“Zhamanak” Armenian-American Political Daily

Սա արդեն այնքա՜ն անլուրջ-անուժ հասարակություն է, որ այլեւս քննադատելդ էլ չի գալիս

11:35 Yerevan | 7:35 GMT | Thursday 25 February 2010

Սիրանույշ Պապյան

Սա արդեն այնքա՜ն անլուրջ-անուժ հասարակություն է, որ այլեւս քննադատելդ էլ չի գալիս
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

- Պարոն Բլեյան, Դուք մշակել եք 2009-2012թթ. կրթահամալիրի զարգացման ծրագիրը, որի կետերից մեկը «պարազիտիկ եւ կեղծ` ոչ ստեղծական, ոչ արտադրողական ուսումնական աշխատանքից վերջնական եւ ամբողջական ձերբազատումն է»: Ո՞ր փուլում եք:

- Լավ է, որ լրագրողը կարդացել է կրթահամալիրի զարգացման ծրագիրը: Առիթ է հարցնեմ` որտեղի՞ց:

- Ձեր կայքից, նշված այլ տեղեկությունները, փաստաթղթեր... Լավ է, որ սովորողներն ազատ պատմում են իրենց կյանքի մասին: Հետաքրքիր վիրտուալ աշխարհ եք ստեղծել:

- Ինչպես մեր սովորողների իրական կյանքն է կրթահամալիրում: Ի դեպ, ոչ մի գրաքննություն: Կայքը ուսումնական միջավայր է, որ ստեղծում են սովորողները, ուսուցիչները, հիմա նաեւ ծնողները` համատեղ աշխատանքի ընթացքում անընդհատ տիրապետելով նոր գործիքների ու հմտությունների: Խնդրեմ` թումանյանական օրերի ընթացքում սկսեց գործել եւ ռադիոլուրը: Մինչեւ մայիս կունենանք մեր ուսումնական ինտերնետ TV-ն: Մինչեւ 2010-2011 ուսումնական տարվա սկիզբը կունենանք ուսուցողական միջավայրի հայաստանյան իրականությանը դեռեւս անծանոթ կազմակերպում, նոր` մեդիա գրագիտության ուսուցում եւ ուսուցում մեդիայի միջոցով: Խոսքը ամենաթափանց ու համապարփակ մեդիայի մասին է: Տանը, դպրոցում, փողոցում, շաբաթ կիրակի օրերին, արձակուրդներին, Հայաստանում եւ Հայաստանից դուրս, 24 ժամ անընդհատ: Իրական կյանքը, ինչպես եւ իսկական (իրական) կրթությունը, անընդհատ է, անհապաղ, պատիժ կամ բեռ չէ: Սա ծրագիր է, որտեղ առաջին տեղում անհատի ու հավաքանու` որպես համատեղ սովորողների եւ սովորեցնողների ստեղծական աշխատանքն է: Կրթություն կյանքով ու կյանքի համար, որովհետեւ հակառակ դեպքում չի հասկացվում` այդ ժամանակը, ջանքերը, ռեսուրսը ինչի՞ համար են ծախսվում: Ծրագրի իրագործման այն փուլում ենք, որտեղ ես ուզում եմ երկու հանգամանք շեշտել. առաջինը` կրթական ծրագիրը դառնում է ուսումնական աշխատանք, որ երեխան պիտի կատարի նաեւ տանը: Այսինքն` մենք սկսում ենք որպես մեր միջավայրի մաս դիտել յուրաքանչյուր ընտանիք եւ ընտանեկան գործունեություն: Եվ ծնողը ոչ միայն իրավունք ունի մասնակցելու, այլեւ խրախուսվում է նրա մասնակցությունը, որովհետեւ տեղի է ունենում ծնողի հմտությունների, կենսափորձի փոխանցում: Ուղղակի մեր կրթական ծրագիրն այնպիսին է, որ ծնողը ոչ թե անգիրն է փոխանցում եւ դառնում կրկնուսույցի նման մի բան, այլեւ դառնում է նաեւ իր կողմից արժեւորվող ստեղծական աշխատանքի լիարժեք մասնակից:

- Այս ազատությունը, թեկուզ եւ ստեղծագործական, չի՞ վախեցնում ձեզ, սովորողների ծնողներին...

- Ազատ հավաքանու կենսագործունեության կարգավորման երկու միջոց կա` ինքնահսկումը եւ ինքնակարգավորումը, որի պտուղները մեզ տեսանելի են. ոչ միայն այլեւս չեն վախեցնում, այլ ոգեւորում են: Մեր սովորողների ծնողներն իրականացնում են կրթություն ընտրելու իրենց ազատությունը` ընտրելով կրթահամալիրի ուսումնական հաստատություններից որեւիցե մեկը: Մենք իրականացնում ենք հեղինակային մանկավարժություն, որն, ի դեպ, ոչ միայն մեր կանոնադրությամբ է արտոնված, այլ նաեւ հանրակրթության մասին ՀՀ օրենքով: Կրթության եւ գիտության նախարարությունը, որ քննարկել եւ ընդունել է ինչպես մեր զարգացման ծրագիրը, այնպես եւ պայմանագրի ձեւ ստացող ամենամյա ծրագրերը, մեր կողմից իրականացվող կրթական ծրագրի պատվիրատու է: Ի դեպ, կրթության բարեփոխումների այս փուլում կրթական հաստատությունները պետք է ավելի համարձակ իրացնեն իրենց ստեղծագործական ներուժը, հասարակության տարբեր խմբերի եւ պետական աջակցությամբ մշակեն եւ իրականացնեն հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով հեղինակային, նորարարական, փորձարարական ծրագրեր` սրանով հարստացնելով, անհատականացնելով, կրթական պետական ծրագիրը: Մեր փորձը այս առումով եւս բաց է, օգտակար յուրաքանչյուրի համար:

- Պարոն Բլեյան, քանի որ կրթական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեք, ուզում եմ իմանալ` այսօր մեզանում կրթությունը որքանո՞վ է արժեւորված: Աշակերտը ի՞նչ արժեքների կրող պետք է լինի, հատկապես երբ պատանիների շրջանում այդքան տարածված է «լավ տղայի» սինդրոմը:

- Լավ թե վատ` սա կյանքն է, իրականություն, որի մեջ մենք ոչ միայն ապրում ենք, այլեւ սովորում: Չես փախչի: Խորհդային շրջանում էլ կար այդ գողը, զոռբան, ցեխավիկը, ռայկոմի քարտուղարը, ու ազդում էին մարդկանց վրա: Հարգելի մեծեր, լայն հասարակություն, իշխանություն, ուզո՞ւմ եք օգնել կրթությանը` այն արդիականացրեք, արագ փոխեք կյանքը, այն դարձրեք ավելի կիրթ, վերացրեք խորացող անդունդը օրենքների աշխարհի եւ իրականության միջեւ: Ամենակարեւորը հեռանկար հաղորդելն է սովորողին: Մեր կրթական ծրագիրը ակտիվ դիրքորոշման, իր գործունեությամբ շրջապատը փոխող ակտիվ մարդու ուսուցման ծրագիր է: Եթե ես կամ դուք զբաղված ենք իրական ստեղծական աշխատանքով, կլանված ենք, ձեր նշած այդ բացասական ֆոները սկսում են մեզ վրա չազդել, չխանգարել, մեզ գործից չկտրել. դրանք այդպես հաղթահարվում են: Իսկ եթե մարդը, ինչպես երեխան դասարանում, գործով կլանված չէ, նա անպայման սկսում է փնտրել նոր թեմաներ, նոր դեմքեր, նոր հերոսներ եւ գտնում է, եւ կգտնի:

- Այնուամենայնիվ, դասագրքերն այսօր էլ համարվում են դպրոցի թույլ կողմերից մեկը: Ի՞նչ կասեք այդ առիթով:

- Իհարկե, դասագրքերը վատն են: Ո՞ւմ են ուղղված: Այսօրվա սովորողին ուղղված չեն, արդիական նյութի գրավիչ պատումը չեն, միտք ու ճաշակ կրթող չեն: Անհաղորդ են ոչ միայն սովորողին, նաեւ ուսուցչին: Դասագրքերի շրջանառու հիմնադրամը (4-5 տարին մեկ «փոխվող» գրքեր) իր գործը արել է: Տպագրական թարմությամբ վիճակը չես փոխի: Դասագրքաստեղծման ազատական (արդիական) համակարգի ներդրումն ուշանում է: Նախ` դասագիրքը, լավ թե վատ, սուրբ գիրք չէ, միակը (թեկուզ երկուսը) չի կարող լինել: Որպես առաջին քայլ` հեղինակային (նորարարական, փորձարարական) մանկավարժական ծրագիր իրականացնողները պիտի հնարավորություն ունենան օգտվելու դասագրքերի վարձակալության գումարների` իրենց հաշվին կուտակած միջոցներից, որ ստեղծեն այլընտրանքը: Էլ չեմ խոսում մեդիամիջոցների ազատ գործածման մասին: Նախարարությունը պիտի հանդես գա, իհարկե, սովորողի կրթական իրավունքի պաշտպանության դիրքից` հսկելով, որ ուսումնական նյութերը (տպագիր թե էլեկտրոնային, քանիսն ուզում են լինեն` թող կրթական շուկան որոշի) բավարարեն միջնակարգ կրթության չափորոշիչների եւ սովորողի առողջության (տեսողական, լսողական, հոգեկան) պահպանման եւ անհատական իրավունքների հարգման պահանջներին: Նախարարությունը պիտի ակտիվորեն ձեւավորի ուսուցման ամենատարբեր միջոցների ազատ կրթական շուկան` իրացնելով հանրապետության գիտա-մանկավարժական ներուժը: Միայն այս պայմաններում մենք կունենանք իրական սովորող դպրոց` ուսուցչի եւ նրա հետ համագործակցող մասնագետի իրական հետազոտական աշխատանքով, որն է ուսուցման բովանդակությունը (ծրագրեր, ուղեցույցներ) եւ ուսուցման միջոցները (ձեռնարկներ, նյութեր): Մենք մեր առաջարկները հիմնավորված ներկայացրել ենք նախարարություն, դրանք քննարկման փուլում են: Սա է ճանապարհը ակտիվ, պատասխանատու ուսուցչի եւ դպրոցի: Իսկ նա, ով ակտիվ վիճակում է, չի փնթփնթում, չի դժգոհում, որովհետեւ ինքը պետք է պատասխան տա համայնքի, դպրոցի, խորհրդի, ծնողի, նախարարության առջեւ:

- Քաղաքականության դասեր էլ ունե՞ք:

- Մենք ունենք քաղաքագիտության խորացված ուսուցմամբ 10-րդ դասարան: Քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը` որպես դասընթաց, որպես հանրակրթության բաղկացուցիչ մասեր, եռամյա ավագ դպրոցում չեն կարող չլինել: Նոր հասարակագիտական դասընթացն էլ չի կարող շրջանցել քաղաքականությունը՝ որպես հասարակական գործունեության ձեւերից մեկը, որը նաեւ մարդու (սովորողի, ուսուցչի) անօտարելի իրավունքն է: Անթույլատրելին դիրքի գործածումն է կուսակցական քարոզչության համար, ինչպես անթույլատրելի է, որ ուսուցիչը, տնօրենը կարող են մասնակցել ընտրակեղծիքի, մարդու իրավունքի որեւէ տեսակի ոտնահարման եւ անմեղ տեսքով մտնել դասարան, կարծես ոչինչ չի եղել: Ժպտալ, ժպտալ ու սիրկա լինել, - ասում էր արքայազն Համլետը: Դպրոցը չի կարող չլինել բաց կրթական համայնք, երբ երեխան ապրում է իրագործված իրավունքներով, այդ թվում՝ ազատ արտահայտվելու իրավունքը: Կրթությունն ունի երկու առանձնահատկություն. ուսուցման ողջ ընթացքում դու պետք է անպայման պաշտպանես երեխայի իրավունքը եւ ապահովես անհատական հիգիենան (պաշտպանես նրա առողջությունը): Դու չես կարող ասել, որ ես քո իրավունքը ոտնահարում եմ, քո արժանապատվությունը ստորացնում եմ, քեզ արտահայտվելու իրավունքից զրկում եմ, քեզ հիվանդացնում եմ չջեռուցվող ու ոչ հիգիենիկ միջավայրում հանուն քո ապագայի. չկա այդպիսի բան: Մենք փորձում ենք ամբողջապես նոր կազմակերպում ստեղծել, որտեղ գլխավոր գործող անձը ստեղծագործող անհատն է, ստեղծական միտքը պատկանում է ուսուցչին, ծնողին եւ երեխային, եւ որտեղ հնարավորություն է ստեղծվում, որ հասարակությունն իր ամենաակտիվ մասով կարողանա մասնակցել ավելի որակյալ կրթության ձեւավորմանը: Հասարակությունը պիտի ունենա այդ հնարավորությունը: Սա է իրական կրթական քաղաքականությունը, մեզ ժառանգված կրթության իրական բարեփոխումը:

- Պարոն Բլեյան, սակայն մեր արժեհամակարգում է շատ բան փոխված:

Առաջ ասում էին` սովորիր, որ լավ մարդ դառնաս, հիմա երեխայի երազանքը քրեական դառնալն է:

- Մի՛ ընդհանրացրեք: Ուսումնատենչ երեխաների մեծ խմբի հետ ես աշխատում եմ ամեն օր: Դրանց մեջ ե՛ւ գիտնական, ե՛ւ արվեստագետի, ե՛ւ արհեստավորի տաղանդն ու մղումը կա: Շատ որակներով իրենց ուսուցիչներին գերազանցում են նաեւ. ուրախանանք: Բայց մտածել, որ կրթությունը առանձին վերցրած մի բան է, որ կարելի է դպրոցը մեկուսացնել հասարակությունից, դա էլ հեքիաթ է: Ընդհակառակը, մենք մեր մանկավարժության մեջ փորձում ենք բոլոր անջրպետները վերացնել` դպրոց-ընտանիք, դպրոց-հասարակություն: Դա շատ կարեւոր է, եւ դրա համար մենք անընդհատ տարբեր հաստատություններից նոր մասնագետներ ենք ներգրավում, ունենք բազմաթիվ գործընկերներ եւ յուրաքանչյուրին դիտում ենք որպես ներդրող: Հասարակությունն իրեն պետք է պատասխանատու զգա այսօրվա կրթության որակի համար: Այսօր օլիգարխը պետք է պատասխանատու զգա եւ պետք է ներդրում կատարի կրթության մեջ, հենց դպրոցական կրթության մեջ: Մենք հասանք նրան, որ մեր ծնողը դարձավ ներդրող, այսինքն` կրթահամալիրի լրացուցիչ կրթական ծառայությունները դարձան իր ներդրումը երեխայի կրթության որակի մեջ:

- Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների մեջ ի՞նչն է Ձեզ ամենաշատը անհանգստացնում:

- Ժամանակից հետ մնալը, անընդհատ ժամանակավրեպ լինելը: Նոր ժամանակի, նոր կրթության պահանջ ասելով, ես շեշտում եմ, նկատի ունեմ, որ ժամանակը, ինչպես քաղաքակրթությունը, մեկն է: Ցավոք, ե՛ւ մեր հասարակական կյանքը, ե՛ւ մեր կրթական համակարգը շատ դանդաղ են արձագանքում այդ քաղաքակրթության պահանջներին: Հավաքական դանդաղ ու վատ ենք գործում:

- Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ դանդաղ եւ վատ ենք անում:

- Հիմնականում ծուլությամբ եւ ընդունակության պակասով, փոփոխությունների հատվածականությամբ: Սրանք անընդհատ բերում են ձեւամոլության, եւ նոր ձեւերի մեջ հին իրողություններն են գոյատեւում: Մեր կյանքի մյուս ոլորտները չենք փոխել, չենք կենտրոնացել կրթության վրա: Ծուլությունն ու անհուսություն դարձած անհավեսությունը պետք է հաղթահարվեն: Մեր կյանքի այս նոր 20 տարում մեր համերաշխ, ստեղծական աշխատանքով պետք է ծաղկեցրած լինեինք այս «մի քանի սար ու ձոր Հայաստանը» (Հրանտ Մաթեւոսյան), ու այն ներկայանար այսօր մեզ ու աշխարհին որպես պարտեզ: Եվ դրա պարտիզպանը պետք է լիներ մարդը` առաջին դասարանցուց մինչեւ ես ու Դուք: Որովհետեւ եթե Հայաստանը պարտեզ չէ, ուրեմն մենք պարտիզպան չենք, եթե մենք այդ պարտեզի հավատարիմ պահապանը չենք, այդ պարտեզի հավաքարարը չենք, ապա ովքե՞ր ենք մենք, եւ ինչո՞վ է զբաղված կրթությունը: Դրա համար էլ վիճակն այնպիսին է` կգողանան, կտրորեն, կկեղտոտեն: Հիմա մենք այն վիճակում ենք, որ ինձ թվում է` յուրաքանչյուրն իրենից պետք է սկսի, կենտրոնանա իր անելիքի, իր արածի եւ չարածի վրա: Սա արդեն այնքա՜ն անլուրջ-անուժ հասարակություն է, որ այլեւս քննադատելդ էլ չի գալիս:

- Պարոն Բլեյան, արդյոք երեխային կրթելու ճանապարհով հնարավո՞ր է հասնել ցանկալի արդյունքների, նկատի ունեմ վաղը նրա շնորհիվ ունենալ այլ հասարակություն, քաղաքացիական հասարակություն:

- Անհոգնել-անընդհատ ասում եմ՝ ազատությունն ու խաղաղությունը, ինչպես կրթությունն ու ազատությունը, կյանքն ու դպրոցը, անանջատ են: Դուք ուզում եք մի դպրոցում հարգված տեսնել Աշոտ ու Մարիամ Փաշինյանների արտահայտվելու ազատությունը, երբ նրանց հայրը, ի տես նաեւ դպրոցի եւ ուսուցչի, արտահայտվելու ազատության համար բանտարկվա՞ծ է: Ի՞նչ անենք` հարցնում եք կրթահամալիրի տնօրենին: Պատասխանում եմ` պետք է պասիվ մարդուն դարձնել ակտիվ մարդ, որովհետեւ ակտիվ ուսուցիչը կարող է նաեւ ակտիվ սովորող ունենալ: Եթե ուսուցիչը, տնօրենը, դպրոցը, համայնքը չեն ստանձնում նման պատասխանատվություն, ապա մեր երկրում ի՞նչ կարող է փոխվել եւ ինչո՞ւ պետք է փոխվի: Ես ակտիվ մարդու, ակտիվ քաղաքացու գործընկերն եմ: Ասում եմ՝ կարեւորը սովորող հասարակությունն է, սովորող դպրոցը, սովորող ընտանիքի սովորող ծնողը, սովորող ուսուցիչը. եթե այս ամենն ունենանք, կունենանք նաեւ սովորող երեխա. ո՞ւր պիտի փախչի: Իսկ եթե մենք ուզում ենք նախկինը լինել, բայց երեխան փոխվի, դա պարզապես բարի ցանկություն է, այդպես չի լինում:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.