|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել18:21 Yerevan | 14:21 GMT | Saturday 4 October 2008Էմմա Գաբրիելյան IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին կազմակերպել` «Հայ-թուրքական դիվանագիտություն. հայացք Թուրքիայից եւ հետեւանքները թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար» թեմայի շրջանակներում: Զեկուցողներն էին` «Jane's Information Group»-ի վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը եւ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Դիտարկելով պաշտոնական Անկարայի նախաձեռնությունը` Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ստեղծելու նպատակով, ամերիկահայ փորձագետ Ռ.Կիրակոսյանը նկատեց, որ դրանում որեւէ նոր երեւույթ չկա, նման նախաձեռնություններով հանդես են եկել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` «Ընդհանուր տան» գաղափարով, ինչպես նաեւ ԵՄ-ի առաջարկած ծրագրերը. «Քանի տարի է, ինչ սահմանները փակ են, առկա է չկարգավորված հակամարտություն, ինչո՞ւ հենց այս պահին Թուրքիան հանդես եկավ այս նախաձեռնությամբ», - հարց ուղղեց Ռ.Կիրակոսյանը եւ շեշտեց, որ օգոստոսյան իրադարձությունները` վրաց-ռուսական պատերազմը արագացրեց այս գործընթացը, ընդ որում` «օգոստոսյան իրադարձությունները» փորձագետը որակեց որպես «Սահակաշվիլու ռազմավարական ինքնասպանություն»: Օգոստոսյան դեպքերի ազդեցությունը տարածաշրջանի վրա դիտարկելիս փորձագետը առանձնացնում է` վրաստանյան իրադարձություններ-ՌԴ շահեր-ժամկետներ կտրվածքով: Այդ նախաձեռնության հանդես գալով թուրքական ղեկավարությունը նպատակ ուներ իր ռազմավարական ուղղությունները նորից սահմանել` գտնում է Ռ.Կիրակոսյանը. «Նախ Թուրքիան անկախություն, ինքնուրույնություն է ձգտում ցուցաբերել, Թուրքիան այլեւս չի ցանկանում կախվածության մեջ լինել Վրաստանից` էներգակիրների առումով, ինչպես նաեւ Թուրքիան չի ցանկանում կախվածության մեջ լինել Միացյալ Նահանգներից, եւ այս առումով այդ նախաձեռնությունը ոչ թե բխում է ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի շահերից, այլ բխում է նախեւառաջ Թուրքիայի շահերից: Ընդհակառակը` այդ նախաձեռնությունը ընդգծում է լարվածության առկայությունը Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, եւ այն բխում է ՌԴ շահերից», - հայտարարեց Ռ.Կիրակոսյանը` հավելելով, որ Թուրքիան հարգում է ՌԴ շահերը տարածաշրջանում եւ, բացի այդ, նախաձեռնությամբ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս` եթե նախկինում Թուրքիան դեպի արեւմուտք` Բրյուսել էր դիտում, այժմ հնարավորություն ունի վերջապես նայել դեպի արեւելք: Փորձագետի կարծիքով` Անկարայի նախաձեռնությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ավանդական հարաբերությունների լուրջ փոփոխության պատճառ կարող է հանդիսանալ, եւ Թուրքիայի յուրաքանչյուր քայլը, որն ուղղված կլինի Հայաստանի հետ փոխհարաբերությունների կարգավորմանը, ուղղված կլինի Ադրբեջանի դեմ: Վերջին շաբաթներին Ստամբուլում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում թուրք պետական այրերը Ռ.Կիրակոսյանին ասել են, որ Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները փոխվել են. նախագահ Գյուլի այցը Երեւան Թուրքիայում համարում են պատմական իրադարձություն եւ գտնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը Թուրքիայի արեւելյան հատվածում: «Բացի այդ, Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը ինչ-որ կերպ կթուլացնի լարվածությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ», - տեղեկացրեց է Ռ.Կիրակոսյանը եւ ավելացրեց, որ Հայաստանի հետ սահմանների բացումը Թուրքիան համարում է որպես հնարավորություն` Ռուսաստանի հետ համագործընկերության ուղղությամբ: Ռ.Կիրակոսյանին մտահոգում է այս կոնտեքստում հայաստանյան գործող իշխանությունների ձգտումը` լեգիտիմության պակասի առկայության պայմաններում արձանագրել արտաքին-քաղաքական ասպարեզում ձեռքբերումներ ու հաղթանակներ. «Թուրքիան ի դեմս Հայաստանի կունենա բավական թույլ գործընկեր: Թուրքիայում նաեւ որոշակի տեսակետ կա, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կարող է տեղաշարժ արձանագրել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում»: Ռ.Կիրակոսյանը, այնուամենայնիվ, ողջունում է թուրքական նախաձեռնությունը երկու պատճառներով. նախ` որ Թուրքիան սկսել է լրջորեն զբաղվել տարածաշրջանային խնդիրներով` հաշվի առնելով ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի շահերը, եւ` որ Կովկասյան պլատֆորմի ստեղծման գաղափարը կարող է անուղղելի վնաս հասցնել թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Պլատֆորմը ընդունելու որպես երկրորդ պատճառ փորձագետը համարում է ոչ միայն սահմանների բացման հնարավորությունը, այլեւ այն, որ սահմանների բացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական-քաղաքական լճացած համակարգի վրա` օլիգարխիկ, մոնոպոլ համակարգի վերացման տեսանկյունից: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` հայ-թուրքական սահմանը այնքան էլ շուտ չի բացվի, եւ եթե նույնիսկ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններում շուտափույթ կարգավորում չլինի, արձանագրվել են լուրջ եւ կարեւոր փոփոխություններ տարածաշրջանում: «Ղարաբաղյան պատերազմի ավարտից hետո հայաստանյան իշխանությունները վարում էին ռեակցիոն արտաքին` կոմպլեմենտար քաղաքականություն», - նշեց նա: Գյուլի այցով եւ Հարավային Օսիայում վրաց-ռուսական հնգօրյա պատերազմով տարածաշրջանում պայմանավորված փոփոխությունները, ըստ Ա.Իսկանդարյանի, ի հայտ են բերել ադրբեջանական պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակների կառուցողական վերաբերմունքը թե ԼՂ խնդրի, թե առհասարակ Հայաստանի նկատմամբ: Նա կարծում է, որ Թուրքիան իր վերջին քայլերով ներկայացրեց Կովկասը յուրացնելու քաղաքականություն, քանի որ Հարավային Կովկասում մինչ այժմ Թուրքիայի վարած քաղաքականությունը, ըստ Ա.Իսկանդարյանի, ընդհանրապես դժվար էր քաղաքականություն համարել: «Այժմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բացառվում է, իհարկե` ոչ ընդմիշտ, բայց ներկայումս դա այդպես է», - նշեց քաղաքագետը: Նա պարզաբանեց, որ 2008թ. սկզբից Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը թափ էր առնում, սակայն այն ընդհատվեց, այժմ Ադրբեջանում ավելի հաճախ են սկսել խոսել հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Քաղաքագետը կարեւորեց այն հանգամանքը, որ սեպտեմբերին Ադրբեջանում պետք է ընդունվեր ռազմական դոկտրին, որում, բացի մնացյալից, խոսվում էր Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ համատեղ պաշտպանական ոլորտի քաղաքականության եւ ռազմական շինարարության ոլորտում երկրների համագործակցության ամրապնդման մասին, մինչդեռ այն այդպես էլ չընդունվեց: «Տեղեկություններ կան այն մասին, որ այդ շեշտադրումները հանվելու են դոկտրինից, եւ որ դրանում Թուրքիան ընդհանրապես չի հիշատակվելու», - տեղեկացրեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով եւս` տարածաշրջանում փոխվում է Թուրքիայի եւ ՌԴ-ի դերը, եւ Բաքուն այդ նոր իրադրության մեջ, հատկապես Երեւան-Անկարա հաղորդակցության մեջ կատարվող փոփոխությունների պատճառով, իրեն ավելի անվստահ է զգում: Փորձագետը նաեւ հավելեց, որ Հայաստանի արտաքին եւ Թուրքիայի ներքին քաղաքականություններից է կախված, թե արդյո՞ք Ադրբեջանում որոշ ժամանակ անց կվերսկսվեն ռազմատենչ հայտարարությունները: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |