չեն գրում նույնիսկ Հայաստանի գյուղերի մասին, որոնք իրենց անմխիթար վիճակով չեն տարբերվում Ղարաբաղի գյուղերից:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.