“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵԱՀԿ-ն ակնկալում է «կարեւոր քայլ»

10:30 Yerevan | 6:30 GMT | Wednesday 6 June 2007

Մարինե Խառատյան

Այսօր Բաքվից Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ նախապատրաստելու Քոչարյան-Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպումը:

Իսկ երեկ Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը, որը նախօրեին Բաքվում Ալիեւի հետ հանդիպելուց հետո, Երեւան ժամանեց եւ հանդիպեց նաեւ Քոչարյանի հետ: Այս կերպ, թերեւս, հակամարտության լուծման գործընթացի ներկա պատասխանատուներին` Քոչարյանին ու Ալիեւին միջազգային հանրությունը հիշեցնում է ԼՂ խնդիրը լուծելու առթիվ տված խոստումը: Առաջիկայում նախագահական ընտրություններ են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, ու ԵԱՀԿ-ն, որը ստանձնել է խնդրի լուծման ինչ-ինչ պատասխանատվություն, ուզում է ներկա նախագահներից պոկել գոնե համաձայնություն կոնֆլիկտի լուծման սկզբունքների շուրջ: Ակնհայտ է, որ հակամարտության լուծմանն ուղղված քայլերն այս պահին հատկապես ձեռնտու չեն ո՛չ Քոչարյանին, ո՛չ Ալիեւին, բայց առջեւում կրկին ընտրություններ են ու չափազանց կարեւոր է, որ դրանք գնահատվեն «դրական եւ ժողովրդավար», ինչպես նաեւ ամրագրվի «մեկ քայլ առաջը»:

«Կարծում եմ, որ երկու կողմերը պետք է օգտվեն այս պահից, որպեսզի տեղաշարժ արձանագրվի բանակցություններում: Մինսկի խումբը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն պատրաստ են ամեն ինչ անել, որ նպաստեն ու խրախուսեն երկու կողմերին՝ հասնել լուծմանը, - երեկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպելուց հետո հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով: - Կարծում ենք` բավարար հիմք կա, որպեսզի առաջ գնան բանակցությունները, իսկ հանդիպմանը դրական տեղաշարժ կլինի»: Նա նաեւ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ կանենք, որ նպաստավոր լուծում գտնվի այս հարցին»: Նրա խոսքերով` կարեւոր է խրախուսել հայ եւ ադրբեջանական կողմերին, որ տեղաշարժ լինի հարցի լուծման ուղղությամբ: «Մենք չպետք է նայենք անցյալին, պետք է դեպի ապագա նայել», - բացատրեց ԵԱՀԿ գործող նախագահը՝ շարունակելով: - Մենք հույսով եւ լավատեսությամբ պետք է լցվենք միայն: Մենք հույսի, զգուշության եւ քաղաքական կոմպրոմիսի հիման վրա պետք է շարժվենք ապագայում»: Միգել Անխել Մորատինոսի խոսքերով` հակամարտության երկու կողմերը քաղաքական կամք են արտահայտում խնդիրը լուծելու համար: «Ցանկացած հակամարտություն շատ բարդ է, բայց պետք է լավատես լինել, դրա համար է, որ ես ասել եմ, որ լավատեսություն կա երկու կողմերից: Ես պնդում եմ իմ ասածը, ես երեկոյան ասել եմ Բաքվում եւ հիմա կրկնում եմ այստեղ՝ Երեւանում», - սեփական լավատեսության հիմքերն այսպես բացատրեց ԵԱՀԿ գործող նախագահը: Բաքվում Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը», ու կարծիք է հայտնել, թե հիմա շատ նպաստավոր պահ է հակամարտությունը կարգավորելու համար: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն ի վիճակի կլինեն կարեւոր քայլ անել Սանկտ Պետերբուրգում հանդիպելիս», - Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ասել է Միգել Անխել Մորատինոսը:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ասաց, որ «նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում որոշակի հույսեր եւ ակնկալիքներ է առաջ բերում», ապա առանց խանդավառության ավելացրեց. «Այսօր կա առաջընթացի հասնելու որոշակի հիմք: Եթե նախագահների հանդիպմանը էական առաջընթաց չգրանցվի, աշխատանքը կշարունակվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով»:

Իսկ ԵԱՀԿ գործող նախագահն իր այցը պատմական փուլ բնութագրեց: Պարոն Անխել Մորատինոսը չմոռացավ Հայաստանի «շատ հաջող» ընտրությունների առթիվ շնորհավորել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ ընտրություններն արժանացել են ԵԱՀԿ-ի դրական գնահատականին: «Մենք վստահ ենք, որ հաջորդ՝ նախագահական ընտրությունները նույն ոգով տեղի կունենան այստեղ», - հայտարարեց Մորատինոսը:

Արխիվ
Վերլուծական

ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկչության մասին 2007 թ. զեկույցը եւ հայ-իրանական հարաբերությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության վերաբերյալ 2007 թ. տարեկան Զեկույցը։ Այդ Զեկույցի...

Քաղաքական

Բողոքի ակցիաները շարունակում են

«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին...

Աշխարհ

Պաշտոնական Մոսկվան հիշեցրեց, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ինչպես եւ կանխատեսել էինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.