“Zhamanak” Armenian-American Political Daily

Իրավապաշտպանը «շոկի» մեջ է. նրան արդարացրին

18:46 Yerevan | 14:46 GMT | Sunday 7 February 2010

Էլմիրա Մարտիրոսյան

Իրավապաշտպանը «շոկի» մեջ է. նրան արդարացրին
Իրավապաշտպանը ոչ մի ոստիկան էլ չի ծեծել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Գագիկ Ավետիսյանի, երեկ արդարացրեց Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին, քանի որ ոչ բավարար ապացույցների հիմքով մեղադրող Հունան Բաբայանը հետ վերցրեց մեղադրանքը:

Արշալույս Հակոբյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ իր համար անսպասելի էր դատարանի արդարացման դատավճիռը (աչքի առաջ ունենալով հայաստանյան իրականությունը), եւ որ իրենք պատրաստվել էին` մեղադրանքի դեպքում կրկին ժամանակ վերցնել` հետագա քայլերի համար: Մեր հարցմանն ի պատասխան` իրավապաշտպանն ընդունեց, որ արդարադատություն, այնուամենայնիվ, կա` նշելով, սակայն, որ արդարացման հասնելու հարցում մեծ էր նաեւ միջազգային, հայաստանյան որոշ իրավապաշտպան կազմակերպությունների, Հայ Ազգային Կոնգրեսի դերը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել ու իր կողքին են եղել:

Հիշեցնենք, որ 2009-ի հունիսի 5-ի առավոտյան Հելսինկյան ասոցիացիայի անդամ, ֆոտոլրագրող Արշալույս Հակոբյանին զանգահարել են Հատուկ քննչական ծառայությունից եւ հրավիրել ցուցմունք տալու մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններում Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում կատարված միջադեպի կապակցությամբ, որի մասին Հակոբյանը հայտարարություն էր ներկայացրել ՀՔԾ: Այդ ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներն ու անհայտ անձինք խոչընդոտել էին Արշալույս Հակոբյանի եւ Միքայել Դանիելյանի կողմից` դիտորդական առաքելություն իրականացնելուն եւ շատ կոպիտ ձեւով` սպառնալիքներով դուրս հանել տեղամասից:

Արշալույս Հակոբյանը հրաժարվել է հեռախոսազանգով ներկայանալ ՀՔԾ` պահանջելով պաշտոնական ծանուցագիր, սակայն երկու ժամ անց նրա տուն են ներխուժել Կենտրոնի բաժնի երկու ոստիկաններ` իրենց հետ բերելով մի ծանուցագիր, որտեղ նշված չի եղել, թե Արշալույսը ինչ կարգավիճակով եւ ինչ գործով է հրավիրված ՀՔԾ: Արշալույսը հրաժարվել է ստորագրել, որից հետո սկսել են համոզել` ճնշում գործադրելով: Ի վերջո, Հակոբյանը ստորագրել է ծանուցագիրը, սակայն վատ տեսողության պատճառով ստորագրել է թղթի` սխալ հատվածում, ինչն էլ առաջացրել է ոստիկանների զայրույթը, դարձել երեխաների, ընտանիքի անդամների ներկայությամբ վեճ հրահրելու պատճառ, որից քիչ անց էլ օգնական ուժեր են եկել ոստիկանությունից եւ Հակոբյանին ծեծելով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար` ոստիկանության տարածած հետեւյալ հաղորդագրության շրջանակներում. «...Արշալույս Հակոբյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, ինչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ եւ շարունակելով հայհոյանքները` բռունցքով հարվածել նրան եւ ապտակել մյուս ոստիկանին»: Ինչից հետո իրավապաշտպանը կալանավորվել է:

Փաստորեն, դատախազությունը եւ դատարանը հաստատեցին, որ դա սուտ է: Առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու իրավապաշտպանը արդարացումից հետո` դեռ պարզ չէ. ասաց, որ «շոկի մեջ է» եւ դեռ պետք է մտածի:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.