|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի18:31 Yerevan | 14:31 GMT | Saturday 4 October 2008Արամ Ամատունի Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը, սակայն երեւի թե դարձավ շաբաթվա հիասթափությունը: Սակայն, այնուամենայնիվ, կարելի է վիճել այն մարդկանց հետո, որոնք ասում են, թե Ս.Սարգսյանն, ըստ էության, ոչինչ չասաց: Նա ասաց եւ նույնիսկ` ասաց ավելին, քան կարելի էր սպասել: Հիմա արդեն պարզ է, թե ինչու, երբ մեզանից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ պատերազմ էր, երբ մեր տրանսպորտային ցամաքային կապն աշխարհի հետ գրեթե ընդհատվել էր, երբ, ըստ էության, տարածաշրջանում արդեն շունը տիրոջը չէր ճանաչում, երբ Հայաստանում մոլեգնում էին բենզինի հերթերը, մեր նախագահն իր Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին շարունակում էր անվրդով վայելել Պեկինի ամառային օլիմպիադան եւ շնորհավորանքներ փոխանակել Իլհամ Ալիեւի հետ: Բանից պարզվում է, որ նա նախապատրաստում էր իր նախագահական ուղերձը, որ պետք է հնչեցներ օլիմպիադայից երկու ամիս հետո` Հայաստանի խորհրդարանականների առաջ: Այդ մասին իմացվեց Ս.Սարգսյանի այն խոսքից, երբ նա ուղերձի մեկնարկին որպես հաջողությունների էտալոն մատնանշեց Չինաստանը` հարցնելով, թե արդյոք գիտե՞նք` օլիմպիադայում Չինաստանի աննախադեպ հաջողության գաղտնիքը որն էր, եւ ինքն էլ պատասխանելով, որ գիտենք, այսինքն` առնվազն ինքը գիտե, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել իր աչքի առաջ: Եվ հետո Ս.Սարգսյանը նախագահական ուղերձում պատմեց չին ծանրորդի համաշխարհային ռեկորդի հուզիչ պատմությունն այն մասին, թե ինչպես է ծանրորդը մեկ անգամ բարձրացրել ռեկորդային ծանրությունը, բայց դատավորները չեն հաշվել (երեւի «հեռախոսային արդարադատության» պատճառով), բայց չին մարզիկը չի երկնչել եւ երկրորդ անգամ է բարձրացրել ու հաղթել: Իսկ հաղթանակի պատճառը, ինչպես նկատել է Ս.Սարգսյանը, եղել է ոչ թե մկանների, այլ գլխի մեջ, գիտակցության մեջ (երեւի մարզիկը ֆայմել է, որ պետք է հեռախոսի լարը կտրել, որ դատավորները արդար դատեն): Առաջին հայացքից նախագահական ուղերձի այդ հատվածը շատերին կարող է թվալ ընդամենը հատված պեկինյան օրագրերից կամ հուշեր պեկինյան օրերից: Սակայն իրականում այդ հատվածն է հենց, որ կարեւոր երանգ ունի նախագահական ուղերձի մեջ եւ, ըստ էության, բացահայտում է դրա ամբողջ փիլիսոփայությունը: Ս.Սարգսյանը ամենեւին էլ պատահական չէ, որ հաջողությունների մոդելի օրինակ բերեց հենց Չինաստանը: Չէ՞ որ աշխարհում կան շատ այլ երկրներ, որոնք ունեցել են մարզական աննախադեպ հաջողություններ: Օրինակ` Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ եղել է օլիմպիական խաղերի առաջատարը: Կարելի է այլ օրինակներ բերել, սակայն Ս.Սարգսյանը մատնանշեց Չինաստանը` որպես հաջողությունների մոդել, գաղտնիք` ասելով, որ հենց դա է Հայաստանի հաջողության ամենահարմար ճանապարհը: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է Չինաստանը... Չինաստանն այսօր, ըստ էության, վեր է ածվել որոշակի բրենդի: Այն ընկալվում է որպես տնտեսական զարգացման չափորոշիչ, որպես աճի խորհրդանիշ: Սակայն ի՞նչ է տիրում իրականում Չինաստանի ներսում` շատ հակասական եւ հարաբերական հարց է: Կան մի քանի քաղաքներ, որոնք փայլում են եւ լողում լույսերի մեջ, սակայն դրանից դուրս կյանքը Չինաստանում, ըստ էության, կանգառի վիճակում է: Չինական տնտեսական աճի զգալի մասը գնում է ռազմական ոլորտին, իսկ մյուս մասն էլ պետության պատժիչ մեքենայի հզորացմանը, իսկ բուն հասարակությունը այդ տնտեսական աճից օգտվում է այնքան, ինչքան կորոշեն իշխանությունները, եւ այնտեղ, որտեղ կորոշեն իշխանությունները: Այսինքն` կա երկու Չինաստան. մեկը աշխարհի համար, մյուսը` այն, որտեղ ապրում են հարյուր միլիոնավոր չքավոր մարդիկ, որոնք թե կենցաղ-մշակութային, թե սոցիալ-տնտեսական առումով կարող են անգամ Հայաստանի սահմանամեձ գյուղերին նախանձել: Եվ վերջապես` Չինաստանը ամբողջատիրական կառավարմամբ երկիր է, որտեղ բոլորին պարտադրված է մեկ գույն, մեկ գաղափար, իսկ անհնազանդներին էլ գնդակահարում են Տյանանմեն հրապարակում: Բնական է, որ մարտի 1 արած իշխանության համար հաջողության էտալոնը պետք է լինի Չինաստանը: Մեզ համար չեն կարող հաջողության ճանապարհ համարվել բազմակարծության, անհատի ազատության ապահովման վրա կառուցված պետությունները, որտեղ այլախոհությունը, բոլոր առումներով ինքնարտահայտման ազատությունն է եղել շարժիչ ուժը, ոչ թե պետական մամլիչը, որտեղ որեւէ հարցում իշխանությունից տարբեր կարծիք հայտնող մարդուն չեն հռչակել պետության թշնամի կամ ազգի դավաճան, կամ էլ արտաքին ուժերի սպասարկու եւ չեն գնդակահարել: Այդ երկրների համար առաջնայինը եղել է մարդու, քաղաքացու, ոչ թե պետության հաջողությունը, որովհետեւ եթե հաջողակ են քաղաքացիները, ապա հաջողակ է պետությունը: Երբ առաջնային պլան է մղվում պետությունը, ոչ թե քաղաքացին, ապա օլիմպիադաներում միգուցե լինում են աննախադեպ հաջողություններ, սակայն առօրյա կյանքում իշխում է մոխրագույնը, միջակությունը, թշվառությունը, որին, սակայն, կամաց-կամաց քշում են անկյուններ, էլիտար շինարարության պատրվակով կենտրոնից մղում են ծայրամասեր` նախ քաղաքի, հետո երկրի, իսկ վերջում միգուցե մոլորակի: Նախագահական ուղերձը հստակ ի ցույց դրեց, որ այս իշխանությունները գերակա համարում են իրենց հաջողությունը` այդ հաջողության մեջ տեղավորվելը համարելով քաղաքացիների խնդիրը: Ինչպես ուզում ես տեղավորվիր: Չես կարող, ուրեմն կամ գնա անկյուն, ծայրամաս, կամ այն երկրներ, որտեղ քաղաքացին է պետության սկզբնաղբյուրը, ոչ թե պետությունը քաղաքացիների: Պետությունը կարող է լինել միայն ուժի սկզբնաղբյուր, եւ եթե այդ պետությունը քաղաքացիների արդյունք չէ, ապա պետության ուժը կոտրվում է քաղաքացիների գլխին: Սա կարող է թվալ անորակ փիլիսոփայություն: Բայց մեր դեպքում սա կյանք է, կյանք, որը ապրում ենք, եւ կյանքը, որը մեզ նախանշում են ապրել Չինաստանի օրինակով, կյանք` օլիմպիադաների արանքում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |