“Zhamanak” Armenian-American Political Daily

Բարի ճանապարհ մաղթեցին զմիմիանս

18:47 Yerevan | 14:47 GMT | Sunday 7 February 2010

Մարինե Խառատյան

Բարի ճանապարհ մաղթեցին զմիմիանս
Պլատֆորմը տապալվեց

Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պլատֆորմով միացած «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցությունները երեկ միմյանց բարի ճանապարհ մաղթեցին:

Այլեւս նաեւ համատեղ հանրահավաքներ չեն լինի:

«Եթե իրենց հանրահավաքները լինեն հանուն արձանագրությունների վերապահումներով վավերացման, իհարկե` չենք մասնակցի», - երեկ մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով. «Հոկտեմբերի 10-ից առաջ մենք միասին պայքարում էինք, որ արձանագրությունները չստորագրվեն: Մինչեւ հունվարի 12-ը մենք պայքարում էինք, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի որոշումը, եւ միայն այդ որոշումից հետո է, որ Դաշնակցության կարծիքով` պետք է ընդունվեն վերպահումներով: Մեզ համար դա անընդունելի է, եւ դա որեւէ կերպ չի խմբագրելու թուրքական նախապայմանները: Ուստի այդ առթիվ համագործակցություն, հանրահավաքներ չեն կարող լինել: Հետեւաբար` յուրաքանչյուր ուժի մնում է ընդամենը շարժվել իր քաղաքական օրակարգով»:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությունը, որ Դաշնակցության հետ այլեւս անհնար է իրենց համագործակցությունը, եւ «Ժառանգությունը» Դաշնակցությանը բարի ճանապարհ է մաղթում, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանել է. «Անշուշտ, մեծ ողբերգություն չի լինի, եթե յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաեւ մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք: Մենք համախմբվել ենք ընդամենը մե՛կ խնդրի շուրջ համագործակցելու համար», - ի պատասխան ասել է Շահբազյանը` շարունակելով. «Համենայնդեպս, կցանկանայի իսկապես պաշտոնական խոսք լսել, որովհետեւ, այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել, մանավանդ, որ առաջիկայում քննարկելիք խնդիրներ ունենք եւ գործողությունների ծրագիր պետք է մեր գործընկերների հետ ճշգրտենք: Այնպես որ, անելիք կա, իսկ եթե որեւէ մեկն այս ճանապարհին կորոշի, որ ինքն ավելի ճիշտ կամ խելացի ուղի պետք է ընտրի, գործելակերպ է հստակեցրել, բարի ճանապարհ, կցանկանանք մեծ հաջողություններ, նույնիսկ կմիանանք նրանց, ովքեր որ իսկապես ավելի խելոք ճանապարհով կգնան»:

«Ժառանգությունը» նման բան չի ասել: «Ժառանգությունն» ասել է, որ անցյալում, ներկայում եղել են եւ կան բազմաթիվ տարաձայնություններ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Եվ միակ խնդիրը, որ համագործակցության եզր է ապահովել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», դա հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ դիրքորոշումների նույնությունն է, բայց ոչ լուծումների կամ պատկերացումների եւ քայլերի», - մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` շարունակելով. «Եվ եթե իրենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո կողմ են վերապահումներով արձանագրություններին, «Ժառանգությունը» շարունակում է «դեմ» մնալ դրան: Հետեւաբար, կարծեք թե մեր ճանապարհներն էլ տարբեր են երեւում: Քանի որ Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարել է, թե իրենք գնալու են իրենց ճանապարհով, մեզ մնում է գնալ մեր ճանապարհով»:

Ըստ Սաֆարյանի` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» տարբեր քաղաքական օրակարգերով ուժեր են եւ հետեւաբար մեկը մյուսին չեն կարող փոխարինել: «Անգամ հայ-թուրքական հարաբերություններում մենք ունենք տարբերություններ, ինչը մամուլում նշել է նաեւ Վահան Հովհաննիսյանը: Ժողովուրդը ինքն է ասելու` ով է ընդդիմություն: Որեւէ մեկի գնահատականը տվյալ պարագայում էական չէ: Եվ ժամանակը պետք է տա պատասխան, թե ով ինչ հարցերով է ընդդիմադիր»: Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի` ո՞վ է ընդդիմություն հարցը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում բարձրացրել է ՀՅԴ ներկայացուցիչը. «Մենք համաձայն ենք Վահան Հովհաննիսյանի մտքին, որ «Ժառանգության» եւ Դաշնակցության տեսակետները էապես տարբեր են»:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.