|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում18:42 Yerevan | 14:42 GMT | Saturday 4 October 2008Հեղինե Մանուկյան «Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ ցանկ էր: Բարի մտադրությունները որեւէ մեկը չի վիճարկում: Նրա ուղերձում կան ճշմարտություններ, որոնք կարող է կրկնել ցանկացած մարդ: Այլ խնդիր է` հասարակությունն ինչ ակնկալիք ուներ այդ ուղերձից», - նախօրեին ժողովրդին ու ԱԺ-ին ուղղված Ս.Սարգսյանի ուղերձին երեկ «Տեսակետ» ակումբում այսպիսի որակում տվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ապա հավելեց. «Եթե մենք սիրողական մակարդակով սոցիոլոգիական հարցում անցկացնենք, կհամոզվենք, որ հասարակությունը, եթե սպասելիք էլ ուներ այդ ուղերձից, ակնկալում էր համաներման մասին հայտարարություն: Այսինքն` ինչ էր սպասում լսել հասարակությունը եւ ինչ լսեց, կարծում եմ, ադեկվատ չէր: Երկրի առաջին դեմքը պետք է անսա հասարակական տրամադրություններին, ուղերձը պետք է ուղղված լինի քաղաքական եւ հասարակական համերաշխությանը, պետության առջեւ կանգնած առաջնային խնդիրների ամրագրմանը»: «Տեսակետի» հյուրը նկատեց, որ Ս.Սարգսյանի ուղերձից բացարձակապես չի երեւում, որ երկրում կան կալանավորներ, եւ որ տեղի է ունեցել մարտի 1: «Եթե մենք ապրեինք այլ երկրում, ստանդարտ իրավիճակներում, գուցե ուղերձի բովանդակության դեմ որեւէ ասելիք չլիներ, բայց մենք ապրում ենք այսօրվա Հայաստանում, որտեղ հաղթահարված չեն մարտի 1-ի հետեւանքները, կան բազում խնդիրներ, որոնց Ս.Սարգսյանը պարտավոր էր անդրադառնալ», - ասաց բանախոսը: Վերջինս նաեւ հակադարձեց Ս.Սարգսյանի ուղերձում նշված այն դիտարկմանը, թե պատրաստվում է առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին. «Ս.Սարգսյանն իր հոգու խորքում գիտի, որ քաղաքական էլեկտորատի 80 տոկոսը գտնվում է խորհրդարանի պատերից դուրս եւ նման դեպքերում շատ կուզենա արտախորհրդարանական ուժերի հետ աշխատել: Մենք նման սխեմայով համագործակցություն չենք պատկերացնում: Խնդրեմ` մենք առաջարկել ենք լուծման տարբերակ` ԱԺ ու նախագահի արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները գտնում են, որ առկա լարվածությունը կարող է լուծվել այլ տարբերակով, մենք պատրաստ ենք լսել նաեւ նրանց առաջարկները: Որպեսզի վիրտուալ չլինի, թող կոնկրետ բան ասեն` ինչպե՞ս են պատկերացնում արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը: Գուցե դա հնարավոր լիներ, եթե մենք չունենայինք կալանավորված ընկերներ: Նախ պիտի ազատության մեջ լինեն մեր բոլոր ընկերները, որից հետո կարելի է մտածել համակեցության, համագործակցության, երկխոսության եւ նման այլ բաների մասին»: Անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 17-ի հանրահավաքին. լրագրողներից մեկը հարցրեց` ինչպիսի՞ն է լինելու այն` «վճռակա՞ն», «բացառի՞կ», թե՞...: Սուրենյանցն ասաց, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որը երբեք հանրահավաքը չի որակում «բացառիկ», «վճռական» կամ այլ մակդիրներով, միաժամանակ արձանագրելով. «Ցանկացած միջոցառում, որին կմասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանը` այդ միջոցառումն ինքնին բացառիկ կլինի, այսինքն` այդ կալիբրի քաղաքական գործչի մասնակցությունը որեւէ միջոցառման դրան հաղորդում է բացառիկություն»: Ս.Սուրենյանցն ասաց նաեւ, որ Համաժողովրդական Շարժման պայքարի նշանաբանը շարունակելու է մնալ անփոփոխ, գլխավոր խնդիրը նույնպես` անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ինչ վերաբերում է տակտիկական հնարքներին. «Կգա հոկտեմբերի 17-ը, եւ Լ.Տեր-Պետրոսյանն ինքը կբացահայտի պայքարի նոր ռազմավարությունը կամ ռազմավարական որոշակի նրբերանգներ»: Անդրադարձ եղավ նաեւ նախօրեին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի կողմից ընդունված կոշտ հայտարարությանը` կապված ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի հետ: Ս.Սուրենյանցն այս առիթով նկատեց, թե այդ հայտարարության մեջ ամրագրվել են բոլոր այն խնդիրները, որոնց մասին ընդդիմությունը բարձրաձայնում է ամիսներ շարունակ, որ «առնվազն 19 դատավարություն կա, որտեղ գործերը թխվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, որ նախաքննությունը արհեստականորեն երկարում է, որ կան քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք եւ այլն»: Բանախոսը նկատեց, թե «այդ մոնիտորինգից հետո ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ Ստրասբուրգում իրենց հետ չեն պատրաստվում խաղ անել եւ հետեւելու են պատժամիջոցներ: Պարտադիր չի, որ դա լինի ՀՀ-ի քվեարկելու ձայնի սառեցման տարբերակով, որը ՀՀ-ին բերելու է աննախանձ վիճակի»: Ս.Սուրենյանցը հարկ համարեց եւս մեկ անգամ շեշտել, որ ընդդիմությունն իր քաղաքական օրակարգը ձեւավորում է անկախ որեւէ երկրի կամ միջազգային կազմակերպության արձագանքից: «Ի վերջո` ԵԽ-ն պետք է ավելի շատ մտահոգ լինի, որպեսզի Հայաստանի իրավիճակին ադեկվատ գնահատականներ տա: Կա ԵԽ-ի հեղինակության խնդիր. ինչքան իրենք անաչառ լինեն, այնքան հասարակության մոտ ԵԽ-ի վերաբերյալ կարծիքը բարձր կլինի: Մենք մեր քաղաքական գործունեությունը կառուցում ենք հաշվի առնելով մեր հասարակության տրամադրությունները: Իհարկե արտաքին գործոնները մեր տակտիկայի վրա որոշակի ազդեցություն ունենում են, եւ մենք դրանք անտեսել չենք կարող», - հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |